Մոսկուայում բնակուող հայրական կողմից արաբական, իսկ մայրական կողմից ռուս ծագում ունեցող լրագրող, միջազգայնագէտ եւ բլոգեր Ջումա Աբբասը Twitter-ի էջում կատարած հրապարակմամբ տեղեկացնում է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում Սիւզան Տէր Կարկուր անունով հայ կնոջ են սպաննել:
Անհետացած հայ կնոջը տեղի քրիստոնեայ հոգեւորականի հրահանգով Յուլիսի 9ից սկսել էին որոնել ծխականները: Որոնումների արդիւնքում նրա մասնատուած դին յայտնաբերուել է ամայի մի դաշտում:
«Դիահերձման արդիւնքում պարզ դարձաւ, որ կնոջը 9 ժամ շարունակ տանջանքների են ենթարկել: Իսկ յետոյ Թուրքիայի կողմից աջակցութիւն ստացող այդ գազանները Սիւզանին քարկոծելով սպաննել են», նշել է Աբբասը:
Արաբագէտ Արմէն Պետրոսեանը եւս հաստատել է տեղեկութեան իսկութիւնը՝ ներկայացնելով որոշ պարզաբանումներ: Ըստ փորձագէտի՝ «Սիւզան Տէր Կարկուրի մահուան լուրը տարածուել է դեռեւս Յուլիսի 12ին։ Նա բնակւում էր Իդլիբ նահանգի Ջիսր ալ-Շուղուր բնակավայրին յարակից երբեմնի հայաբնակ ալ-Եաքուբէ գիւղաքաղաքում:
Ալ-Եաքուբէն շուրջ 2000 քրիստոնեայ բնակիչ ունեցող եզակի բնակավայր է Իդլիբում, որը վերահսկւում է տարաբնոյթ ընդդիմադիր խմբաւորումների կողմից: Սիրիական ճգնաժամի սկզբնական փուլում՝ 2011-2012թթ., շրջանի մի քանի տասնեակ հայ ընտանիքներ տեղափոխուել են Քեսաբ եւ Հալէպ, քանի որ Իդլիբը մշտապէս եղել է ընդդիմադիր խմբաւորումների առանցքային յենակէտերից:
Սիւզան Տէր Կարկուրն այդ բնակավայրում մնացած միակ հայն էր եւ ամուսնացած էր քրիստոնեայ արաբի հետ: Հալեպահայ համայնքի ներկայացուցիչների կողմից բազմիցս առաջարկուել է տեղափոխել տիկնոջը Հալէպ, բայց ապարդիւն:
«ԷՐՄԵՆԻՀԱՊԵՐ»