ԵՐԵՒԱՆ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ, «Նոյեան Տապան».- Օֆելիա Յարութիւնեան եւ Մեթիու Եալտեզեան պիտի կիսեն «Ստեղծագործ Հայաստան» կազմակերպութեան նախաձեռնած «Առաջին էջ» մարտահրաւէրին 2000 տոլար գլխաւոր մրցանակը, իրենց հեղինակած ազդեցիկ առաջին էջերուն համար։ Ստորեւ կու տանք այս մասին «Ստեղծագործ Հայաստան»ի յղած հաղորդագրութիւնը.
«Creative Armenia-ն («Ստեղծագործ Հայաստան») ուրախ է յայտարարել իր «Առաջին էջ» բեմագրութեան մարտահրաւէրի երկու յաղթողներին՝ հովանաւորուած Ucom-ի կողմից: Մեթիու Եալտեզեանն ու Օֆելիա Յարութիւնեանը կիսում են 2000 ԱՄՆ դոլար գլխաւոր մրցանակը՝ Creative Armenia անուանումով երեւակայական ֆիլմի իրենց ազդեցիկ բեմագրութեանց առաջին էջերի համար: Պատուաւոր յիշատակումներն են՝ Անդրէ Աւանեսեանը, Իռեն Ստեփանեանը, Ջէյսոն Լեսկին եւ Նոյ Մեղերեան Բարթելը:
«Մենք բազում տպաւորիչ սցենարներ ենք ստացել աշխարհի տարբեր կողմերից», ասաց Creative Armenia-ի հիմնադիր փոխտնօրէն Ալեք Մուհիբեանը՝ աւելացնելով. «Սակայն այս երկու էջերը առաձնացան իրենց սրաթափանցութեամբ եւ ուժով: Դրանք տպաւորիչ կերպով ներկայացրին հերոսներին, տուեցին յաջորդող պատմութեան գրաւիչ ակնարկներ եւ ստիպեցին մեզ ցանկանալ կարդալ յաջորդ էջերը»:
Քալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճիւղի Թատրոնի, ֆիլմի եւ հեռուսատեսութեան դպրոցի մասնագիտական ծրագրերի դոցենտ Մեթիու Եալտեզեանը ներկայացրեց տպաւորիչ հերոսի, որը խճճուած էր «Լիթլ Արմէնիա»ի (Փոքրիկ Հայաստան) «յամառօրէն խաչուող փողոցների խուրցի մէջ»:
Հայաստանում ծնուած բեմադրիչ Օֆելիա Յարութիւնեանը կեանքի է կոչել մի շարք ֆիլմեր, որոնք ցուցադրուել են խոշոր փառատօններում, ինչպիսիք են՝ Sundance-ը, TIFFը եւ Raindance-ը: Նա նաեւ արտադրել է ֆիլմեր Ալեքս Գիբնիի եւ HBO-ի համար: Նրա Creative Armenia-ի բեմագրութեան առաջին էջը վերհանեց հին կամ գուցէ նոր, երեւանեան կրկէսի երազանքներն ու փոշին:
«Առաջին էջ» մարտահրաւէրը Creative Armenia-ի եւ Ucom-ի երրորդ համագործակցութիւնն է՝ յաջորդելով «Ստուերների արուեստ» լուսանկարչութեան մարտահրաւէրին եւ «Ֆիլմի պաստառ» ձեւարւորման մարտահրաւէրին:
«Ucom ընկերութեան անունից շնորհաւորում եմ յաղթողներին եւ բոլորովին չեմ զարմանում, որ նրանք երկուսն են», նշել է Ucom ընկերութեան համահիմնադիր եւ գլխաւոր տնօրէն Հայկ Եսայեանը՝ աւելացնելով. «Տաղանդաւոր ու ստեղծարար մարդիկ մեր երկրում շատ են, եւ ես ուրախ կը լինեմ, երբ նոր սերնդի բեմագիրները, բեմադրիչները, դերասանները շարունակեն աշխատել ու միջազգային ասպարէզում յաջողութիւններ ունենան»:
Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը յայտնաբերում, զարգացնում ու խթանում է ստեղծարար միտքը:
Ucom-ը Հայաստանում ամենաարագ հաստատուն եւ շարժական կապի ծառայութիւններ մատուցող ընկերութիւն է, որը հանդէս գալով «Գալաքսի» ընկերութիւնների խմբի կազմում, միւս ընկերութիւնների հետ միասին իրականացնում է ընկերային ազդեցութեան ծրագրեր՝ աջակցելու Հայաստանի ստեղծարար մշակոյթին:
Ստեղծարարար մարտահրաւէրի մասին աւելին իմանալու համար՝ այցելէք creativearmenia.org/challenges կայքէջ»: