«Հայաստանի Գիտութեան Եւ Տեխնոլոգիաների Հիմնադրամի Նպատակն Է Ստեղծել Համապատասխան Միջավայր Հայաստանում Տեխնոլոգիական Նորարարութեան Եւ Գիտութեան Առաջխաղացման Համար»
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Ստորեւ ներկայացնեւմ ենք մեր հարցազրոյցը նորարարական էկոհամակարգերրի՝ բնապահպանական համակարգի մասնագէտ, գիտութիւնների թեկնածու, հիմնադրամի հիմնադիր տնօրէն Արմէն Օրուջեանի հետ.
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր մասնագիտական յագեցած կենսագրութիւնը ներառում է նաեւ ձեռներէցութեան եւ նորարարութեան միջազգային հեղինակաւոր հարթակներից մէկի ստեղծումը, ինչպէս նաեւ՝ պաշտօնավարումը Միացեալ Ազգերի Կազմակերպութիւնում: Ներկայում Հայաստանի գիտութեան եւ տեխնոլոգիաների (արհեստագիտութիւններու) հիմնադրամի հիմնադիր տնօրէնն էք: Ինչպէ՞ս սկսուեց ձեր ուղին եւ ինչպէ՞ս որոշեցիք գործունէութիւն ծաւալել Հայաստանում:
ԱՐՄԷՆ ՕՐՈՒՋԵԱՆ.- Այսօր հիմնական գործունէութիւնս ծաւալում եմ Հայաստանում եւ հիմնադրամի շրջանակներում, հիմնական ուժն ու էներգիան (ուժս) ծախսում եմ, որ Հայաստանում ստեղծուի գիտութեան եւ տեխնոլոգիական հզօր էկոհամակարգ, Հայաստանը դարձնենք առաւել մրցունակ: Բաւական յաջողութիւններ ունենք, օրինակ՝ նորարարութիւնների ոլորտում Հայաստանը լաւագոյն 60 երկրների շարքում է, եւ եթէ կարողանանք այդ ցուցանիշը զարգացնել եւ յայտնուել լաւագոյն տասնեակում՝ դա շրջադարձային կը լինի մեր երկրում, մեր ազգի համար: Այս տեսլականով էր, որ 2016 թուականին վերադարձայ Հայաստան:
Միացեալ Նահանգներ, ընտանիքով տեղափոխուել ենք 1989 թուականին: Քլերմոնտի համալսարանի քաղաքագիտութեան եւ տնտեսագիտութեան դպրոցից ստացել եմ մագիստրոսի եւ գիտութիւնների թեկնածուի կոչում: Այժմ առաւել ներգրաւուած եմ նորարարական միջավայրում, որ նաեւ ներառում է երկու մասնագիտութիւնները. դաշտի կարգաւորումը, կանոնադրութիւններն ամբողոջովին քաղաքական գործունէութիւն են ենթադրում, իսկ կապի, տեղեկատուութեան միջոցները, էներգետիկ ռեսուրսների (ուժանիւթի միջոցներու) հարցը՝ տնտեսագիտական լուծում:
1999 թուականին հիմնադրել եմ Athgo կորպորացիան (առեւտրական ընկերութիւնը), որը խորհրդատուական կարգավիճակ ունի ՄԱԿի Տնտեսական եւ Սոցիալական (ընկերային) խորհրդում, ՄԱԿի Հանրային տեղեկատուութեան բաժնում եւ Մտաւոր սեփականութեան համաշխարհային կազմակերպութիւնում: Athgo-ի ուղղութիւններն էին նորարարութիւնն ու ձեռներէցութիւնը, եւ զբաղւում էինք հիմնականում երիտասարդների կրթութեամբ: Կազմակերպութեան աշխատանքները բաշխուած էին աշխարհով մէկ, եւ մեր նպատակն էր հարթակ ստեղծել յատկապէս այն երիտասարդների համար, ովքեր հնարաւորութիւններ չունէին‘ տրամադրելով գիտելիքներ, ֆինանսներ եւ համաշխարհային ցանց, որ կարողանային իրենց մտքերը փոխակերպել գործի միջազգային մակարդակով: Նորարարական մօտեցումների առումով, նման կազմակերպութիւններ շատ քիչ կային, եւ նախաձեռնութիւնը յաջողուեց ու վերածուեց համաշխարհային հզօր հարթակի:
2006 թուականին, ՄԱԿի Գլխաւոր քարտուղարի կողմից նշանակուեցի ՄԱԿի ՏՀՏ եւ Զարգացման Գլոբալ (համերկրային) դաշինքի (GAID) հիմնադիր անդամ եւ մինչեւ 2013 թուականը եղայ GAID-ի համանախագահը: Մինչեւ 2015 թուականն աշխատել եմ որպէս ՄԱԿի թուային տեխնոլոգիաների հարցերով ընդլայնուած յանձնաժողովի յանձնակատար: 2016 թուականին, ստանձնեցի Հայաստանի գիտութեան եւ տեխնոլոգիաների հիմնադրամի հիմնադիր տնօրէնի պաշտօնը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ նպատակով է ստեղծուել հիմնադրամը:
ԱՐՄԷՆ ՕՐՈՒՋԵԱՆ.- 2017 թուականին հիմնադրուած Հայաստանի գիտութեան եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (անգլ.՝ Foundation for Armenian Science and Technology, FAST) նպատակն է ստեղծել համապատասխան միջավայր Հայաստանում տեխնոլոգիական նորարարութեան եւ գիտութեան զարգացման համար: Հիմնուելով ներկայի միտումների վրայ FAST-ն իր գործունէութիւնը կենտրոնացրել է գիտութեան եւ տեխնոլոգիաների բեկումնային ուղղութիւնների վրայ. արհեստական բանականութիւն (AI), տուեալների մասին գիտութիւն (Data Science), բիոտեխնոլոգիաներ (կենսաբանական արհեստագիտութիւններ), նոր նիւթեր եւ նոր (վերականգնուող) էներգիայի աղբիւրներ:
FAST-ը մտադիր է համախմբել Հայաստանի, հայկական աշխարհի ու միջազգային համայնքի գիտական, տեխնոլոգիական եւ ֆինանսական ռեսուրսները՝ մեր գլխաւոր նպատակի համար: Մենք Հայաստանը չենք դիտարկում աշխարհագրական սահմաններով, այլ՝ որպէս ազգութիւն, եւ որպէս ժողովուրդ, որ առանց սահմանների աւելի հզօր է: Խօսքը մարդկային կապիտալի (դրամագլուխի) մասին է, եւ մեր համաշխարհային ներուժի օգտագործման, որ կը դիւրացնի Հայաստանում առկայ խնդիրների լուծումը: Յատկապէս այժմ, երբ կան բազմաթիւ հնարաւորութիւններ, կարելի է առանց այցելելու էլ մասնակից դառնալ: Եւ պէտք չէ Հայաստանը դիտարկել որպէս մի վայր, որին օգնութիւն է պէտք, այլ պէտք է հասկանալ, թէ ինչ ներդրում կարող ենք անել, եւ խօսքը միայն ֆինանսական ներդրման մասին չէ: Գիտելիքը, որ օրինակ սփիւռքահայը կարող է ներդնել շատ աւելի կարեւոր է, եւ յատկապէս գիտութեան մէջ:
Մենք ունենք հազարից աւելի գիտնականներ, որ այժմ Հայաստանից դուրս են ու բաւականին բարձրաստիճան գիտնականներ, եւ փորձում ենք ստեղծել նրանց կապը Հայաստանի հետ: Այդ շրջանակներում, ես հանդիպումներ եմ ունենում ճանաչում ունեցող տարբեր գիտնականների հետ, եւ վերջինը, օրեր առաջ, Սարգիս Մազմանեանն էր‘ Կալիֆորնիայի տեխնիկական (ճարտարարուեստական) համալսարանի պրոֆեսոր, մեծ հեղինակութիւն ունեցող միկրոկենսաբան (մանրակենսաբան): Նրանք բոլորը պատրաստ են ներգրաւուել եւ օգտակար լինել Հայաստանին: Մեր հիմնադրամի խորհրդում էլ ներգրաւուած են համաշխարհային ճանաչման գիտնականներ, այդ թւում‘ Կարօ Անդրանիկեանը, ով մինչեւ անցեալ տարի Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի նախագահն էր, Մերի Փափազեանը՝ Սան Խոզէի պետհամալսարանի նախագահը, Միացեալ Թագաւորութեան առողջապահական ոլորտի ամենահեղինակաւոր դէմքերից՝ լորդ Արա Դարզին, եւ այլոք, որ մեծ ներդրում են կատարել եւ կատարում:
Մենք կոչ ենք անում հայ գիտնականներին, ձեռներէցներին, ներդրողներին, գործարարներին, բարերարներին՝ միանալ FAST նախաձեռնութեանը, օգնել Հայաստանի գիտութեան եւ տեխնոլոգիայի զարթօնքին, վերածննդին: Ձեզանից իւրաքանչիւրը կարող է առանձնայատուկ եւ անգնահատելի դեր ունենալ Հայաստանի զարգացման գործում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայաստանի գիտութեան եւ տեխնոլոգիաների հիմնադրամի նոր նախաձեռնութիւնը ՀՀ պաշտպանութեան նախարարութեան հետ՝ պատմական կարելի է համարել:
ԱՐՄԷՆ ՕՐՈՒՋԵԱՆ.- ՀՀ պաշտպանութեան նախարարութեան հետ սկիզբ դրուեց մի շատ կարեւոր նախաձեռնութեան՝ ստեղծուեց «1991» անուանումով վաշտ, որի կրթական մասը հիմնադրամն է ապահովելու: Այս բացառիկ ստորաբաժանման զինուորները ռազմավարական եւ մարտավարական առաջադրանքների կատարման համար կը ստեղծեն նորարարական տեխնոլոգիաներ, որոնք ՀՀ Զինուած ուժերի համար մեծ պահանջարկ ունեն: Նախազօրակոչային տարիքում գտնուող երիտասարդները կը մասնակցեն ՀԳՏՀ-ի կողմից (FAST) պատրաստուած արհեստական բանականութեան եւ տուեալագիտութեան բնագաւառների վեց ամսուայ նախապատրաստական դասընթացներին, որտեղ զօրակոչիկները կը պատրաստուեն «1991» ստորաբաժանումում ծառայութիւն անցնելու համար: Մենք վերջերս քննութիւն անցկացրեցինք եւ ներկայացրած 400 յայտերից պէտք է ընտրէինք 50ին:
Յունուարի 29ին ծրագիրը մեկնարկեց, եւ Յուլիսին, զօրակոչուելուց, դասընթացների մասնակիցները եւս մէկ քննութիւն յանձնելուց յետոյ ծառայութեան կ՛անցնեն «1991» ստորաբաժանում: Այս նախաձեռնութեամբ սկիզբ է դրւում ՏՏ (տեղեկատուական արհեստագիտութիւն) ոլորտի կիրառմանը պաշտպանական բնագաւառում: «1991» վաշտի զինծառայողները ձեռք կը բերեն հիմնարար եւ գործնական գիտելիքներ ու հմտութիւններ, եւ զօրացրուելուց յետոյ էլ հնարաւորութիւն կ՛ունենան աշխատել ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում՝ շարունակելով կիրառել իրենց ստացած գիտելիքները եւ զարգացնել դրանք, աշխատանք գտնել ԲՏ (բարձր տեխնոլոգիաների՝ արհեստագիտութիւններու) ոլորտի ընկերութիւններում, ընդգրկուել գիտահետազօտական լաբորատորիաներում (տարրալուծարաններու մէջ):
Մենք նախատեսում ենք, որ աղջիկներն էլ շուտով հնարաւորութիւն կ՛ունենան ներգրաւուել այս ծրագրում, բայց ոչ թէ որպէս զինուոր, այլ հէնց նախարարութեան թիմի անդամ: Մենք կարծում ենք, որ բոլոր քաղաքացիները պէտք է հնարաւորութիւն ունենան մասնակցելու պետութեան պաշտպանութեան գործին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հիմնադրամն ի՞նչ այլ ծրագրեր է իրականացնում ներկայում:
ԱՐՄԷՆ ՕՐՈՒՋԵԱՆ.- Մի նոր ծրագիր ենք նախատեսում՝ Հոկտեմբերի 10ին տնկել տասը միլիոն ծառ: Սա պետական ծրագիր է, որին մասնակցում է մեր հիմնադրամը: Մէկ օրուայ ընթացքում ամբողջ Հայաստանի տարածքում տնկուելու է տասը միլիոն ծառ, եւ հրաւիրում ենք նաեւ Սփիւռքի մեր հայրենակիցներին մանակցելու այս համահայկական ձեռնարկին: Մեր կայքում տեղադրելու ենք, թէ ինչ ծառեր են առաւել նպատակայարմար տնկել Հայաստանում, եւ մարդիկ կարող են իրենց հետ բերել իրենց ծառն ու ներդրում ունենալ նաեւ բնապահպանութեան ոլորտում:
Հիմնադրամի շրջանակներում գործում է նաեւ գիտութեան եւ տեխնոլոգիաների ոլորտում ներդրող-հրեշտակների ցանց, որի ուշադրութեան կենտրոնում են տուեալագիտութեան, արհեստական բանականութեան, մեքենաների ուսուցման, կենսատեխնոլոգիաների, միկրոէլեկտրոնիկայի (մանր ելեկտրոնաբանութեան) ուղղութիւնների ներքոյ գործող «ստարթափ» նախագծերը:
Հոկտեմբերին անցկացւում է մեր ամէնամեայ «Համաշխարհային նորարարական համաժողովը», որ միաւորում է աշխարհի տարբեր երկրների գիտութեան եւ տեխնոլոգիաների ոլորտի մասնագէտների: Նախորդ տարի, Հայաստանում էին հաւաքուել աւելի քան ութ հարիւր մասնակիցներ՝ քսաներկու երկրից:
Հիմնադրամն ունի կայք, որտեղ մանրամասն ներկայացուած են մեր ծրագրերն ու նպատակները: Մենք բաց ենք համագործակցութեան համար, եւ ցանկացողները կարող են միանալ մեր տարբեր գիտական ճիւղերի յանձնախմբերին, խոհրդատուութիւն տրամադրել: Գործարարներին առաջարկում ենք ներդրումներ «սթարթափ»ների համար: Հայ գիտնականների հետ համագործակցաբար աշխատելու համար յատուկ դրամաշնորհներ ունենք, նաեւ փոքր դրամաշնորհներ, որ տրամադրում ենք «սթարթափ»ներին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր գործունէութիւնը հիմնականում կենտրոնացած է արհեստական բանականութեան ուղղութեամբ: Ի՞նչ համաշխարհային միտումներ կան այս ոլորտում:
ԱՐՄԷՆ ՕՐՈՒՋԵԱՆ.- 2012 թուականից սկսած, արհեստական բանականութիւնը, բիոտեխնոլոգիաները, ռոբոտագիտութիւնը (մարդ-մեքենայի գիտութիւնը), աւելի մեծ դեր են խաղում, եւ կը շարունակեն խաղալ, քան տեղեկատուական եւ հաղորդակցման տեխնոլոգիաները: Ես միշտ առաջնորդւում եմ այն կարգախօսով, որ տեխնոլոգիաները միշտ գիտայեն լինեն, քանի որ դա երկարացնում է տուեալ տեխնոլոգիայի կեանքը, ստեղծում է ինտելեկտուալ (մտաւորական) նոր կապիտալ, եւ եթէ նոյնիսկ տուեալ տեխնոլոգիան չաշխատի, հիմքի վրայ կարելի է նորը ստեղծուել:
Արհեստական բանականութիւնը մեծ հզօրութիւն ունի, որը մենք դեռ լաւ չենք հասկանում: Գիտնականները ովքեր աշխատում են այս ուղղութեամբ, դժուարանում են ասել, թէ ԱԲն (արհեստական բանականութիւնը) ինչ առաքելութիւն կարող է ունենալ մարդկութեան համար. եթէ այսօրուայ արհեստական բանականութիւնը համեմատելու լինենք ինչ-որ երեւոյթի հետ, կարող եմ ասել, որ սառցաբեկորի վերին հատուածն է միայն, եւ ինչպէս այդ սառցաբեկորը Տիտանիկի համար կործանարար եղաւ, ԱԲն ունի այդ վտանգը՝ մակերեսային վերաբերուելու դէպքում: Բայց եթէ խորութեամբ հասկանաս, այն բաւական օգտակար կարող է լինել տարբեր ոլորտներում՝ բժշկութեան, գիւղատնտեսութեան, արդիւնաբերութեան եւ այլ: Այս առումով, շատ կարեւոր է կրթութիւնը, այսինքն՝ ճիշդ գիտելիք տալ, որ կարողանան համապատասխան օգտագործել արհետական բանականութեան բոլոր հնարաւորութիւնները:
ԱԲն հնարաւորութիւն ունի ամբողջ աշխարհը, մարդկութիւնը նորովի ձեւաւորելու, այնպէս որ մենք նոյնիսկ չենք պատկերացնում, այն աստիճանի, որ օրինակ այն խնդիրները, որ կան այսօր, այլեւս խնդիր չլինեն, նոր խնդիրներ լինեն, որ մենք նոյնիսկ չենք էլ մտածում, որ կարող էին լինել մարդկութեան համար: Օրինակ, ԱԲի միջոցով հնարաւորութիւն կ՛ունենանք շատ երկար ապրելու, միաժամանակ ունենալով կեանքի լաւ որակ, լինելով առողջ, երիտասարդ: Այն հիւանդութիւնները, որոնք մահացու են այսօր, կարծում եմ, տասը տարի անց այլեւս նման սպառնալիք չեն ներկայացնի: Այս հարցերի ուղղութեամբ ներկայում շատ մեծ գումարներ են ծախսւում, եւ լուծումներ կան, որոնք դեռ շուկայում չեն, լաբորոտորիաներում են եւ կենդանիների վրայ են փորձարկւում, բայց շուտով կ’իրականացուեն մարդու նկատմամբ նաեւ:
Այսօր արհեստական բանականութիւնը կրթւում է մեծ արագութեամբ, հարցեր է տալիս մեզ եւ պատասխանների միջոցով օր օրի հզօրանում է: Մենք դեռ չենք գիտակցում, որքան է նրա զօրանալու հնարաւորութիւնը, եւ ինչ կը պատահի, երբ արհեստական բանականութիւնը սկսի հասկանալ, որ օգնում է մեզ, օգտագործւում է մեր կողմից: Այժմ հումորով (զուարթախոհութեամբ) ենք վերաբերւում այս հարցին, բայց ԱԲի կողմից դա գիտակցելուց յետոյ պարզ կը լինի, թէ ինչպէս է այն յետագայում զարգանալու: