2019 թուականի Յունիսի 8ին, թեմի «Հայարտուն» կենտրոնի «Գալուստ Կիւլպէնկեան» սրահում տեղի ունեցաւ կենտրոնի Ս. Գրիգոր Նարեկացի շաբաթօրեայ դպրոցի միջոցառումը՝ նուիրուած Կոմիտաս վարդապետի փառապանծ յոբելեանին:
Միջոցառմանը իր օրհնաբեր ներկայութիւնն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանը՝ կենտրոնի հոգեւոր տեսուչ Տաթեւ քահանայ Մարուքեանի ընկերակցութեամբ:
Ողջունելով ներկաներին, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եւգենեա Մարկոսեանը ներկայացրեց միջոցառման խորհուրդը՝ որպէս մայրենին սերտած հայորդիների խոնարհում Կոմիտասի վարդապետի յիշատակին:
Յիրաւի մեծ էր աշխատանքը, օտարալեզու կրթօջախներում ուսում ստացող հայ պարման-պարմանուհիները, ուսուցիչներ Թամարա Գաբոյեանի եւ Ռեւիկ Կարապետեանի ջանքերի շնորհիւ հայերէն խօսքով ներկայացրեցին Կոմիտաս վարդապետի կեանքն ու գործունէութիւնը, նաեւ արտասանելով հատուածներ Պարոյր Սեւակի «Եղիցի Լոյս» պօէմից:
Միջոցառմանը իրենց մասնակցութիւնն էին բերել «Հայարտուն» կենտրոնի Ս. Ներսէս Շնորհալի երգչախումբը՝ խմբավար Մարիա Աբուլեանի եւ դաշնակահար Կարէն Միրզոյեանի գլխաւորութեամբ, «Տարօն» պարային համոյթը՝ պարուսոյց Սուրէն Աբրամեանի ղեկավարութեամբ, ինչպէս նաեւ մենակատար Աիդա Բազոյեանը եւ ուրիշներ:
Հաւարտ միջոցառման, օրհնութեան խօսքով հանդէս եկաւ Վիրահայոց թեմի առաջնորդը: Վազգէն սրբազանը բարձր գնահատեց ուսուցիչների նուիրական աշխատանքը հայ երիտասարդներին հայոց մեծերին ծանօթացնելու, նրանց ստեղծագործութիւնը ճանաչելու եւ իւրացնելու գործում եւ յորդորեց շարունակել հայերէնը սովորելու, հայ մշակոյթը տարածելու գործը, որը այս կենտրոնի որդեգրած առաքելութիւնն է:
Վիրահայոց թեմում շարունակւում են ազգի երկու մեծերի՝ Յովհ. Թումանեանի եւ Կոմիտաս վարդապետի 150ամեայ յոբելեաններին նուիրուած միջոցառումները:
ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ
ՄԱՄԼՈՅ ԴԻՒԱՆ