«Հեռուստամարաթոնի Ընթացքում Հաւաքուած Միջոցները Կ՛ուղղուեն Խմելու Ջրի Մատակարարման Եւ Արեւային Էներգիայի Կիրառման Ծրագրերի Իրականացմանը Արցախում Եւ Հայաստանում»
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Նոյեմբերի 28ին Հայաստան համահայկական հիմնադրամը կ՛անց-կացնի ազգային նուիրատուութեան 22րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանի. կենարար ջուր եւ արեւ համայնքներին» խորագրի ներքոյ, որ կը մեկնարկի Հայաստանի հանրային հեռուստաընկերութեամբ: Տասներկուժամեայ համահայկական միջոցառման առաջին չորս ժամն այս տարի կ՛անցկացուի Երեւանում, իսկ յաջորդ ութ ժամը կը հեռարձակուի Լոս Անջելեսից: Հիմնադրամի աշխատանքների մասին տեղեկացնում է գործադիր տնօրէն Հայկակ Արշամեանը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ ծրագրերի են ուղղուելու «Ես իմ անուշ Հայաստանի. կենարար ջուր եւ արեւ համայնքներին» խորագրով անցկացուող հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակուած գումարները:
ՀԱՅԿԱԿ ԱՐՇԱՄԵԱՆ.- Հեռուստամարաթոն-2019ի ընթացքում հաւաքուած միջոցները կ՛ուղղուեն խմելու ջրի մատակարարման եւ արեւային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում եւ Հայաստանի երեք մարզերում՝ Տաւուշում, Լոռիում եւ Շիրակում: Շահառուները կ՛ապահովուեն շուրջօրեայ ջրամատակարարմամբ, անվճար ջեռուցմամբ ու էլեկտրաէներգիայով:
Ներկայացնեմ, ինչո՛ւ ենք ընտրել այս ծրագրերը: Երբ ցանկանում էինք հասկանալ, թէ Հայաստանում եւ Արցախում որո՛նք են ամենաառաջնային լուծում պահանջող խնդիրները, դիմեցինք Արցախի կառավարութեանն ու Հայաստանի բոլոր մարզպետարաններին, որ մեզ տեղեկութիւններ տրամադրեն: Արդիւնքում պարզեցինք, որ երկրում խմելու ջրի խնդիր կայ եւ որոշեցինք, որ այս տարուայ հեռուստամարաթոնի միջոցներն ուղղուելու են այդ խնդրի լուծմանը, որովհետեւ չենք կարող թոյլ տալ, որ 21րդ դարում մարդիկ կենցաղային տարրական պայմաններ չունենան: Գիտենք, որ թէ՛ Արցախում, թէ՛ ՀՀ սահմանամերձ շրջաններում կենցաղային-սոցիալական ծանր պայմաններն են նաեւ պատճառը, որ մարդիկ լքում են իրենց հայրենի հողը, հայրենի գիւղը եւ տեղափոխւում են մեծ քաղաքներ կամ ուղղակի հեռանում են երկրից: Կարծում ենք, որ նրանց բնակպայմանները բարելաւելով կը կապենք մարդկանց իրենց հող ու ջրին:
Արեւային էներգիայի օգտագործման համար ասեմ, որ հիմնադրամն արդէն երկու տարի է, որ փորձնական ծրագրեր է իրականացնում Տաւուշի շրջանում, Աշոցքում, Արցախում, եւ հիմնականում Ֆրանսիայի մեր ընկերներն են դրա ջատագովը, ովքեր պարբերաբար դրամահաւաքներ են կազմակերպում: Հայ համայնքի, նաեւ՝ ֆրանսիական ցանցի գումարներով փորձարկումներ ենք իրականացրել եւ արեւային վահանակներ եւ ջրատաքացուցիչներ ենք տեղադրել բնակարանների համար: Ծրագրի գնահատումից եւ մշտադիտարկումից յետոյ եկանք եզրահանգման, որ արեւային վահանակներ պէտք է տեղադրենք հանրային նշանակութիւն ունեցող շէնքերի վրայ, այսինքն՝ համայնքապետարան, գիւղապետարան, դպրոց, հիւանդանոց եւ այլն: Եթէ նշուած կառոյցներն ինքնաբաւ լինեն, ապա խնայուած միջոցները կ՛ուղղուեն համայնքի զարգացման այլ ծրագրերի:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ սկզբունքով են ընտրուել ձեր նշած մարզերը:
ՀԱՅԿԱԿ ԱՐՇԱՄԵԱՆ.- Այս տարուայ հեռուստամարաթոնում տարբերութիւններ կան. սովորաբար այդ օրը հաւաքուած գումարներն ուղղուել են Արցախին, սակայն այս տարի փոփոխեցինք, որովհետեւ աշխարհի տարբեր հայ համայնքներից եւ Հայաստանից յաճախ հարցնում էին, թէ ինչո՛ւ միայն Արցախին՝ ցանկանալով աջակցութիւն տրամադրել նաեւ Հայաստանին: Որոշեցինք, որ այս տարի գումարի մեծ մասը կ՛ուղղուի դէպի Արցախ, բայց նաեւ փորձնական ծրագրեր կ՛անենք Տաւուշի մարզում՝ յատկապէս սահմանամերձ գիւղերում, Լոռիի մարզում, որտեղ հիմնադրամը գործունէութիւն ծաւալել է, եւ Շիրակի մարզում, որ հիմնադրամի մշտական հոգածութեան ներքոյ է գտնւում՝ սոցիալական պայմաններով լինելով ամենաաղքատ մարզը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Փոքրիկ հաշուետուութիւն. հեռուստամարաթոն 2018ի ընթացքում հաւաքուած գումարներն ի՞նչ ծրագրերի են ուղղուել եւ ի՞նչ արդիւնքներ կան:
ՀԱՅԿԱԿ ԱՐՇԱՄԵԱՆ.- 2018թ.ի ծրագրերը բազմաժանր էին եւ բազմավեկտոր (բազմաշառաւիղ-Խմբ.): Այդ թւում էին, Արցախի գիւղատնտեսութեան համար կենսական նշանակութեան՝ խորքային հորերի հորատման ծրագիրը, որի շրջանակներում ութ հօր է նախագծւում: Միաժամանակ, Արցախում մի քանի դպրոցի եւ մանկապարտէզի վերանորոգման ծրագիր ունենք հաստատուած եւ արդէն սկսել ենք երկու համայնքում երկու մանկապարտէզի եւ մէկ դպրոցի վերականգնման աշխատանքները: Ունենք մի շատ հետաքրքիր ծրագիր՝ Ֆրանկոֆոնիայի կենտրոնի կառուցում Ստեփանակերտի սրտում, եւ դա քաղաքական առումով շատ կարեւոր է ու մեծապէս կը նպաստի Արցախի միջազգային ճանաչման գործընթացին: Սա երկու՝ հայկական եւ ֆրանսիական ցանցերի համագործակցութեան արդիւնք է: Ներկայում, Ստեփանակերտի կենտրոնում ընթանում է երիտասարդական կենտրոնի կառուցում՝ բարերար Սամուէլ Կարապետեանի նուիրատուութիւններով: Ունենք նաեւ բազմաթիւ բժշկական, մշակութային, կրթական ոլորտի ծրագրեր:
Հայաստանում, Արմավիրի շրջանի Նալբանդեան գիւղում այս պահին 14 տուն ենք կառուցում կարքիաւորների համար եւ՝ մէկ բժշկական կենտրոն: Մեր ծրագրերից է նաեւ, նուիրատուներից մէկի ցանկութեամբ, Քարվաճառում հիւանդանոցի ամբողջովին վերակառուցումը: Տաւուշի մարզի համայնքներից մէկում կանանց խումբ էր ձեւաւորուել, ում նուիրեցինք ջերմոց, որը նրանք պէտք է շահագործեն, եւ յուսանք, որ լաւ բերք կ՛ունենան:
Միաժամանակ, ունենք գնահատում եւ մշտադիտարկում իրականացնող մասնագէտ, ով ծանօթանում է նախկին եւ ընթացիկ ծրագրերին՝ բարելաւելու համար, որպէսզի ոչ միայն մեր ծրագրերի օգտակար գործողութեան գործակիցը բարձրացնենք, այլեւ՝ յաւելեալ արժէք բերենք տուեալ ծրագրին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Բացի հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակուած գումարներից, հիմնադրամի նոր ռազմավարութիւնը ենթադրում է նաեւ առանձին ծրագրերի համար տեղային դրամահաւաքներ: Ի՞նչ ձեռքբերումներ կան այս առումով:
ՀԱՅԿԱԿ ԱՐՇԱՄԵԱՆ.- Գործարկեցինք հիմնադրամի նոր կայքը, որը ցանկանում էինք, որ հնարաւորինս համապարփակ լինէր եւ ծառայեր տարբեր խնդիրների լուծմանը՝ հաշուետուութիւնից մինչեւ մասնակցութիւն, նաեւ՝ ունենար նուիրատուութիւնների առցանց գործող մեխանիզմ, քանի որ մեր ցանցը շատ մեծ է: Ըստ այդմ, ստեղծուել է դրամահաւաք արշաւների բաժին (crowfunding), որն այս պահին փորձարկում ենք: Յետագայում, առանձին ծրագրերի կամ հիմանդրամի կողմից առաջարկուող նախաձեռնութիւնների դրամահաւաք արշաւը կ՛իրականացուի կայքի միջոցով: Նոր կայքի հնարաւորութիւններին, ինչպէս նաեւ առցանց նուիրատուութեան մեխանիզմին կարող էք ծանօթանալ այցելելով՝ https://www.himnadram.org/hy/donate:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէնի պաշտօնը ստանձնելով՝ հանդէս եկաք նոր ռազմավարութեամբ, որի ա-ռանցքը ցանցային համակարգն էր: Ի՞նչ յաջողութիւնների մասին կարող էք խօսել:
ՀԱՅԿԱԿ ԱՐՇԱՄԵԱՆ.- Ես կարծում եմ, որ հայ ժողովրդի դէպքում, որ գլոբալ (համերկրային-Խմբ.) ազգ ենք, միակ ճանապարհը ցանցային համակարգով աշխատելն է: Հիմնադրամի ռազմավարութիւնը դրա փոքր մոդելի ստեղծումն էր, քանի որ հիմնադրամը ցանց է՝ աշխարհի 19 երկրում 21 տարածքային մարմիններով եւ նրանց միջեւ ամէնօրեայ աշխատանքով: Կարծում եմ, որ այդ ամէնօրեայ աշխոյժ շփումների արդիւնքում է, որ ծնւում են արդիւնաւէտ գաղափարներ, այնինչ, նախկինում տարբեր երկրների գրասենեակները շփւում էին միայն Երեւանի հետ: Ցանցային աշխատանքի եւս մի օրինակ էր այն, որ Տորոնտոյում անցկացուած դրամահաւաքի պատուոյ հիւրն էր Լոս Անջելեսի գրասենեակի նախագահը, եւ այս ձեւաչափը ներմուծել ենք նաեւ Նոյեմբերի 28ին նախատեսուած հեռուստամարաթոնում:
Ցանցայնութեան սկբունքները ներդրուած են նաեւ հիմնադրամի նոր կայքի ակունքներում: Ներկայացուած քարտէզի վրայ կարող էք տեսնել հիմնադրամի բոլոր ծրագրերը՝ ըստ տարիների տրամադրուած գումարի չափը, տրամադրող բարերարի, կառոյցի մասին տեղեկատուութիւն եւ այլն: Այսպիսով, լուծել ենք հաշուետուութեան եւ թափանցիկութեան հարցը:
Ցանկանում ենք նաեւ մեր մրցոյթների համակարգը դարձնել առցանց, ինչի արդիւնքում բոլորին հասանելի կը լինի, թէ օրինակ, շինարարութեան մրցոյթին քանի՛ ընկերութիւն է մասնակցել, ո՛վ է յաղթել, ինչո՛ւ եւ ինչպէ՛ս: Սա կ՛ապահովի լրացուցիչ թափանցիկութիւն:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Առցանց, կայքի միջոցով, ի՞նչ նոր ծրագրեր էք առաջարկում:
ՀԱՅԿԱԿ ԱՐՇԱՄԵԱՆ.- Ունենք նոր ծրագիր, ոչ կոչւում է «Մէկ գաւաթ սուրճ»: Հայերս, շատ ենք սիրում սուրճ եւ բաւական մեծ գումարներ ենք վճարում ամէն օր, յատկապէս ԱՄՆում, մէկ գաւաթ սուրճի համար: Մենք բոլորին կոչ ենք անում, որ եթէ օրական մէկ գաւաթ թէյ կամ սուրճ են խմում, երկրորդի գումարը նուիրաբերեն հիմնադրամին, եւ չափը սահմանել ենք խորհրդանշական՝ մէկ դոլար կամ 500 դրամ: Եթէ ամէն հայ, օրական նուիրաբերի այդ գումարը հիմնադրամին, ինչը բնականաբար հայրենիքի համար է ծախսուելու, մենք այդ կաթիլներով հսկայական գումար կարող ենք հանգանակել եւ ուղղել Հայաստանում տարբեր ծրագրերի:
Ցանկանում եմ ընդգծել, որ մենք բաց ենք նոր առաջարկների եւ համագործակցութեան: Մեր կայքն էլ գործիք է՝ կապերի ամրապնդման, ներգրաւուածութեան՝ այն առումով նաեւ, որ ունենք ոչ դրամական նուիրատուութիւնների բաժին: Այսինքն, եթէ կան մասնագիտական խմբեր, միութիւններ, անհատներ, ովքեր ունեն մասնագիտական ձիրքեր եւ ցանկանում են ներդնել Հայաստանում, հիմնադրամը կարող է հանդիսանալ այդ կամուրջը, որովհետեւ միայն գումարով եւ դրամով չի կառուցւում, զարգանում երկիրը, նաեւ՝ մարդկանցով է դա արւում: Մենք աշխարհում ունենք հսկայական ներուժ, եւ ժամանակն է, որ դրանք օգտագործենք: Այսօր, համայն հայութեան դրական տրամադրութիւնների լոյսի ներքոյ, այս հնարաւորութիւնը բաց չթողնենք:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հեռուստամարաթոնի ձեւաչափում այս տարի ի՞նչ փոփոխութիւններ են կատարուել:
ՀԱՅԿԱԿ ԱՐՇԱՄԵԱՆ.- Այս տարի որոշեցինք, որ մարաթոնի հեռարձակման առաջին չորս ժամն անցկացուի Հայաստանում, այսինքն՝ ուղերձը համայն հայութեանը կ՛ուղղուի մայրաքաղաքից, յետոյ ցանցայնութեան սկզբունքով, այն կը տեղափոխուի Լոս Անջելես: Այսպիով թեթեւացնում ենք լոսանջելեսեան կառոյցի աշխատանքները, որովհետեւ ահռելի ծախս էր կատարւում: Մինչդեռ, Հայաստանում հեռուստամարաթոնի կազմակերպումն աւելի մատչելի է, եւ մեր գործընկեր «Հանրային հեռուստաընկերութիւն»ն անվճար աջակցում է մեզ:
Կոչ եմ անում համայն հայութեանը՝ դիտել եւ մասնակցել հեռուստամարաթոնին, եւ միաժամանակ, նուիրատուութիւն կատարել ոչ միայն մէկ օր, այլ՝ իւրաքանչիւր այլ օր մեր կայքի միջոցով: Մենք սկսել ենք իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք յարատեւ են, այսինքն, եթէ նախկինում հիմնականում իրականացուել են մէկանգամեայ ծրագրեր՝ կառուցուել է դպրոց եւ այդքանով ծրագիրն աւարտուել է, մենք կրթօջախին ապահովում ենք նաեւ բովանդակութեամբ, ճանապարհ կառուցելուց յետոյ՝ հոգում ենք համայնքի զարգացումը եւ այլ: