Մեր Համայնքից, Մեր Համայնքի Համար
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Գլենդելի քաղխորհրդի ընտրութիւններին մասնակցում է իրաւաբան, հասարակական-քաղաքական գործիչ Լէոնարդ Մանուկեանը, ով նշանակալի ներդրում ունի նաեւ հայ համայնքի կեանքում: Նա քաջածանօթ է Գլենդելի մարտահրաւէրներին՝ քաղաքապետարանի Ծրագրման յանձնախմբում շուրջ տասնմէկ տարի ծառայելու արդիւնքում, եւ նշում է, որ առաջադրուել է, քանզի ունի քաղաքում առկայ խնդիրները լուծելու ծրագիր եւ ռազմավարութիւն:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչը ձեզ մղեց առաջադրուելու, ի՞նչ մարտահրաւէրներ կան այսօր Գլենդելում:
ԼԷՈՆԱՐԴ ՄԱՆՈՒԿԵԱՆ.- Իմ բնաւորութիւնն այնպիսին է, որ երբ որեւէ ոլորտում կարիք կայ, եւ ես էլ կարող եմ զգում խնդիրը լուծել՝ ներգրաւուում եմ: Գլենդելում տարբեր հարցեր եմ տեսնում, որոնք կարգաւորման կարիք ունեն, եւ ես ունեմ լուծումներ, այդ պատճառով էլ առաջադրեցի թեկնածութիւնս քաղաքի կառավարող մարմնում: Ամենամեծ մարտահրաւէրը համարում եմ բնակարանների բարձր վարձը, երկրորդը՝ երթեւեկութիւնը, նաեւ՝ Հարաւային Գլենդելում այգիների բացակայութիւնը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Նախորդ տարի ընդունուեց վարձերը վերահսկելուն ուղղուած օրէնք, ինչը սակայն ոչ բոլոր քաղաքացիները միանշանակ ընդունեցին: Թանկարժէք բնակարաններն ու բարձր վարձերը նաեւ առիթ են դառնում քաղաքի երկարամեայ բնակիչների հեռանալուն: Ի՞նչ լուծում էք առաջարկում:
ԼԷՈՆԱՐԴ ՄԱՆՈՒԿԵԱՆ.- Նախորդ տարի վարձերը վերահսկելուն ուղղուած օրէնք ընդունուեց, որը չի նախատեսում, որ վարձը կ՛իջնի, այլ միայն երաշխաւորում է, որ շատ չի բարձրանայ: Այսօր, քաղաքի վարձակալների մեծամասնութիւնը եկամուտի շուրջ քառասուն տոկոսը ծախսում է տան վրայ: Այս հարցը պէտք է փորձ արուի շտկել քաղաքապետարանի տարբեր ծրագրերի միջոցով:
Վարձերի բարձրացման պատճառներից է այն, որ քաղաքում մեծ թուով թանկարժէք շէնքեր են կառուցուել, որոնց վարձը շատ բարձր է, եւ սա էլ թելադրում է, որ ընդհանուր գները բարձր մնան: Քաղխորհուրդը կարող է մէկ որոշմամբ նման շէնքերի կառուցումը սահմանափակել, այնինչ դրանք շարունակւում են կառուցուել, ինչը խորացնում է խնդիրը: Թողել են, որ շուկան որոշի, թէ որքան եւ որտեղ պէտք է նոր կառոյցներ լինեն, այնինչ, դժբախտաբար, շուկան միայն իր շահի մասին է մտածում եւ ոչ՝ բնակիչների: Այսօր, Գլենդելի բնակիչները հեռանում են եւ հաստատւում Սանլենդում, Թահանգայում, Գրանադա Հիլզում, Նորթ Հոլիվուդում: Մինչդեռ, քաղաքապետարանը կարող է հին շէնքերը վերանորոգել՝ դրանք տրամադրելով որպէս մատչելի բնակարաններ: Ես առաջարկում եմ ընդարձակ ծրագիր այս խնդրի համար, եւ քանի որ իննսունականներից Հայ Դատին եմ ծառայել՝ աւելի ընդգրկուն եմ տեսնում պատկերը: Նախորդ քառասուն տարիներին փորձել ենք մեր քաղաքական ուժը զօրացնել՝ հիմնուելով քաղաքում ունեցած մեր քուէների վրայ, եւ արդիւնքում կարողացել ենք լուծել համայնքի համար առաջնային նշանակութեան բազմաթիւ հարցեր: Այժմ, երբ քուէները պակասում են, ես մտահոգ եմ, թէ ի՛նչ պէտք է պատահի մեր համայնքին: Այս խնդիրը նոր չէ եւ տարիներ է որ կայ, բայց դժբախտաբար, քաղխորհուրդը, եւ այսօր վերընտրուելու համար պայքարող քաղխորհրդի անդամները ոչ մի հիմնաւոր լուծում չեն առաջարկել այս հարցի ուղղութեամբ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ըստ ձեզ՝ ի՞նչն է պատճառը:
ԼԷՈՆԱՐԴ ՄԱՆՈՒԿԵԱՆ.- Միակ բանը որ կարող եմ դատել՝ մարդու կատարած աշխատանքն է եւ թէ ովքեր են ընկերները: Օրինակ, ընտրարշաւի ընթացքում քաղխորհդի երկու թեկնածու, ովքեր ցանկանում են վերընտրուել, եւ մէկ թեկնածու, ով առաջին անգամ է առաջադրուել եւ բացայայտ անշարժ գոյքի ոլորտից է, արշաւի ընթացքում հսկայական դրամներ են ստացել հիմնականում տանտէրերից եւ անշարժ գոյքի գործակալութեան ղեկավարներից: Ըստ այդմ, նշածս թեկնածուները հակուած կը լինեն պահպանել ներկայ իրավիճակը: Իմ կարծիքով, խնդիրն առաւել սուր է Գլենդելում, որտեղ բնակիչների 67 տոկոսը վարձակալ է, եւ բնակարանների թանկացումը մեծապէս ազդում է նրանց կեանքի որակի վրայ: Սա հաշուի առնելով, իրավիճակը պէտք է հիմնովին եւ արագ փոխուի:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր ծրագրում դուք մեծապէս կարեւորում էք հանրային անվտանգութեան հարցը, այգիների ստեղծումը: Ի՞նչ խնդիրներ կան եւ ի՞նչ առաջարկներ ձեր կողմից:
ԼԷՈՆԱՐԴ ՄԱՆՈՒԿԵԱՆ.- Գլենդելը բաւական անվտանգ է ընդհանուր յանցագործութիւնների առումով: Իմ կողմից անվտանգութեան հարցին անդրադառնալը հիմնականում վերաբերւում է երթեւեկութեանը: Ես առաջարկում եմ մեծացնել Գլենդելի ոստիկանութեան երթեւեկութեան բաժանմունքը, կազմել յստակ ռազմավարութիւն եւ ծրագիր:
Անդրադառնալով այգիների հարցին, նշեմ, որ յատկապէս հարաւային Գլենդելում այգիների պակաս կայ: Այդ մասին մշտապէս բարձրաձայնում են նաեւ բնակիչները: Քաղխորհրդի ներկայի անդամներն ասում են, որ այգիների համար տարածքներ չկան, իսկ եթէ կան էլ՝ թանկ են: Իմ կարծիքով, սակայն քաղաքական կամքի առկայութեան դէպքում, հնարաւոր է այդ հարցը լուծել, ինչպէս տարիներ առաջ կառուցուեց «Ամերիկանա»ն: Եթէ հնարաւոր է շուկայ ստեղծել, ինչո՞ւ հնարաւոր չէ այգի կառուցել:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք նշում էք, որ ընտրուելու դէպքում, քաղաքապետարանի տարբեր յանձնախմբերում առիթ էք ստեղծելու ներգրաւել մեծ թուով կանանց եւ վարձակալների: Ինչո՞վ է պայմանաւորուած ձեր առաջարկը:
ԼԷՈՆԱՐԴ ՄԱՆՈՒԿԵԱՆ.- Այս հարցին պատասխանելու համար կը ցանկանայի անդրադառնալ Հայ Դատի յանձնախմբում իմ գործունէութեանը: 80ականներին, Գլենդելի քաղխորհրդում ունէինք միայն մէկ հայ անդամ: Այն ժամանակ մենք պայքարում էինք՝ առաջնորդուելով այն կարգախօսով, որ թէկուզ փոքրամասնութիւն ենք կազմում քաղաքում, սակայն պէտք է տեղ ունենանք եւ մասնակցենք որոշումների ընդունման գործընթացին: 2019թ.ին, քաղխորհրդի հինգ անդամներից չորսը հայեր էին, յանձնախմբերում մեծամասնութիւնը հայեր են, բայց երկու խնդիր կայ:
Առաջինը, որ Գլենդելի բնակչութեան 52 տոկոսը կազմող կանանց միայն 27 տոկոսն է ներգրաւուած քաղաքապետարանի յանձնախմբերում, իսկ վարձակալները, որ քաղաքի բնակչութեան 67 տոկոսն են կազմում՝ ընդհանրապէս ներկայացուած չեն որեւէ յանձնախմբում: Ընտրուելու դէպքում, ստեղծելու եմ պայմաններ, որ կանանց եւ վարձակալների մասնակցութիւնը մեծանայ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր ուղերձը՝ ընտրելու իրաւունք ունեցող բնակիչներին:
ԼԷՈՆԱՐԴ ՄԱՆՈՒԿԵԱՆ.- Այս ընտրութիւններին իւրաքանչիւր ընտրող պէտք է հարց տայ իրեն, արդեօք իր եւ իր համայնքի կեանքն այսօր աւելի լա՞ւ է, քան հինգ տարի առաջ էր, եւ ըստ պատասխանի՝ որոշում կայացնի: Մեր խնդիրները նոր չեն. տարիներ է, որ շարունակւում են, եւ ժամանակն է, որ հիմնաւոր լուծումներ գտնենք: Չմոռանանք խնդիրները դիտարկել նաեւ անձնականից դուրս եւ մտածենք Գլենդելում մեր համայնքի երկարատեւութեան մասին:
Տեղեկանք.- Լէոնարդ Մանուկեանն ընտանիքի հետ ԱՄՆ է տեղափոխուել 1979 թուականին եւ 1986թ.ից բնակւում է Գլենդելում: Համալսարանից ստանալով իրաւաբանի կոչում, Մանուկեանը 25 տարի է աշխատում է իր մասնագիտութեամբ: Նրա գործունէութիւնը ներառում է Գլենդելի քաղաքապետարանում Ծրագրման յանձնախումբը, Դեմոկրատական կուսակցութեան կենտրոնական յանձնախմբում պատուիրակ է: Շուրջ երեսուն տարի, Մանուկեանը հայանպաստ գործունէութիւն է ծաւալել՝ ներգրաւուած լինելով Հայ Դատի յանձնախմբում, ՀՄԸՄ Գլենդելի «Արարատ» մասնաճիւղում, Վահան եւ Անոյշ Շամլեան վարժարանում, Հայաստան հիմնադրամում եւ այլուր:
Յիշեցնենք, որ Գլենդելի քաղխորհրդի ընտրութիւններին, երեք տեղի համար պայքարում է ութ թեկնածու: Ընտրողները հնարաւորութիւն ունեն քուէարկելու երեք թեկնածուի օգտին: Ընտրութիւններն արդէն սկսուել են, եւ Գլենդելի բնակիչները մինչեւ Մարտի 3ը կարող են իրենց քաղաքացիական պարտքը կատարել Լոս Անջելեսի մարզի տարածքում գործող իւրաքանչիւր ընտրատեղամասում, ինչպէս նաեւ՝ փոստով: