
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Ինքնավստահութիւն ստանում եմ աշխատանքիս արդիւնքից եւ մարդկանց օգնելուց: Իմ հիմնադրած ընկերութիւնը չունի ո՛չ կայքէջ, ո՛չ ներկայութիւն սոցիալական (ընկերային) հարթակներում, իսկ մեր ծառայութիւններից օգտուել ցանկացողները դիմում են մեզ՝ երաշխաւորութիւն ստանալով մեր յաճախորդներից: Եթէ լաւ ես կատարում գործդ՝ անպայման կը գտնեն քեզ», ասաց ոլորտում ճանաչում ունեցող «Օշընվիւ Քեփիթըլ Փարթնըրզ» մասնաւոր բաժնետիրական եւ խորհրդատուական ընկերութեան հիմնադիր-տնօրէն Արմէն Վարդանեանը, ով մասնագիտական բարձր պատրաստուածութեան ու համամարդկային արժէքների համադրութեամբ է առաջնորդւում՝ նորարարական մօտեցումների արդիւնքում ուրոյն ձեռագիր սահմանելով ֆինանսական, գործարար աշխարհում:
Հինգ տարուայ գործունէութեան ընթացքում «Օշընվիւ Քեփիթըլ Փարթնըրզ»ը հաստատուն տեղ է զբաղեցրել ոլորտում՝ յաճախորդների ցանկում ունենալով բազմամիլիոն արժողութեամբ Ամերիկեան ճանաչուած ընկերութիւններ, որոնց յաջողութեան հարցում ներդրում ունի նաեւ հայազգի մասնագէտը: Աւարտելով Բերքլիի համալսարանի Հաաս Բիզնեսի դպրոցը, եւ մագիստրոսի կոչում ստանալով Փենսիլվանիայի Վարթոն դպրոցում, Արմէն Վարդանեանի մասնագիտական կենսագրութիւնը ձեւաւորուել է յայտնի մասնաւոր բաժնետիրական ընկերութիւններում եւ ներդրումային բանկերում, այդ թւում՝ «Սան Քեփիթըլ Փարթնըրզ», «Լեհման Բրադըրզ», «Սիթիգրուպ», որտեղ նա զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտօնները:
«Սովորելով, աշխատելով եւ ապրելով տարբեր երկրներում, որոշեցի վերադառնալ Մոնթրոզ՝ ընտանիքիս մօտ եւ մտածել, թէ ինչով պէտք է զբաղուեմ: Հինգ տարի առաջ որոշեցի հիմնել սեփական խորհրդատուական եւ բաժնետիրական ընկերութիւն, որ երկու հիմնական ուղղութեամբ է աշխատում՝ ներդրումներ ենք կատարում տարբեր ձեռնարկութիւններում, ու այժմ դրանց թիւը մէկ տասնեակից աւելի է, եւ խորհրդատուութիւն ենք տրամադրում ձեռնարկատէրերին: «Օշընվիւ Քեփիթըլ Փարթնըրզ»ն ամբողջական մօտեցում է ցուցաբերում՝ մասնակցելով ռազմավարութեան ստեղծմանը, գործարքների կազմելու գործընթացին, ելքի ծրագրաւորմանը, ֆինանսների եւ կորպորատիւ (ընկերակցական) կառավարման հարցերին, բանակցութիւններ ենք վարում, եւ յաճախորդների շահերը լաւագոյնս պաշտպանում տարբեր ֆինանսական կառոյցների հետ յարաբերութիւններում: Հիմնականում աշխատում ենք այնպիսի ձեռնարկութիւնների հետ, որոնք համեմատաբար փոքր ոլորտային բիզնես դաշտում են գործում (20-250 միլիոն դոլար արժողութեամբ ընկերութիւններ), եւ ոչ միշտ է, որ լաւագոյն խորհրդատուութիւն են ստանում, քանի որ լաւագոյն մասնագէտները հիմնականում նախընտրում են աշխատել 200 միլիոն դոլարից աւելի արժողութեամբ խոշոր ընկերութիւնների հետ: Մեր աշխատանքն առաւել պատկերաւոր ներկայացնելու համար նշեմ, որ օրինակ, երբ դիմում են մեզ օգնելու վաճառել իրենց ընկերութիւնը, մենք առաջարկում ենք այն ընդլայնել այնքան, որ արժեքը մի քանի անգամ աւելանայ, եւ նոր միայն վաճառել: Ուրախութեամբ պէտք է նշեմ, որ մեր յաճախորդների շարքում են նաեւ հայերի կողմից հիմնադրուած եւ ԱՄՆում մեծ յաջողութեամբ գործող շատ ընկերութիւններ», բացատրեց Արմէն Վարդանեանը:
Նա նշում է, որ յաճախորդների ընտրութեան հարցում բծախնդիր է, եւ աշխատում է միայն այն ձեռնարկութիւնների հետ, որոնց իսկապէս կարող են օգտակար լինել. «Մենք չենք ցանկանում ունենալ հազարաւոր յաճախորդներ, եւ ունենում ենք տարեկան առաւելագոյնը մէկ տասնեակ, ինչի արդիւնքում, կարողանում ենք ապահովել որակ: Մեր յաճախորդներին վերաբերում ենք հարազատի, ընկերոջ պէս, քանզի աշխատանքը շարունակական է եւ տեւում է տարիներ, որի ընթացքում աշխատում ենք միայն նրանց համար լաւագոյն տարբերակի սկզբունքով: Մեծ պատասխանատուութեամբ ենք մօտենում աշխատանքին, եւ շատ են դէպքերը, երբ առաջարկ ենք ստանում ներգրաւուել ընկերութիւնների կառավարող խորհուրդներում»:
Վարդանեանը նշում է, որ երբեւէ չի ստանձնում գործ, որին չի հաւատում, որ կարող է օգտակար լինել, սակայն միշտ պատրաստ է զրուցել, խորհուրդ տալ, ուղղորդել, եւ օգտագործել իր կապերը դիմող իւրաքանչիւր անհատին օգնելու: «Յաջողութեան իմ չափումը կայանում է մարդկանց օգտակար լինելու մէջ: Ես գնահատում եմ անհատին ոչ թէ ձեռքբերումների համար, այլ՝ թէ ինչպէս է օգնել եւ օգնում մարդկանց: Իմ համար առաջնային է, թէ քանի մարդու եմ օգնել, եւ դա համարում եմ իւրաքանչիւրիս պարտականութիւնը: Սա իմ կարգախօսն է, որ փոխանցուել է նաեւ իմ մենթոր (խորհրդատուների-Խմբ.) կողմից: Նրանցից մէկը, ով իմ առաջին գործատուն էր ոլորտում ճանաչում ունեցող հայազգի »ինվեսմենթ պենկըր» (investment banker-ներդրումներու դրամավար-Խմբ.) էր, երբ ասացի, որ երախտագիտութիւնս եմ ցանկանում յայտնել եւ խորոված հիւրասիրել՝ ասաց, որ փոխարէնը՝ ես էլ օգնեմ մէկ ուրիշին»:
Վարդանեանը կարեւորում է խորհրդատու ունենալու եւ լինելու հանգամանքը: Նրա աշխատակիցների շարքում շատ են երիտասարդներ, այդ թւում՝ հայեր, ում Արմէնը ուսուցանել է եւ օգնել մուտք գործել տարբեր ոլորտներ: Այս նպատակով Արմէն Վարդանեանը համագործակցում է «Գլենդել Եութ Ըլայընս» կազմակերպութեան հետ՝ օգնելով կարիքաւոր ընտանիքների երեխաներին՝ պատանիներին ու երիտասարդներին դառնալու քաղաքացիական հասարակութեան լիարժէք անդամ՝ ուսուցանելով առաջնորդութեան, աշխատանքային հմտութիւններ: Նա ուրախութեամբ է նշում, որ այս տարի արժանացել է կազմակերպութան՝ «Լաւագոյն գործատու» մրցանակին: «Ինձ համար շատ կարեւոր է մենթորշիփը, եւ մենք մշտապէս աջակցում ենք երիտասարդներին՝ յատկապէս նրանց, ովքեր առաւել կարիք ունեն: Ներգրաւում ենք նրանց մեր աշխատանքներում, կրթում ենք, աշխատավարձ տալիս, եւ շատ յաճախ մեր ընկերութիւնում նրանք ստանում են իրենց առաջին աշխատանքը: Նրանցից պահանջում ենք շատ աւելին, քան միայն այս գործում յաջողակ լինելու ցանկութիւնը: Մեր նպատակն է, որ նրանք յաջողակ լինեն տարբեր բնագաւառներում, եւ ըստ այդմ, հնարաւորութիւնն ենք ընձեռում հանդիպել տարբեր ոլորտներում ներգրաւուած յաջողուած մարդկանց, խրախուսում ենք այցելել տարբեր ձեռնարկների, եւ օգնել բոլոր նրանց, ովքեր իրենց կարիք ունեն»:
Արմէնը խոստովանում է, որ գերադասում է համեստ կեանքով ապրել եւ ժամանակը տրամադրել մարդկանց օգտակար լինելուն, քան լինել չափազանց զբաղուած եւ ներգրաւուած լինելու առիթ չունենալ: Արմէն Վարդանեանի խօսքերի վկայութիւնն են նրա կենսակերպն ու գործը. բազմազբաղ գործարարը մեծապէս ներգրաւուած է համայնքի ու հայրենիքի զարգացման ու զօրացման գործում:
