ՅԱԿՈԲ ԲԱԴԱԼԵԱՆ
Բաքուի արտգործնախարար Էլմար Մամեդեարովն անդրադարձել է արցախեան հարցին ու նկատել, որ տարին կորսուած էր, բայց չնայած առաջընթացի բացակայութեանը, նրա խօսքով բանակցութիւնը փակուղում չէ: Մամեդեարովն ասել է նաեւ, որ անգամ հակամարտութեան կրկին բռնկուելու դէպքում յետոյ, միեւնոյն է, բանակցութիւնը շարունակուելու է, որովհետեւ «չի լինում ո՛չ յաւերժական պատերազմ, ո՛չ յաւերժական բանակցութիւններ»:
Ադրբեջանի արտգործնախարարի համար անշուշտ բարդ է խոստովանել, որ բանակցութիւնը «փակուղում» է: Բանն այն է, որ այդ դէպքում պէտք է հանրութեանը պատասխանել, թէ ինչո՛ւ չեն սկսում պատերազմ:
Միաժամանակ, Մամեդեարովը փաստօրէն ազդակ է յղում Բաքուի հանրութեանը, որ չկայ հարցի պատերազմական լուծում, եւ յետոյ դարձեալ լինելու է բանակցութեան նստելու կարիք:
Այդ յայտարարութիւնը հակասում է Բաքուի տարիների քաղաքականութեանն ու քարոզչութեանը, որ եթէ չլինի լուծում բանակցութեամբ, ապա հարցը կը լուծեն պատերազմով:
Անշուշտ, արտգործնախարարի այդ խօսքը չի նշանակում մարտաշունչ հռետորաբանութիւնից Բաքուի հրաժարում: Դա հնարաւոր չէ անգամ ամենամեծ ցանկութեան դէպքում, որովհետեւ Իլհամ Ալիեւը դրա վրայ է կառուցել իր ամբողջ իշխանութիւնն ու փորձել է նաեւ դրա վրայ խարսխուած ադրբեջանական ինքնութեան միտքը դարձնել իր իշխանութեան շատ թէ քիչ լեգիտիմ բազա:
Միաժամանակ, Ալիեւը բախուել է իր իսկ «լեգիտիմութեան» պատին, որովհետեւ կ՛ամ պէտք է ցոյց տալ բանակցային առաջընթաց, կ’ամ սկսել պատերազմ: Իսկ Ադրբեջանի համար գրեթէ անհնար է դարձել թէ մէկը, թէ միւսը: Հայաստանը ձեւաւորել է մի շարք էական արգելքներ եւ նոր իրողութիւններ, որոնք ստացել են միջազգային լեգիտիմ (օրինական-Խմբ.) արձագանգ:
Միեւնոյն ժամանակ, Երեւանը խախտել է նաեւ Ադրբեջանի մարտաշունչ հռետորաբանութեան մենաշնորհը, մի կողմից ծաւալելով խաղաղութեան շուրջ «դիսկուրս» (զրոյց-Խմբ.), միւս կողմից յայտարարելով Հայաստանի յարձակողական ռազմավարութեան անցման եւ դրանից բխող իրողութիւնների մասին:
Մամեդեարովն այդ առումով իրաւացի է՝ բանակցային փակուղի չկայ, որովհետեւ գործնականում եթէ կայ բանակցութիւն, ապա այն Բաքուին առանց նախապայմանի խաղաղութեան դաշտ բերելն ու այն ամրագրելն է՝ այդ թւում Արցախի սուբյեկտութեան (ինքնիշխանութեան-Խմբ.) համատեքստում: Փակուղում Ադրբեջանի ռազմական շանտաժի (սպառնալիքի-Խմբ.) քաղաքականութիւնն է, որից Իլհամ Ալիեւի համար միակ ելքը մնում է Մեհրիբան Ալիեւան: Հայաստանին էլ մնում է «հաճոյք» ստանալ այդ գործընթացից, պարզապէս առանց թուլանալու, այլ հակառակը՝ աւելի ու աւելի ուժեղանալով, քանի որ միայն դա կարող է խորացնել Ադրբեջանի քաղաքականութեան փակուղին։
«ԼՐԱԳԻՐ»