ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Կալիֆորնիայի եւ Լոս Անջելեսի գաւառի կալանավայրերում գտնուող հայ բանտարկեալներին Հայ առաքելական եկեղեցու սպասաւորները տարիներ շարունակ հոգեւոր ծառայութիւններ են մատուցում, ինչի արդիւնքում, շատերը վերափոխւում են եւ նոր կեանք սկսում: Ամերիկայի Արեւմտեան թեմի հովանաւորութեամբ են հայ հոգեւոր գործիչներն իրականացնում Լոս Անջելեսի գաւառի ոստիկանապետի գրասենեակի ներքոյ գործող ծրագիրը, որի շրջանակներում այցելում են բանտեր (prison) ու ժամանակաւոր պահման մեկուսարաններ (jail) եւ հոգեւոր աջակցութիւն տրամադրում:
Լոս Անջելեսի գաւառի կալանավայրերում ներկայումս շուրջ 700 հայ կայ, ովքեր հիմնականում դատապարտուել են թմրամոլութեան, գողութեան, ապահովագրական եւ անձնական տեղեկատուութեան հարցում խարդախութիւնների համար, տուեալներ է ներկայացնում Ազգային առաջնորդարանի բանտային ծառայութեան պատասխանատու Ռաֆֆի սրկ. Կարապետեանը: Շուրջ 25 տարի, կամաւոր հիմունքներով իր աշխատանքն անխոջ իրականացնող Կարապետեանի եւ եկեղեցու միւս հոգեւորականների ջանքերով, տասնամեակների ընթացքում, բազմաթիւ դատապարտեալներ, Աստծուն դառնալով, փոխել են կենսակերպն ու մեծ յաջողութիւնների հասել ընտանիքում եւ աշխատանքում: Այս մասին վկայում են ոչ միայն նախկին դատապարտեալների երախտիքի խօսքերն առ աջակիցներ, նաեւ նրանց ստեղծագործական ձիրքի արգասիքները, որ բացայայտուել ու արտայայտուել են շփումների արդիւնքում:
«1994 թուականն էր, երբ թեմի Առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեանի համաձայնութամբ եւ նշանակմամբ որպէս կամաւոր ներգրաւուեցի այս աշխատանքում: Մինչ այդ, գործել էր նման ծրագիր, սակայն ոչ հայկական անուանումով, եւ մենք սկսեցինք այցելել Լոս Անջելեսի գաւառում գտնուող շուրջ ութ կալանավայր՝ հոգեւոր մխիթարութիւն եւ ծառայութիւններ տրամադրելով մեր հայրենակիցներին: Երեք հիմնական կարեւոր ուղղութիւն կայ մեր ծառայութեան մէջ՝ փորձում ենք դատապարտեալների հաւատքը զօրացնել, ինչի արդիւնքում նրանց մօտ յոյս է արթնանում, եւ երբ հաւատ եւ յոյս ունեն, մեր ներկայութեամբ էլ սիրով ենք ապահովում: Նրանց հետ զրոյցներումս, միշտ ասում եմ, որ բոլորիս ճակատին նոյն միւռոնն է քսուած՝ անկախ նրանից, թէ աշխարհի որ մասում են ծնուել, որովհետեւ մեր հոգեւոր հայրերը օրհնուած միւռոնը բաժանում են բոլոր հայկական եկեղեցիներին, ինչն իմ կարծիքով ամենամեծ հրաշքն է: Նման թեմաներով երբ խօսում եմ, հայ դատապարտուածների շրջանում, թէ՛ հաւատքն է արթնանում եւ թէ հայկական ոգին», պատմում է Ռաֆֆի սրկ. Կարապետեանը:
Այցելութիւններ, հոգեւոր գործիչներն իրենց նախաձեռնութեամբ, կատարում են ամիսը մի քանի անգամ, միաժամանակ՝ շատ են դէպքերը, երբ իրենց կարիքն ունենում եւ կանչում է որեւէ դատապարտեալ: Կարապետեանը նշում է, որ ծրագիրը մեծ ճանաչում է ստացել, եւ այցեր սկսել են կատարել ոչ միայն Լոս Անջելեսի գաւառի, նաեւ նահանգի տարբեր բանտեր՝ ելնելով հանրային պահանջից: «Բազմաթիւ են նաեւ այն դէպքերը, երբ փորձաշրջանում գտնուող դատապարտեալները կապնւում են մեր հետ, եւ հանդիպումները, վերականգնման գործընթացի շրջանակներում շարունակւում են: Օրինակ, իւրաքանչիւր երկուշաբթի, Բրբենքի Հայ կենտրոնում, ընկերային հաւաք ենք ունենում, Սուրբ գրքի սերտողութիւն ենք իրականացնում»:
Ռաֆֆի սրկ. Կարապետեանը մեծ ուրախութեամբ եւ ոգեւորութամբ է պատմում նախկին դատապարտեալների յաջողութիւնների մասին. «Շատերը, Աստծուն գտնելով եւ փրկուելով, նոր՝ մաքուր կեանք են սկսում: Նրանք ընտանիք են կազմում, եւ ինքս ներկայ եմ եղել բազմաթիւ հարսանիքների եւ սարկաւագութիւն եմ արել, մասնակցել եմ նրանց երեխաների կնունքների, եւ ականատես եղել, թէ ինչպէս են յաջողում իրենց աշխատանքում»:
Կարապետեանը նշում է, որ ամերիկեան դատական համակարգը բաւական հանդուրժող է, եւ դատապարտուածներին հնարաւորութիւն է տալիս վերականգնման կենտրոնների միջոցով ուղղուելու: Ըստ նրա, սակայն, նման ճանապարհով, ամերիկեան կենտրոններում վերափոխուածների թիւը շուրջ երեք տոկոս է միայն, մինչդեռ, հոգեւոր աջակցութիւն ստացած հայերի դէպքում՝ այդ թիւը, աւելի քան 40 տոկոս է կազմում:
Հայ դատապարտեալների ազգային եւ հոգեւոր կեանքն առաւել աշխուժացնելու նպատակին է ծառայում Ռաֆֆի սրկ. Կարապետեանի եւս մէկ նախաձեռնութիւնը, ինչը, դատապարտեալների համար իրենց ձիրքերը բացայայտելու առիթ է դարձել, ոմանց համար էլ՝ թողութեան եւ հարազատների հետ յարաբերութիւնները վերականգնելու լաւագոյն ուղի: «Տարիներ առաջ էր, երբ տեղեկացայ, որ կալանաւորների համար անգլերէնով, իսպաներէնով ընթերցանութեան նիւթեր են ստեղծւում, որոշեցի, որ մեր հայ ազգի զաւակներն էլ պէտք է օգտուեն այդ հնարաւորութիւնից: 2000 թուականից սկսեցի հրապարակել «Խաչքար-Փարոս» անուանումով երկթերթ պարբերականը, որտեղ ներառեցի աղօթքներ Սուրբ Գրքից, խորհուրդներ: Ընթացքում, ստանում էինք նամակներ, որտեղ հայ կալանաւորները երախտագիտութեան խօսքերի հետ մէկտեղ գրում էին, թէ ինչպէս է հոգեւոր ծառայութիւնը փոխել իրենց կեանքը, ուղարկում էին իրենց գրած բանաստեղծութիւնները, տարբեր թեմաներով նկարներ: Որոշեցի, որ պարբերաթերթում կը տպագրուեն նաեւ դրանք, ինչը կը քաջալերի միւսներին եւս ստեղծագործելու, արտայայտուելու, եւ միմեանց ծանօթանալու: Մենք ունենք վերափոխման իրական պատմութիւններ, որ ինքնին հրաշք են», նշում է Կարապետեանը:
«Դուք բացեցիք ազատութեան դռներն իմ համար Քրիստոսի միջոցով՝ պատասխանեցիք բոլոր հարցերիս եւ ցրեցիք բոլոր կասկածները, որ ունէինք կեանքի նկատմամբ: Աղօթքների եւ Աստուածաշնչի միջոցով ես վերագտայ ընտանիքս, յոյսս, հաւատս, եւ ուժերս», գրում է հոգեկան ծանր վիճակից, Ռաֆֆի սարկաւագին եւ նրա օգնութեամբ «առողջացած» հայուհի դատապարտեալը: Պարբերաթերթի միջոցով նա առիթ էր ունեցել վերականգնելու կապը մանկահասակ որդու հետ՝ դարձեալի խոստովանութիւնը փոխանցելով նրան եւ որպէս պատասխան ստանալով որդու ձեռքով նկարուած պատկեր, որ նոյնպէս տեղ էր գտել պարբերականում:
«Շատ մեղաւոր երեխաների կեանք է փոխել պարոն Ռաֆֆին, այնպէս արել, որ մեղաւոր կեանքը մոռանան եւ քեզ սրտանց մօտենան, Աստուած: Շատ եղբայրներ ամուսնացել ու երջանիկ քրիստոնեայ են դարձել: Ու ես հիմա շատ ուրախ եմ, որ սրտանց քեզ սիրեցի, դրա համար շնորհակալութիւն պիտի յայտնեմ պարոն Ռաֆֆիին: Հիմա նստած այս տողերը գրում եմ, եւ սրտով արտասւում եմ, որ գրիչը դու ինձ նորից պարգեւեցիր եւ միտքս բացեցիր: Խոնարհւում եմ քո առաջ Տէր իմ Յիսուս Քրիստոս», գրում է դատապարտեալ Արարատը: Մէջբերումները միայն երկուսն են՝ հազարաւոր այլ նամակներից, որոնք Ռաֆֆի սրկ. Կարապետեանը մեծ հոգատարութեամբ ու սիրով պահում է, եւ հերթականութեամբ տպագրում պարբերաթերթի էջերում, որի առաքելութիւնը ներկայացուած է հետեւեալ կերպ. «Ինչպէ՛ս խաչքարը, մենք ամուր կանգնած կը լինենք եւ շարունակաբար ուղերձ կը յղենք առ այն, որ Յիսուս Քրիստոսը սիրում է իր զաւակներին: Ինչպէս փարոս, օգտագործէք մեզ, որպէս ուղեցոյց՝ դէպի ապահով նաւահանգիստ՝ հեռու ծովի քարքարոտ եւ վտանգաւոր ջրերից»:
Պարբերականը, որ Կարապետեանը սկսել էր տպագրել իր ուժերով, մեծ պահանջարկ ունի, եւ բաժանւում է բոլոր կալանավայրերում: «25 տարի չես կարող շարունակել աշխատանքդ, եթէ արդիւնք չտեսնես: Սրբազան առաջնորդն էլ տեսնելով, այս նախաձեռնութեան արդիւնքը՝ սկսել է աջակցել, եւ նախատեսւում է մեծացնել տպագրութեան ծաւալները», նշում է Կարապետեանը, եւ ներկայացնում եւս մէկ նախաձեռնութիւն՝ հեռախօսային համարներ եւ տեղեկութիւններ արձանագրելու համար փոքրիկ թերթիկ, որ շատ անհրաժեշտ է դատապարտեալների համար, քանի որ նրանց արգելուած է նշումների համար իրեր ունենալ: «Փոքրիկ կարող է թուալ մեր համար, բայց իրենց համար՝ թանկագին, եւ յորդորում է՝ «մի՛շտ աղօթէք, առանց ձանձրանալու», նշում է Ռաֆֆի սարկաւագ Կարապետեանը՝ խոնարհ ու համեստ մի անձնաւորութիւն, ով Աստծոյ սէրն ու ողորմածութիւնը ուսուցանելով՝ փրկում է բազմաթիւ հոգիներ:
Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութիւնը
Իր բոլոր վարչութիւններով եւ անդամներով
Կը շնորհաւորէ բոլորին Նոր Տարին
եւ Սուրբ Ծնունդը Մաղթելով Ամենայն Բարիք