ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան յեղափոխական նկատեց 2020ի պետական պիւտճէի նախագիծը: 15 Նոյեմբերի Հայաստանի Ազգային ժողովի նիստին այս մասին յայտնեց ինք՝ Հայաստանի Հանրապետութեան 2020ի նախագիծի քննարկման ընթացքին:
«Առաջին՝ արդեօք 2020թ. բիւջէի նախագիծը յեղափոխական է: 2018թ. յեղափոխութեան շրջանում, երբ ես դեռ Հայաստանի վարչապետ չէի, յայտարարել եմ հրապարակային, որ մէկ-երկու տարուայ ընթացքում ՀՀ բիւջէն պէտք է աւելանայ 30-35 տոկոսով, սա եղել է յեղափոխութեան խոստումներից մէկը: Հիմա, 2020թ. պետական բիւջէի նախագծում եկամտային մասը 2018թ. եկամտային մասը գերազանցում է 27.4 տոկոսով, եթէ սրան գումարում ենք նաեւ 2018թ. ընթացքում բիւջէի գերակատարման ցուցանիշները, որոնք արդէն 62 միլիարդով գերակատարուած են, ուրեմն բիւջէի աճը կազմում է 33 տոկոս, իսկ, եթէ սրան աւելացնում ենք այն բիւջետային կորուստները, որ մենք մեր որոշումների արդիւնքում ունեցել ենք, մեր աճն արդէն իսկ կազմում է 35 տոկոս։ Սա ուղիղ պատասխան է այն հարցին, թէ արդեօք այս բիւջէն յեղափոխակա՞ն է: Այո՛, այս բիւջէն յեղափոխական է, որովհետեւ ճշգրիտ իրագործումն է այն խոստման, որը ես անձամբ հնչեցրել եմ: 2020թ. նախատեսուած կապիտալ ծախսերը 2018թ. փաստացի ցուցանիշի նկատմամբ աւել են ուղիղ 135.1 տոկոսով: Այլ կերպ, քան յեղափոխական, սա չի կարելի անուանել», դիտել տուաւ Փաշինեան: