ԵՐԵՒԱՆ.- Վարչապետ Նիկոլ Փաշինեան «Ֆէյսպուք»ի իր էջին վրայ գրած է հետեւեալը.
«Սեպտեմբերի 22ին, Լոս Անջելեսի ժամանակով ժամը 16։00ին, բոլորիդ հրաւիրում եմ Լոս Անջելեսի Գրանդ Փարկ, որտեղ հանդէս կը գամ ելոյթով:
Վաղուց արդէն պլանաւորում ենք, որ պէտք է անպայման հանդիպում ունենամ ամենահայահոծ քաղաքներից մէկում՝ Լոս Անջելեսում: Մեր բազմաթիւ հայրենակիցներ ակնկալում են, որ պէտք է այցելեմ Լոս Անջելես: Նախորդ տարի, երբ Նիւ Եորքում էի, չկարողացայ այցելել գրաֆիկի եւ ինչ-ինչ հանգամանքների պատճառով: Եւ ահա այս տարի մեր սպասուած հանդիպումը տեղի կ՛ունենայ Սեպտեմբերի 22ին, ժամը 16։00ին, Լոս Անջելեսի Գրանդ Փարկում: Հրաւիրում եմ Լոս Անջելեսի եւ յարակից քաղաքացիների մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր տրամադրուածութիւն եւ ժամանակ կ՛ունենան, հետաքրքրուած կը լինեն այդ հանդիպումով:
Մենք յոյս ունենք, որ կը քննարկենք այն օրակարգը, որի մասին խօսել ենք Ստեփանակերտի հաւաքի ժամանակ, յոյս ունեմ՝ այս օրը լաւ ու ջերմ, հզօր հայկական հաւաք կազմակերպել Լոս Անջելեսում, որը ոմանք արդարացիօրէն անուանում են Սփիւռքի մայրաքաղաք:
Ուզում եմ մէկ անգամ եւս շեշտել, որ Լոս Անջելեսը ոչ բռնի, թաւշեայ յեղափոխութեան աջակցութեան ամենակարեւոր կենտրոններից մէկն էր: Շատ բարձր եմ գնահատում Լոս Անջելեսի մեր հայրենակիցների ցուցաբերած աջակցութիւնը: Կարծում եմ շատ կարեւոր եւ գոնէ ինձ համար սպասուած հանդիպում է եւ յոյս ունեմ, որ Լոս անջելեսի եւ յարակից քաղաքների մեր հայրենակիցների համար եւս սպասուած հանդիպում է»:
Յոյսով ենք, պրն. վարչապետ, «թաւշեայ յեղափոխութեան» գովերգումին առընթեր մեզի չէք զլանար լուսաբանել որ երբ մէկ կողմէ ձեր «Ֆէյսպուք»ի էջին վրայ կը նշէք թէ «այս տարուայ առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբօսաշրջիկների թիւը տպաւորիչ աճ է արձանագրել», ինչո՞ւ համար է որ նո՛յն ժամանակամիջոցին, ըստ Ազգային Վիճակագրական Կոմիտէի հրապարակումին, 8 հազար 2 հարիւր Հայաստանի քաղաքացիներ վերջնականապէս լքած են հայրենիքը: