«Օգտուինք եւրոպական լեզուներու նորարար ու թարմ արտայայտութիւններէն, բայց չմոռնանք գրաբարային յուռթի շտեմարաններէն օգտուիլ մանաւանդ: Ինչո՞ւ մեր հացը գետին նետենք ու մուրացիկ ուրիշի ետեւէն վազենք».
ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ
«Մեր մայրենի լեզուն ազգային պարտէզի վարդն է. առանց նրա մենք չունենք հրապոյր: Առանց մայրենի լեզուի մենք մեռած ենք».
ՍԻՐԱՆՈՅՇ (անուանի դերասանուհի)
«Հայոց լեզուն, որքան աւելի եմ զբաղւում նրանով, ինձ թւում է ճոխութեան հրաշք եւ ոսկու հանք. որքան մշակում ես՝ այնքան զտւում է եւ շողշողում. որքան գոյներ ունի եւ արտայայտչական հնարաւորութիւններ…».
ՆԱՐ-ԴՈՍ
«Բարբառը գանձ է, նրանից է իսկական գրականութիւնը քաղում լեզուական շատ գոյներ, ստանում զգալի համ ու հոտ: Բարբառում պահպանուած են մեր դասական լեզուի՝ գրաբարի շատ գանձեր».
ՍԵՐՕ ԽԱՆԶԱԴԵԱՆ
«…Այս տօնը ոչ թէ գիրին, գրականութեան տօնն է, այլ մեր ազգային գիտակցութեան, գոյութեան պահպանման տօնն է: Ո՞ւր էր գաղտնիքը, որ հին դարերու մէջ մեզի հետ ապրող ազգեր մեծ մասով այսօր անհետացած են եւ մենք կը պահենք մեր գոյութիւնը: Գաղտնիքը մեր լեզուին մէջն է».
ՌՈՒԲԷՆ ԶԱՐԴԱՐԵԱՆ
«Արիւն-աւերանքի դարեր եկան ու գնացին, գահեր հիմնուեցին, գահեր խորտակուեցին, ազգաբնակչութիւնը սպառուելու չափ ջնջուեց, ստրկութեան ամենադաժան լծեր կրեց իր վզին: Բայց խաւարի ու անէծքների մէջ չէին մարում կենդանութեան կրակները: Դրանք ամէն ժամանակ, ամէն տեղ միեւնոյն կերպարանքն ունէին՝ մեսրոպեան գիրը: Մեսրոպը իր կատարած գործով ամենամեծն է մեր պատմական հերոսների մէջ: Մեր հազարամեայ անցեալի այն երկար ճամբուն, որուն վրայ փռուած են մեր անհուն տառապանքները, ո՛չ բանակներ ունէինք մեր պահպանութեան համար, ո՛չ ուժ, ո՛չ հնարաւորութիւն, ո՛չ էլ արտաքին օգնութիւն, այլ մէկ հատիկ բան միայն՝ մեսրոպեան գիրը».
ԼԷՕ (Առաքել Բաբախանեան)
«Երեւականութիւնն ու պատկերացումը նման լինելով՝ նոյնը չեն: Երեւակայում են նաեւ մանուկները, մինչդեռ պատկերացնել կարող է միայն հասուն մարդը: Մաշտոցը եկաւ դառնալու մեր պատկերացումը. պատկերացումը մեր իսկ գոյութեան, մեր իսկութեան: Այդ նա էր, դարձեալ ու վերստին նա, որ մեզ ծանօթացրեց մեզ, տուեց ինքնաճանաչում: Առանց այդ ինքնաճանաչման եւ ինքնավստահութեան, առանց այդ յոյսի եւ հաւատի, առանց այդ նոր զէնքի, որ կոչւում էր գրիչ, չէր կարող լինէր ո՜չ Աւարայրը, ո՛չ էլ Քաղկեդոնը: Ահա թէ ինչու Մեսրոպն է մեր մեծագոյն եւ անբաղդատելի քաղաքագէտը… Մեսրոպը, անտարակոյս, հանճարեղ լեզուաբան էր, անմրցակից հետախոյզ հնչիւնական այն բարդ համակարգի, որ ունի եւ ունեցել է մեր լեզուն».
ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ (Ղազարեան)
«Ոչ թէ սիրում՝ սիրահարուած եմ հայոց հինաւուրց լեզուին, ժամերով բառարանների մէջ եմ խոթում քիթս ու հրճւում, զմայլւում: Այս աշխարհում նախանձում եմ միայն նրանց, ովքեր ինձնից լաւ գիտեն իմ լեզուն».
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ
«Հայ ժողովրդի մշակութային ժառանգութեան գանձարանում ամենամեծ եւ ամենաթանկագին հրաշալիքը հայոց լեզուն է: Նա ծառայում է մեզ այսօր նոյն յաջողութեամբ, ինչպէս ծառայում էր երկու հազար տարի սրանից առաջ: Մեր հանրապետութեան ժամանակաշրջանում նա ոչ միայն դարձաւ պետական լեզու, այլեւ սկսուեց կիրառուել բազմաթիւ գիտութիւնների բնագաւառում: Եւ ահա այսօր մենք համոզւում ենք, որ իր ներքին խիստ տրամաբանական կառուցուածքի շնորհիւ նա կարող է գնահատուել որպէս գիտական լեզու, հեշտութեամբ եւ հակիրճ ձեւով արտայայտելով ժամանակակից գիտութեան ամենաբարդ գաղափարները: Ես լի եմ հաւատով, որ հայոց լեզուի կիրառութիւնը գիտութեան մէջ դարեր անընդհատ կը պսակուի նորանոր յաջողութիւններով».
ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
«Լեզուն ազգի հոգին է. կենդանի է այն հոգին, կենդանի է այն ազգը, կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է երկրորդը».
ՎԱՀԱՆ ՏԷՐԵԱՆ
«Ժողովուրդն է միայն, որ կը դարբնէ լեզուն կեանքի ամէնօրեայ սալին վրայ… եւ գրական մարդիկ կը հպատակին ժողովուրդի լեզուին եւ ոչ թէ կը տիրեն անոր».
ԳՐԻԳՈՐ ԶՕՀՐԱՊ
«Մայրենի լեզուի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզուինը՝ հասկանում, սովորում, յիշում».
ԱՒԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆ
«Յունարէնը մեղմ է, հռոմէական լեզուն՝ հզօր, հոներէնը՝ ահաբեկող, ասորերէնը՝ աղերսական, պարսկերէնը՝ պերճ, ալաներէնը՝ գեղեցկազարդ, գոթերէնը՝ հեգնական, եգիպտերէնը՝ տափակախօս ու խաւարաձայն, հնդկերէնը՝ ճռուողական, հայերէնը՝ քաղցր, որ միաժամանակ կարող է միւս բոլոր լեզուների յատկութիւններն ամփոփել իւր մէջ».
ԵՂԻՇԷ
Օտարները Հայերէնին Մասին
«Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մէջ Արեւելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցեալի խորհրդաւոր նշոյլի շողարձակումը: Ինձ համար պարծանք է հայերէն թարգմանուելը».
ՎԻԿՏՈՐ ՀԻՒԳՕ (ֆրանսիացի հռչակաւոր գրող)
«Իբրեւ հաճելի ժամանց՝ ամէն օր հայերէն եմ սովորում հայկական վանքում: Պարզուեց, որ միտքս պայծառացնելու համար ինձ հարկաւոր է մի տաժանակիր աշխատանք: Սա ամենադժուարին աշխատանքն է, որ ես կարողացայ գտնել այստեղ (Վենետիկ) իբրեւ ժամանց՝ միտքս տանջահար ընելու եւ կենտրոնանալու համար: Ինչեւէ, սա մի հարուստ լեզու է, եւ լիովին փոխյատուցւում են սովորողի չարչարանքները: Հայոց լեզուն հարուստ լեզու է, եւ արժէ, որ մարդ տանջուի այն սովորելու համար: Ես ջանք եմ թափում եւ կը շարունակեմ այն ուսումնասիրել…».
ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ (անգլիացի բանաստեղծ)
«Ոճի տեսակէտից հնդեւրոպական ոչ մէկ լեզու չի գերազանցեր հայերէնը, նոյնիսկ չի հաւասարիր անոր: Հայերէնը ոչ թէ կը հաւասարի եւրոպական լեզուներու, այլ կը գերազանցէ զանոնց».
ԱՆԹՈՒԱՆ ՄԱՅԷ (ֆրանսիացի նշանաւոր լեզուաբան)
«Հայերէնը գարնան վարդի պէս գեղեցիկ է եւ հրապուրիչ. շատ կը սիրեմ հայերէնը».
ԱՆԱՏՈԼ ՖՐԱՆՍ (ֆրանսիացի նշանաւոր գրող)
«Հայերէնը լեզուներու անծանօթ գեղուհին է».
ՎԱԼԵՐԻ ԲՐԻՒՍՈՎ (ռուս մեծանուն գրող)
«Հայ լեզուն ունի քառասուն հազար գրանցուած արմատ բառ, մինչդեռ շատ մը լեզուներու մէջ տասը հազարը չ՛անցնիր».
ԷԴՄՈՆԴ ՇՈՒՑ (հունգարացի արեւելագէտ)
«Հայերէնը իր ճոխութեամբ, ճկունութեամբ, իմաստաբանական հազարերանգ առումներով փայլատակեր է Գրիգոր Նարեկացիի «Մատեան Ողբերգութեան» պոէմի մէջ. պոէմ, որ նման է փիլիսոփայական խորհրդածութիւններու փառահեղ տաճարի մը»:
ԺԱՆ ՓԻԷՌ ՄԱՀ (ֆրանսիացի հայագէտ)
Mardun anune Jean Pier Mahe e, aysinkn anune ge verjana e-ov.