ԵՐԵՒԱՆ, «Լրագիր».- Ազգային ժողով-կառավարութիւն հարցում-պատասխանի բաժինին ընթացքին, պատգամաւոր Արման Բաբաջանեան վարչապետին հարցուց, թէ 29էն 30 Յունուար, Հայաստանի եւ Ատրպէյճանի արտաքին գործոց նախարարները 11 ժամ ինչի՞ շուրջ բանակցեցան։
«Ինչ պէտք է խօսուէր եւ ինչ խօսուել է, ես նախքան այդ հանդիպումը այս ամբիոնից տասնեակ անգամ ներկայացրել եմ: Բացառուած է որեւէ բան խօսուի, քան մեր հրապարակային յայտարարութիւններում ասել ենք: Մենք մեր օրակարգը հռչակել ենք, թէ ինչ օրակարգով ենք գնում եւ ինչի մասին է լինելու մեր խօսակցութիւնը: Մնացած բոլոր անհեթեթագոյն շահարկումներն ուղղակի նոյնիսկ մեկնաբանութեան արժանի չեն», պատասխանեց Նիկոլ Փաշինեան։
Այլ հարցումի մը պատասխանելով՝ ան ըսաւ, որ աստիճանաբար կ՛ազատին պետական համակարգին մէջ յեղափոխութեան դիմադրողներէն։ «Այն յեղափոխական փոփոխութիւնները, որ տեղի են ունենում, օրինակ, քաղաւիացիայի ոլորտում, երբ կայ 18 եւրոյով դէպի Կիպրոս տոմս, 25 եւրոյով դէպի Հռոմ աւիատոմս, տեղի են ունեցել ի հեճուկս պետական կառավարման համակարգի: Երկու օր առաջ էլ ինձ մօտ քննարկում էր, եւ այո, կան շատ օղակներ, որոնցից օր առաջ պէտք է ազատուել: Եւ մենք այդ օղակներից ազատւում ենք կամաց-կամաց», յայտնեց Փաշինեան։
Ան նկատել տուաւ, որ պետական կառավարման համակարգի աշխատողներուն 90 տոկոսը այն մարդիկն են, որոնք վերջին 10 տարիներուն ընթացքին կ՛աշխատին նոյն համակարգին մէջ: «Իսկ ինչ է փոխուել նրանց կեանքում. փոխուել է այն, որ շատերը բողոքում են, որ նախկինում փող էին աշխատում, իսկ հիմա՝ ոչ: Երբ մաքսային ծառայողները մաքսակէտից պայմանաւորում են, որ բեռնատարը առանց որեւէ բանի անցկացնեն, դա յեղափոխութեանը դիմադրութիւն չէ՞: Եթէ պետական պաշտօնեան սոցիալական (ընկերային-Խմբ.) նպաստ վճարելու համար փող է վերցնում, դա դիմադրութիւն չէ յեղափոխութեա՞նը: Այդ մարդկանց մի մասը բանտերում է, մի մասն էլ կը յայտնուի, մի մասը կ՛ազատուի աշխատանքից», ըսաւ վարչապետը։