ԵՐԵՒԱՆ, «Փանորամա».- Արցախի Հանրապետութեան Մարդու իրաւունքներու պաշտպան Արտակ Բեգլարեան հրապարակեց յայտարարութիւն մը Յունուար 1990ին Ատրպէյճանի կողմէ Պաքուի մէջ կազմակերպուած հայերու կոտորածներուն 30րդ տարելիցին առթիւ՝ շեշտելով, որ ցարդ անոնց իրաւական արժեւումը չէ կատարուած։
Բեգլարեանի յայտարարութիւնը՝ ստորեւ.
«1990 թուականի Յունուարին Ադրբեջանի Բաքու քաղաքը կրկին դարձել էր հայերի նկատմամբ շարունակաբար իրականացուող ջարդերի թատերաբեմ (1905թ. եւ 1918թ. հայերի զանգուածային կոտորածներից յետոյ երրորդ անգամ), որտեղ, ի տարբերութիւն Ադրբեջանի միւս բնակավայրերի, դեռեւս շարունակում էին բնակուել զգալի թուով հայեր:
«Յունուարի 13ին Բաքւում կազմակերպուած բազմահազարանոց հանրահաւաքից յետոյ, կանխաւ մշակուած ծրագրի համաձայն, հաւաքուած մօտ 50 հազարանոց ամբոխը բաժանուեց խմբերի եւ նախորոշուած հասցէներով ներխուժեց հայերի բնակարաններ՝ քաղաքը հայերից «մաքրելու» նպատակով: Յունուարի 13-20 ընկած ժամանակահատուածում միայն իր ազգային պատկանելիութեան համար Բաքուի հայութիւնը ենթարկուեց բռնարարքների՝ կոտորած, թալան ու բռնի տեղահանում՝ խախտելով հայերի կեանքի, խոշտանգումներից ու խտրականութիւնից զերծ լինելու, ազատութեան ու անվտանգութեան, սեփականութեան, արդար դատաքննութեան եւ մի շարք այլ իրաւունքներ: Սպաննուածների ճշգրիտ քանակը մինչ այժմ յայտնի չէ, սակայն, ըստ մեր վերջին հետազօտութիւնների, սպաննուել է շուրջ 450 մարդ:
«Յունուարի 18ին Բաքուի հայկական ջարդերի եւ Շահումեանի շրջանի հայկական գիւղերի ու Գետաշէնի վրայ յարձակումների կապակցութեամբ Եւրոխորհրդարանն ընդունեց «Հայաստանում իրավիճակի մասին» բանաձեւը, որը կոչ էր անում ԽՍՀՄ իշխանութիւններին՝ ապահովել Ադրբեջանում ապրող հայերի գործուն պաշտպանութիւնը՝ իրավիճակին միջամտելու համար զօրք մտցնելու միջոցով:
«Միայն 1990թ. Յունուարի 20ի գիշերը Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք մտցուեցին խորհրդային բանակի ստորաբաժանումները, որոնք, կոտրելով Ադրբեջանի Ազգային ճակատի զինուած ջոկատների կատաղի դիմադրութիւնը, դադարեցրին հայերի եօթօրեայ կոտորածները:
«1990թ. Սեպտեմբերի 27ին «New York Review of Books»ում բաց նամակ հրապարակուեց՝ ուղղուած միջազգային հանրութեանը, որը ստորագրուել էր Եւրոպայի, Գանատայի եւ Միացեալ Նահանգների 133 նշանաւոր գիտնականների եւ իրաւապաշտպանների կողմից, ովքեր բողոքի ձայն էին բարձրացնում Բաքւում հայերի սպանութիւնների ու ջարդերի դէմ: Նամակում մասնաւորապէս նշւում էր, որ «Հայկական փոքրամասնութեան դէմ իրականացուած ոճրագործութիւնները Խորհրդային Ադրբեջանում դարձել են հետեւողական պրակտիկա (սովորութիւն-Խմբ.), եթէ ոչ՝ պաշտօնական քաղաքականութիւն»:
Ադրբեջանի կողմից Բաքւում կազմակերպուած մարդկութեան դէմ այդ յանցագործութիւնը արագացրեց եւ գրեթէ աւարտին հասցրեց Ադրբեջանում հայ բնակչութեան լրիւ ցեղային զտումը: Այդ քաղաքականութեան շրջանակներում 1988-1990թթ. ժամանակահատուածում Ադրբեջանի Սումկայիթ, Կիրովապատ եւ մի շարք այլ քաղաքներում ու Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզում, ԽՍՀՄ իշխանութիւնների իմացութեամբ ու թողտուութեամբ, սպաննուեցին հազարաւոր եւ բռնագաղթեցին աւելի քան 400,000 հայեր:
«Դրան յաջորդող տարիներին (ներառեալ՝ 1991-1994թթ. ադրբեջանա-ղարաբաղեան պատերազմի ժամանակ) նոյնպէս Ադրբեջանի կողմից շարունակուել է հայերի ցեղային զտման քաղաքականութիւնը, որը, ըստ մեր վերլուծութեան, լիովին համապատասխանում է ՄԱԿի 1948թ. «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու եւ պատժելու մասին» հռչակագրով սահմանուած ցեղասպանութեան յանցագործութեան իրաւական ձեւակերպմանը: Աւելին, բացի հարիւրհազարաւոր ադրբեջանահայութեան հայրենազրկումից, մեր հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ նրանց սեփականութեան, ազատ տեղաշարժի եւ մի շարք այլ իրաւունքներ շարունակաբար մնում են խախտուած, եւ շատերն առ այսօր կրում են այդ քաղաքականութեան ֆիզիքական, հոգեբանական ու նիւթական հետեւանքները:
«Կատարուած յանցագործութիւնները մինչ օրս պատշաճ իրաւական գնահատական չեն ստացել եւ մնացել են անպատիժ, ինչի հետեւանքներից է նաեւ ներկայումս Ադրբեջանի «Հանրապետութեան կողմից հայատեացութեան պետական քաղաքականութեան իրականացումը: Դրա զոհերն են շարունակում դառնալ ոչ միայն ադրբեջանահայութիւնն ու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետութեան բնակչութիւնը, այլեւ՝ բոլոր հայերը եւ Արցախ այցելող օտարերկրացիները: Յիշեցնենք, որ Ադրբեջանի հայատեացութեան քաղաքականութեան վերաբերեալ Արցախի Հանրապետութեան Մարդու իրաւունքների պաշտպանը 2018թ. հրապարակել է յատուկ զեկոյց՝ ներկայացնելով դրա դրսեւորման որոշակի օրինակներ եւ վերաբերելի միջազգային իրաւունքի վերլուծութիւն:
«Ադրբեջանական հասարակութեան մէջ սերմանուած հայատեացութեան դրսեւորման աշխուժ փուլ արձանագրուեց նաեւ 2016թ. ապրիլին Արցախի վրայ Ադրբեջանի լայնածաւալ յարձակման ժամանակ, եւ Մարդու իրաւունքների պաշտպանն իր փաստահաւաք առաքելութեան շրջանակներում 2016թ. յատուկ զեկոյցով ներկայացրել է քաղաքացիական ու զինուորական անձանց սպանութեան, գլխատման, խոշտանգման եւ իրաւունքների խախտման ու պատերազմական յանցագործութիւնների մի շարք այլ դէպքեր:
«Յատկանշական է, որ այդպիսի յանցագործութիւններ կատարած ադրբեջանցի զինուորականներն այնուհետեւ պարգեւատրուել ու խրախուսուել են Ադրբեջանի իշխանութիւնների կողմից: Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրութեանը պատշաճ իրաւական գնահատական տալ 1990թ. Յունուարին Բաքւում կատարուած բռնութիւններին՝ համաձայն միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքների եւ կանոնների, ինչպէս նաեւ՝ գործուն միջոցներ ձեռնարկել ներկայումս շարունակուող հայատեացութեան քաղաքականութեան դադարեցման ուղղութեամբ: Ցեղապաշտական ատելութեան այդ ճանապարհը ոչ միայն հակասում է միջազգային իրաւունքի հանրայայտ սկզբունքներին, այլեւ աւելի ու աւելի է հեռացնում երկու ժողովուրդներին հակամարտութեան կարգաւորումից եւ տեւական խաղաղութիւնից»։