Արմէն Վարդանեանն ընկերների հետ միասին ներգրաւուած է Գլենդելի գործարար կեանքում՝ մասնաւորապէս Գլենդելը արհեստագիտութեան (բարձր տեխնոլոգիաների) կենտրոն դարձնելու հարցում: Նա խորհրդի անդամ է հանդիսանում ոլորտի խթանմանն ուղղուած «Գլենդել Թեք Ուիք» ամէնամեայ ձեռնարկի, որն այս տարի կ՛անցկացուի Սեպտեմբերի 14-21ը: Ոլորտում մեծ թիւ են կազմում նաեւ հայերի կողմից հիմնադրուած առաջատար ընկերութիւններ, որոնց ղեկավարների հետ միասին, Վարդանեանը փորձում է հնարաւորինս ներգրաւուել ու խրախուսել հայ երիտասարդների: Այդ նպատակի համար է Արմէնի եւ ընկերների կողմից ստեղծուած եւս մէկ նախագիծ՝ «Գլենդել Թեք օն Թեփ»ը, որի շրջանակներում ամէն ամիս անցկացուող տարաբնոյթ ձեռնարկներն առիթ են արհեստագիտութեան ոլորտի ներկայացուցիչների ու ձեռնարկատէրերի ազատ ու անկաշկանդ միջավայրում հանդիպելու, ծանօթանալու ոլորտի նորութիւններին, ստանալու խորհրդատուութիւն յաջողուած անհատներից, ովքեր պատրաստ են նաեւ աջակցելու:
Արմէն Վարդանեանի ուշադրութեան կենտրոնում մշտապէս նաեւ Հայաստանն է, եւ ԲՏ ոլորտի հայ մասնագէտները: «Ընկերս, Ներսէս Օհանեանը, իր «Հայ Թեք» անուանումով ընկերութեան միջոցով, ԱՄՆ է հրաւիրում Հայաստանի արհեստագիտութեան ոլորտի ներկայացուցիչների՝ իրենց նախագծերը ներկայացնելու Լոս Անջելեսում եւ Սան Ֆրանցիսկոյում գործող ոլորտի ամերիկեան լաւագոյն ընկերութիւններում: Շուրջ մէկ ամիս մենք պատրաստում ենք նրանց, խորհուրդներ ենք տալիս ինչպէս ներկայանալ՝ ապահովելու համար լաւագոյն արդիւնք», ոգեւորութեամբ պատմում է Վարդանեանն ու նշում, որ մեծ ուրախութեամբ է հետեւում հայրենիքում, ԲՏ ոլորտի յաջաղութիւններին, ինչը տաղանդաւոր մարդկանց շնոհիւ է, ովքեր կարողանում են ապահովել այնպիսի որակ, որ Հայաստանն ու հայկականը դարձնում են ճանաչելի եւ պահանջարկ ունեցող աշխարհում:
Հայի ու հայկականի մասին խօսելիս Արմէնի աչքերը իւրատեսակ են փայլում. »Ես շատ հպարտ եմ, որ հայ եմ: Ապրել եմ Սան Ֆրանցիսկոյում, Ֆիլադելֆիայում, Նիւ Եորքում, Ֆրանսիայում, Չինաստանում, Եւրոպական տաբեր երկրներում, բայց գերասադում եմ Գլենդելը, որտեղ կայ հայութիւն ու իմ ընտանիքը, եւ այն իմ սրտում է: Ես ցանկանում եմ, որ իմ աշխատանքի արդիւնքը օգտակար լինի նաեւ հայ համայնքին«, նշում է Արմէնը, ում համար ազգայինի նկատմամբ սէրը ձեւաւորուել է ընտանիքում: Նրա գրասեղանին շնորհակալագիր է Վարդանեան ընտանիքին՝ Հայ-Ամերիկեան թանգարանի կառուցմանն աջակցելու համար: Տարբեր ոլորտներում բարեգործութիւնների մասին Վարդանեանը համեստօրէն լռում է:
Գլենդելի կենտրոնի նորակառոյց բարձրայարկում գտնուող հսկայական գրասենեակը, Վարդանեանը անհատոյց տրամադրում է հայկական սկսնակ ընկերութիւնների ու անհատների, միաժամանակ՝ սրահը երեկոյեան վերածւում է հայ գործարարների հաւաքատեղիի, որտեղ քննարկւում են հիմնականում հայրենիքին եւ հայ համայնքին զօրացկելուն ուղղուած մտքեր:
«Կարծում եմ, գտել եմ կեանքիս կոչումը՝ իմ ունակութիւններով եւ հնարաւորութիւններով օգտակար լինել մարդկանց, պատասխանատուութիւն ստանձնել եւ վերափոխել նրանց կեանքը», խոստովանում է Արմէն Վարդանեանը՝ երիտասարդ հայի եւ աշխարհաքաղաքացու լաւագոյն օրինակ, ում դէպքում տեղին է յիշել մեծն Թումանանի խօսքերը՝ «Գո՛րծն է անմահ լաւ իմացէք, որ ապրում է դարեդար, երնեկ նրան, ով իր գործով կ՛ապրի անվերջ, անդադար…»: