ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Յոյս եւ վերապրում. Հայկական պատմութիւնը» խորագիրն էր կրում Փասադինայի «Լիվ օն Գրին» փառատօնում ներկայացուած հայկական տաղաւարը: Դեկտեմբերի 29-31ը, «Քընվենշն» կենտրոնում կայացած հեղինակաւոր ձեռնարկի ընթացքում ներկայացուեց հայկական պատմութիւնն ու մշակոյթը՝ Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի եւ ամերիկահայ արուեստագէտների, մտաւորականների համատեղ կազմակերպութեամբ:
Հայկական տաղաւարին բաւական մեծ տեղ էր յատկացուել սրահում, ինչը հնարաւորութիւն էր տուել բազմաբնոյթ ներկայութիւն ունենալ. «Ամերիկա, մենք շնորհակալ ենք» անուանումով ցուցադրութիւնը Հայ Դատի յանձնախմբի նախագիծն էր՝ ի երախտագիտութիւն Հայոց Ցեղասպանութեան եւ նախորդող ժամանակաշրջանում ամերիկացի ժողովրդի մեծահոգութեան եւ օժանդակութեան հազարաւոր հայ վերապրածներին: «Մենք հպարտ ենք մասնակցելու այս տարուայ փառատօնին եւ յոյսի ուղերձ փոխանցելու ամերիկահայ համայնքի կողմից: Ցուցադրութեան միջոցով ներկայացնում ենք ցեղասպանութեան ողբերգութիւնը, միաժամանակ՝ խոչընդոտները յաղթահարելու եւ մեր հնամենի ու հիասքանչ մշակոյթը վերակենդանացնելու մեր ժողովրդի ուժը», նշեց Արեւմտեան շրջանի Հայ Դատի յանձնախմբի գործդադիր տնօրէն Արմէն Սահակեանը:
Արուեստագէտներ Արա Օշականի, Լեւոն Փարեանի եւ Վահագն Թովմասեանի Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Այ.Ուիթնես» (iWitness) անուանումով նախագիծը՝ Եղեռնը վերապրածների մեծադիր լուսանկարներն էին, որ ճարտարապետական եւ դիզայներական (ձեւաւորման-Խմբ.) լուծումներով իւրատեսակ քանդակներ էին յիշեցնում: Ըստ ստեղծագործողների, նրանք, բացի տեղեկատուական առաքելութիւնից, դիտորդին մտորելու տեղիք են տալիս զանգուածային կոտորածների մասին, եւ խթանում զրոյց՝ մարդու իրաւունքների չարաշահումների, անպատիժ յանցանքների, մերժման հետեւանքների պատմական եւ ժամանակակից խնդիրների մասին:
Փառատօնի հայկական բաժնում այցելուներին նաեւ հնարաւորութիւն էր տրուած տեսանիւթերի եւ կարճ շարժապատկերների միջոցով ծանօթանալու հայ մշակոյթին ու պատմութեանը: Հեղինակներ Քի Մուրադեանը, Մեթիւ Քարանեանը, Լաուրա Միքայէլ Գաբուդեանը եւ դոկտոր Ռուբինա Փիրումեանը անձամբ էին ներկայացնում իրենց գրականութեանն ու քննարկումների հնարաւորութիւն ստեղծում: Սոֆիա Գասպարեանն էլ ներկայացնում էր իր նկարները, որոնք հիմնականում առնչւում են մարդու իրաւունքների չարաշահումներին, ընկերային ինքնութեանը եւ այլ թեմաների:
Առանձին բաժին էր յատկացուած նաեւ փոքրիկների համար, որ համակարգում էր Արփի Գրիգորեանը արուեստի իր ստեղծած իւրայատուկ անկիւնում երեխաներին նաեւ ներգրաւելով ստեղծագործական աշխատանքում:
Փառատօնի երեք օրերի ընթացքում, Համազգայինի «Նաիրի» պարախումբը, Գրեգ Հօշարեանն ու նուագախումբը, ինչպէս նաեւ՝ Ռուբէն Յարութիւնեանի Ժոցովրդական եռեակը ներկայացրին հայկական երաժշտութիւն եւ պարեր հազարաւոր այցելուներին: Զով Քարամարդեանն էլ ցուցադրեց իր խոհարարական վարպետութիւնը:
Հինգ տարի առաջ ստեղծուած եւ կարճ ժամանակում մեծ ճանաչում ստացած «Լիվ օն Գրին» փառատօնն ըստ հիմնադիր Բարբարա Քոքսի, նպատակ ունի մշակոյթի միջոցով համախմբելու Կալիֆորնիայի տարբեր համայնքներին. «Ես վաղուց եմ ապրում այս շրջանում եւ կարծում էի, որ Վարդերի շքերթին ընդառաջ կարելի է կազմակերպել մի փառատօն՝ ուղղուած ընտանիքներին, եւ որն ունենայ միաժամանակ կրթական եւ ժամանցային բնոյթ: Ամէն տարի փառատօնն ունենում է թեմա, եւ այս տարի, պայմանաւորուած նաեւ այն հանգամանքով, որ մարդիկ նոր սպասումներ են ունենում Նոր Տարուց, որոշեցինք, որ այն կրի «Յոյսի ուժը» խորագիրը: Այս թեման շատ կարեւոր է նաեւ, որովհետեւ կարծում եմ, մեր երկրում բաժանումը շատ է, եւ մենք կարիք ունենք համախմբուելու եւ յուսալու: Եւ այդ առումով ցանկանում էինք, որ փառատօնում հնարաւորինս ներկայացուած լինէին Կալիֆորնիայում բնակուող բոլոր համայնքները: Ուրախ եմ, որ հայ համայնքն արձագանգեց, քանզի շատ զօրեղ, աշխոյժ եւ լաւագոյն համայնքի վառ օրինակ է, որտեղ մարդիկ աջակցում են միմեանց: Յատկանշական էր, որ այցելուներից շատերն այս ձեռնարկի միջոցով հնարաւորութիւն ստացան առաջին անգամ լսելու հայկական երաժշտութիւն, ծանօթանալու հայերի պատմութեան տխուր, բայց նաեւ՝ յոյս ներշնչող էջերին», նշեց Բարբարա Քոքսը:
Փառատօնի հիմնադիրն ու տնօրէնը յայտնեց, որ «Լիվ օն Գրին»ը դարձել է նաեւ իւրատեսակ հարթակ, որտեղ տարբեր համայնքներ ծանօթանում են, կապեր ձեռք բերում եւ սկիզբ են դնում նոր համագործակցութեան: