ԵՐԵՒԱՆ, «Արմէմփրէս».- Լիբանանում նոր կառավարութեան ձեւաւորումից յետոյ ցոյցերը հետզհետէ սկսեցին մարել եւ կեանքն ինչ-որ առումով վերադարձել է բնականոն հուն: «Արմէնպրես»ի մամուլի սրահում հրաւիրուած ասուլիսում տեսակապով Լիբանանից միացած «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը նշեց, որ ճանապարհները հիմնականում բաց են, արդէն ազատ տեղաշարժի խնդիր չկայ:
«Այլ հարց է, որ կան ֆինանսատնտեսական լուրջ խնդիրներ: Պետութիւնը ֆինանսատնտեսական առումով բաւական դժուարին իրավիճակում է: Դրամատները շատ սահմանափակ գործունէութիւն են իրականացնում, յատկապէս դոլարի հետ կապուած: Այս ամէնը բերում է տնտեսական անկման, թէպէտ մեծ ճիգերով լիբանանեան արժոյթն է պահւում: Լիբանանի տնտեսութիւնը շատ է դոլարիզացուած, ինչը ճիշդ չէ, ու նման իրավիճակներում բացասական ազդեցութիւնն ակնյայտ երեւում է»,- ասաց Շահան Գանտահարեանը
Լիբանանում ակտիւ ցոյցերը մարել են, սակայն խնդրի հանգուցալուծումը չի երեւում: Նոր ձեւաւորուած կառավարութեան աշխատանքային ծրագիրը պատրաստ է, որը շուտով կը դրուի վաւերացման: Առաջնահերթ խնդիրն է ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս գալու անելիքները յստակեցնելը: Շահան Գանտահարեանը նշեց, որ Լիբանանը տնտեսական պաշարման մէջ է եւ այստեղ արտաքին դերակատարների ազդեցութիւնը կայ:
Արաբագէտ Արմէն Պետրոսեանը եւս ընդգծեց արտաքին գործօնի լուրջ ազդեցութիւնը: Ըստ նրա՝ այնպիսի իրավիճակ է ստեղծուել, որ առանց արտաքին լուրջ աջակցութեան Լիբանանը չի կարող յաղթահարել տագնապը, սակայն ԱՄՆ օգտագործում է իրավիճակը Հըզբալլայի դիրքերը թուլացնելու համար: Սաուդիան Արաբիայի յարաբերութիւնները Լիբանանի հետ վերջին երկու տարուայ ընթացքում բաւականաչափ սրուել են:
«Ֆրանսիայի գործօնն էլ կայ: Տարիներ առաջ Ֆրանսիայում նախաձեռնուեց մեծ հաւաք Լիբանանի տնտեսութեանն աջակցելու համար, սակայն փաստացի այս ձեւաչափը եւս չի աշխատում: Լիբանանի նոր կառավարութիւնն էական կախուածութիւն ունի Հըզբալլայից, սա եւս պատրուակ է, որ արեւմտեան դերակատարները, Սաուդիան Արաբիան ֆինանսատնտեսական առումով քայլեր չիրականացնեն Լիբանանին աջակցելու համար», ասաց նա:
Անդրադառնալով այն հարցին, թէ որոնք պէտք է լինեն Հայաստանի անելիքները ճգնաժամի սրացման դէպքում, հաշուի առնելով Սիրիայի օրինակը, բանախօսները նշեցին, որ անհրաժեշտ է պատրաստ լինել ցանկացած սցենարի (բեմագրութեան-Խմբ.): Առաջարկուեց նման իրավիճակներում ստեղծել համայնք-պետութիւն մեխանիզմներ (կառոյցակազմեր-Խմբ.), անցկացնել խորհրդակցութիւններ, քննարկումեր տարբեր իրավիճակներ յաղթահարելու համար։ Հարցին, թէ արդեօք տեղաշարժեր կա՞ն հայ համայնքում, Շահան Գանտահարեանը նշեց, որ ցանկացած ճգնաժամ յանգեցնում է արտահոսքի, այս դէպքում եւս դա նկատւում է, սակայն զանգուածային բնոյթ չի կրում:
Լիբանանում հասարակութիւնը սպասում է կտրուկ փոփոխութիւնների, սակայն Շահան Գանտահարեանը նշեց, որ ստեղծուած իրավիճակում մի անգամից համակարգային փոփոխութիւններ անել հնարաւոր չէ:
«Մենք պէտք է նկատի ունենանք, որ միանգամից ամբողջական անկախ կառավարութիւն կազմելը լիբանանեան միջհամայնքային համակարգով ղեկավարուող եւ այդ համայնքներում գործող հիմնական կուսակցութիւնների թելադրանքն ունեցող որեւէ պետական հաստատութիւն միանգամից չի կարող ձեւափոխուել: Հասարակութեան կողմից հիմնական նպատակ է դրուել, որ Լիբանանի այս միջհամայնքային համակարգն անցում կատարի դէպի քաղաքացիական պետութիւն, ինչն ընդունուել է նաեւ իշխանութեան կողմից: Ամբողջ խնդիրն այն է, որ ցուցարարներն անմիջական գործողութիւններ են պահանջում, սակայն այս ընդհանուր համակարգը չի կարելի մի անգամից փոխել: Փուլային տարբերակներ են պէտք», յաւելեց Շահան Գանտահարեանը:
2019 թուականի աշնանից Լիբանանում սկսուեցին բողոքի ցոյցերը՝ ընդդէմ գործող իշխանութիւնների: Հասարակութիւնը դժգոհում էր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից եւ պահանջում էր բարեփոխումներ: Լիբանանեան իրադարձութիւնները, սոցիալ-տնտեսական եւ քաղաքացիական բնոյթից հատելով սահմանը, տարեվերջին անցում կատարեցին քաղաքական հարթութիւն եւ վերածուեցին վարչակարգի եւ ընդհանուր պետական համակարգի արմատական փոփոխութեան համընդհանուր պահանջով յատկանշուող շարժման: Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին յայտարարել էր հրաժարական տալու որոշման մասին: Նոր վարչապետ է նշանակուել Հեսան Դիաբը: Ձեւաւորուել է կառավարութեան նոր կազմը: