Թարգմանեց եւ աշխատասիրեց՝
ԻՍԱԿ ԻՒՆԱՆԵՍԵԱՆ
Կովկասի եւ Թուրքիայի հարցերը հետազօտող Իսակ Իւնանեսեանի աշխատասիրութեամբ Թեհրանում պարսկերէն լեզուով լոյս տեսած յօդուածների ժողովածուն պարզաբանում է ԱՄՆի որդեգրած քաղաքականութիւնները՝ Հայոց Ցեղասպանութեան նկատմամբ:
1915 թուականի Հայոց Ցեղասպանութեան սկսումով այդ իրադարձութիւնները նկարագրող առաջին հեռագրերն ու զեկուցագրերը Ամերիկայի Պետքարտուղարութեան եւ մամուլին յղուեցին ԱՄՆի դեսպանների ու Օսմանեան կայսրութեան սահմաններում գործող ամերիկացի հիւպատոսների ու կրօնական քարոզիչների միջոցով: Այդ փաստաթղթերն ու հեռագրերը, որոնք պահպանւում են Ամերիկայի Միացեալ Նահանգների Պետքարտուղարութեան արխիւում, կազմում են փաստագրական կարեւորագոյն նիւթերի ժողովածու՝ Համաշխարհային Ա. պատերազմի, Օսմանեան պետութեան եւ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ:
Մի հայեացք՝ այդ ժամանակահատուածի ամերիկեան լրատուամիջոցներին, յստակօրէն ցոյց է տալիս, որ հայ ժողովրդի բնաջնջման վերաբերող տողերը լրագրերի թիւ մէկ խորագրերն են կազմել: Այդ փաստաթղթերը ապացուցում են, որ Ամերիկայի կառավարութիւնն ու ժողովուրդը ոչ միայն տեղեկացուել են այդ դաժանութիւնների մասին, այլեւ՝ երկուսն էլ աշխոյժ կերպով ջանք են գործադրել կասեցնել հայ ժողովրդի ամբողջական բնաջնջումը: Նրանով հանդերձ, որ մի շարք ամերիկեան կազմակերպութիւններ զլացել են 1915-1923 թուականների դէպքերը Ցեղասպանութիւն ճանաչելու հարցում, բայց 20րդ դարի աւարտական տարիներին այդ երկրի իրականացրած քաղաքական գործունէութիւնը հայութեան նկատմամբ արդիւնաւորուեցին՝ վերածուելով մի խոշոր քայլի Ամերիկան միջազգային ասպարէզներ մուտք գործելու ուղղութեամբ:
Գտնուեցին անհատներ, ովքեր պահանջում էին՝ ԱՄՆն ուղղակիօրէն միջամտի Հայկական Հարցին, նաեւ կային ուրիշներ, ովքեր դէմ էին Ամերիկայի՝ պատերազմի մէջ ներքաշուելուն եւ Հայաստանին իր հովանու տակ առնելու հարցին:
Ամերիկայի Կոնեկտիկատ նահանգի Նիւ Հէյուըն քաղաքի Եյլ (Yale) համալսարանի պատմագիտութեան ամբիոնի պրոֆէսոր եւ Համաշխարհային Ա. Պատերազմի պատմութեան մասնագէտ Ջի. Վինտըրը 2000 թուականին Հայ Դատի յանձնախմբի կազմակերպած սեմինարին մասնակցելուց յետոյ լոյս ընծայեց «Ամերիկայի Միացեալ Նահանգները եւ Հայոց Ցեղասպանութիւնը» խորագրով յօդուածների մի ժողովածու: Ներկայ հատորը ներառում է վերոնշեալ գրքից ընտրուած մի շարք յօդուածների թարգմանութիւնը եւ երկու հաւելուած յօդուածներ՝ Իսակ Իւնանեսեանի աշխատասիրութեամբ:
Գրքի նպատակը Ամերիկայի կամ այլ երկրների միջամտութիւնների քննարկումը չէ, որոնք տեղի են ունենում աշխարհի տագնապալի թէժ կէտերում՝ առանց արդարացում ունենալու: ԱՄՆի արտաքին քաղաքականութեան ողբերգութեամբ հարուստ անցեալ փորձերը՝ Վիետնամում, Չիլիում, Իրաքում, Աֆղանստանում եւ աշխարհի բազմաթիւ այլ կէտերում, որտեղ ապստամբ կամ յեղափոխական ուժերը ըստ երեւոյթի վտանգ էին սպառնում ԱՄՆի շահերին կամ սաստկացնում էին Խորհրդային Միութեան հզօրութիւնը տուեալ տարածաշրջանում, կազմում էին ցանկացած տրամաբանութեան եզրակացութիւն:
Գիրքը սահմանափակուած է մի շարք իրադարձութիւնների քննարկմամբ, որոնք ծնունդ տուեցին օսմանեան կայսրութեան միջոցով իրագործուած 20րդ դարի առաջին ցեղասպանութեանը՝ ընդդէմ հայ ժողովրդի եւ 1915-1923 թուականների ժամանակահատուածում աւելի քան 1.5 միլիոն մարդու մահուան պատճառ դարձան: Գրքում միաժամանակ քննարկուել է ԱՄՆի վարած երկակի քաղաքականութիւնը այդ ողբերգական դէպքերի նկատմամբ: Արտացոլուած է Հայոց Ցեղասպանութեան տարբեր կողմերը, որոնք բարդ երկընտրանքների առիթներ առաջացրին միջազգային համակարգում, որ մինչ այսօր մնացել են առանց լուծման:
Գրքի հրատարակիչ՝ «Նաշր–է Մօարէֆ», ծաւալ 275՝ էջ, գինը՝ 40000 թուման:
Alikonline.ir