ԵՐԵՒԱՆ, «ԱՐՄԷՆՊՐԵՍ».- Ռումինիայի խորհրդարանի շէնքում Հոկտեմբերի 15ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան նախաձեռնութեամբ եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անուան հին ձեռագրերի գիտահետազօտական ինստիտուտի (հիմնարկի) ու Ռումինահայոց միութեան աջակցութեամբ բացուել է «Հոկտեմբերի 12ը Ռումինիայում Հայոց լեզուի, այբուբենի եւ մշակոյթի օր հռչակելու» օրէնքի ընդունման կապակցութեամբ կազմակերպուած ցուցահանդէսը:
Ցուցահանդէսի բացմանը ելոյթներով հանդէս են եկել Ռումինիայի խորհրդարանի պատգամաւորների պալատի նախագահ Իոն-Մարչել Չիոլակուն, Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգէյ Մինասեանը եւ օրէնքի համահեղինակներ, Ռումինիայի խորհրդարանի պատգամաւորներ Վարուժան Ոսկանեանն ու Վարուժան Փամբուկչեանը:
Ներկաները ծանօթացել են հայկական այբուբենի ինքնատիպութեանը, Մատենադարանում պահուող հայ միջնադարեան որոշ ձեռագիր մատեանների պատկերազարդումներին ու մանրանկարչութեանը:
Միջոցառմանը ներկայ են եղել Ռումինիայի խորհրդարանական կուսակցութիւնների եւ խմբակցութիւնների ղեկավարներ, պատգամաւորներ, ինչպէս նաեւ բազմաթիւ ԶԼՄների ներկայացուցիչներ: