ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ
Կառավարութիւնը Հոկտեմբերի 3ին հաւանութեան է արժանացրել հակակոռուպցիոն (կաշառակերութեան դէմ-Խմբ.) ռազմավարութիւնը, որով նախատեսւում է ստեղծել կոռուպցիոն յանցագործութիւնները քննող Հակակոռուպցիոն կոմիտէ: Այն կը ստեղծուի 2021 թուականին, իսկ մինչ այդ, անցումային փուլում, կոռուպցիոն քննութիւնը կ՛ընթանայ այսպէս ասած՝ ինչպէս միշտ: Հակակոռուպցիոն ռազմավարութիւնը Հայաստանում ինքնին նորութիւն չէ, որպէս երեւոյթ, սակայն ակնառու է, որ մինչ այդ եղած ռազմավարութիւնները գոյութիւն ունէին քաղաքական կամքի բացակայութեան վարչակարգում: Թէ ինչու էր բացակայում քաղաքական կամքը, դա էլ նորութիւն չէ: Ներկայիս ռազմավարութիւնը տարբերուելու է նրանով, որ ձեւաւորուել եւ ընդունուել է քաղաքական կամքի առկայութեան պայմաններում, ըստ այդմ, ունի իրագործման բաւականին մեծ շանս (յոյս-Խմբ.) եւ հաւանականութիւն:
Սակայն խնդրոյ առարկան ամենեւին լոկ կոռուպցիայի դէմ պայքարի քաղաքական կամքը չէ: Հակակոռուպցիոն ռազմավարութիւնը, ուղղակի թէ անուղղակի, իրականացման շրջափուլում շօշափելու է Հայաստանի համար կարեւորագոյն մի խնդիր՝ տնտեսական ստատուս-քուոն (հաստատուած իրավիճակը-Խմբ.), որից բխում է նաեւ մի շարք այլ ուղղութիւններով ռեսուրսային (միջոցներու-Խմբ.) ստատուս-քուոյի հարցը:
Բանն այն է, որ ներկայումս բիզնեսի (առեւտուրի-Խմբ.) եւ քաղաքականութեան, բիզնեսի եւ իշխանութեան տարանջատման քաղաքական կամքի եւ դրա իրագործման յետյեղափոխական շրջափուլում՝ ընդ որում անկախ իրագործման դինամիկայից եւ դրա վերաբերեալ հանրութեան տարբեր գնահատականներից, տնտեսական ստատուս-քուոն ստեղծում է քաղաքական որոշակի մրցակցութիւն կամ, այլ կերպ ասած՝ կոռուպցիայի դէմ պայքարի դէմ որոշակի ճակատ, որովհետեւ այդ ստատուս-քուոյում գերակայում են այն ուժերը, որոնց թէ՛ տնտեսական, թէ՛ քաղաքական շահերը շօշափելու է կոռուպցիայի դէմ պայքարը: Մինչդեռ, նոյն մեթոդներով (միջոցներով-Խմբ.) պայքարել կոռուպցիայի դէմ եւ թիրախաւորել ստատուս-քուոն, ոչ միայն չի ստացուի, այլ կը լինի վտանգաւոր, որովհետեւ, ի վերջոյ, Հայաստանի համար մի շարք առումներով կարեւոր է թէ՛ ներքին տնտեսա-քաղաքական կայունութիւնը եւ արդիւնաւէտութիւնը, թէ՛ արտաքին բիզնես վարկը, իմիջը, գրաւչութիւնը:
Ըստ այդմ, Հայաստանում կոռուպցիայի խորքային խնդիրը՝ իսկ դա լոկ յանցագործութիւնը, կոռուպցիայի, այսպէս ասած, քրէօրէն պատժելի դրսեւորումները չեն, այլ նաեւ խորքային մի շարք անկիւնաքարեր, պահանջում է այդ երեւոյթի դէմ պայքարի լայն ռազմավարութիւն, ոչ միայն պատժիչ, բացայայտող կամ կանխարգելող իրաւական եւ վարչական մեխանիզմների (գործիքներու-Խմբ.) տեսքով, այլ, թերեւս, նաեւ գործողութիւնների, որոնք կը բերեն տնտեսական ստատուս-քուոյի փոփոխութեան՝ ո՛չ հակատնտեսական, ո՛չ հակաօրինական եւ ո՛չ հակաիրաւական մեթոդներով: Հակառակ պարագայում, կոռուպցիայի սաղարթը արմատախիլ կարուի քաղաքական կամքի եւ իրաւական մեխանիզմների գործադրմամբ, եւ գուցէ նաեւ արդիւնաւէտ կանխարգելում լինի ինստիտուցիոնալ (հիմնարկներու-Խմբ.) մեխանիզմների ներդրումով, սակայն կոռուպցիայի հոգեբանական հիմքը չի յաղթահարուի, որովհետեւ դրա հիմնական օջախներից մէկը շարունակում է մնալ այն տնտեսական ստատուս-քուոն, որը ձեւաւորուած է այդ կոռուպցիայի հետեւանքով կամ արդիւնքում: Իսկ դա նշանակելու է ներքին անվերջ լարուածութիւն, քանի դեռ կայ ինտենսիւ (ծանր-Խմբ.) պայքար հետեւանքի դէմ, սակայն պատճառների խորքային օջախներից մէկը չի լինի վերացուած:
«Առաջին Լրատուական»
Հարցում՝ խմբագրին: Արդեօ՞ք տեղեակ չէք որ «Առաջին Լրատուական» կայք-ցանցը կը վայելէ նախկին Քալիֆորնիաբնակ ու ներկայիս Հայաստանի ԱԺ-ի անդամ հակադաշնակցական պատգամաւորի մը քաղաքական հովանաւորութիւնն ու անմիջական հսկողութիւնը:
Արտատպուելու արժանի այլ մամուլ չգտա՞ք: