Զ.Ա.
Ուրբաթ Մայիս 31ի երեկոյեան ժամը 8ին, Բրբանքի Բ. Մարտիրոսեան Երիտասարդական Կենտրոնի յարկի տակ տեղի ունեցաւ Թեհրանի եւ հիւսիսային Իրանի ՀՅԴ «Ռոստոմ» Երիտասարդական Միութեան հին ընկերների ու ՌԵՄականների վերահանդիպում-հաւաք: Միջոցառումը կայացաւ մի խումբ նախկին ՌԵՄականների նախաձեռնութեամբ եւ ՀՅԴ Բրբանքի Աղբալեան Կոմիտէութեան հովանաւորութեամբ: Ձեռնակը ոչ միայն ընդգրկում էր Ռոստոմ Երիտասարդական Միութեան այլ նաեւ Քրիստափոր Պատանեկան եւ Նիկոլ Աղբալեան Ուսանողական Միութեան նախկին անդամներին: Միջոցառմանը մասնակցել էին աւելի քան հարիւր քսան նախկին միութենականներ Թեհրանի, Թաւրիզի, Ուրմիայի, Գեարդաբադի, Արաքի, Ջուղայի եւ Իրանի զանազան քաղաքներից եկած ու նոյն գաղափարի շուրջ հաւաքուած հին ընկերներ:
Ռոստոմ Երիտասարդական միութիւնը արդէն 2018ին բոլորեց իր 40ամեակը: ՌԵՄը հիմնադրուել է 1978 թուին, երբ Իրանում ծայր էր առնում Իրանի յեղափոխութիւնը, իսկ միւս կողմից սփիւռքում Հայ ազատագրական պայքարը նոր հանգրուան էր թեւակոխում: Թեհրանի Հայ Յեղափոխական Դաշնակցութեան երիտասարդական միութիւնն կարճ ժամանակում դարձաւ Կուսակցութեան նոր սերնդի եւ ապագայ ղեկավարութեան դաստիարակութեան հնոցն ու նրանց նկարագրի դարբնոցը: Ռոստոմ Երիտասարդական Միութեան ծնունդը նաեւ զուգադիպեց մի այլ իրականութեան: Յեղափոխութեան առաջին տարիներին Սովետական քարոզչական մեքենայի գլխաւորութեամբ ապազգային կողմնորոշում ունեցող տարրեր ու խմբաւորումներ լայնածաւալ պայքար ծաւալեցին մեր համայնքի Ազգային կառոյցների եւ ընդհանրապէս ազգային արժէքների դէմ: Այս արժէքների կիզակէտում էր Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր կառոյցով ու գաղափարաբանութեամբ:
Նման պայմաններում ծնուեց ՌԵՄը, որը իր օրգան՝ «Յեղափոխութեան Ճամբով»ի հրատարակութեամբ եւ միութեան անդամների ջանքերի շնորհիւ հսկայ ու ազդեցիկ աշխատանք տարաւ համայնքում՝ ազգային արժէքների, Հայաստանի անկախութեան գաղափարի պահպանման, ամրապնդման ու տարածման , մասնաւորաբար յանձնառու երիտասարդների դաստիարակման գործում:
Այսօր տասնամեակներ անց, ՌԵՄի բովից անցած մի քանի սերունդ՝ աշխարհի չորս ծագերում ցրուած նախկին ՌԵՄականներ, դեռ շարունակում են իրենց տուրքը մատուցել այն գաղափարին, որով օծուել են երիտասարդ կամ պատանի տարիքում:
Միջոցառումը սկսեց Զարեհ Աճէմեանի բացման խօսքով, որը կազմակերպիչ յանձնախմբի անունից բարի գլուստ մաղթեց բոլոր ներկաներին եւ շնորհակալութիւն յայտնեց Աղբալեան Կոմիտէին ձեռնարկը հովանաւորելու ու իր հարազատ յարկի տակ ՌԵՄականներին համախմբելու համար:
«Մենք այն սերունդն ենք ով շատ մեծ փոփոխութիւններ տեսաւ իր կեանքի ընթացքում՝ Իրանի յեղափոխութիւն, դպրոցների ու համալսարանների փակում, մշակութային յեղափոխութիւն, Իրան-Իրաք պատերազմ, որին մասնակցեցին մեր ընկերներից շատերը ու ոմանք էլ երբէք տուն չվերադարձան: Մեր աչքերի առջեւ փլուզուեց Բեռլինի պատը: Յետոյ տեսանք աներեւակայելին՝ Սովետական միութեան փլուզումը: Ապա երկրաշարժ, Ղարաբաղեան շարժում, դարձեալ պատերազմ: Հայրենական սուրբ պատերազմ, որին մասնակից եղան նաեւ մեր ՌԵՄական ընկերներից ոմանք, ովքեր այսօր կրում են ազգային հերոսների դափնին: Եւ վերջապէս տեսանք մեր կեանքի երազանքը՝ Անկախ Հայաստանն ու հայ պետականութեան վերականգնումը»: Ապա անդրադառնալով այն դաստիարակութեան ու գաղափարական լիցքին, որ իւրաքանչիւր ՌԵՄական ստացել է երիտասարդական տարիքում աւելացրեց՝ «Սրանք անցողիկ, մոռացուող կամ ժամանակաւոր ու կորչող յատկութիւններ չեն մարդու կեանքում, այլ մնայուն, որոշիչ եւ նկարագրի մաս կազմող յատկութիւններ: Յատկութիւններ, որ փոխում են մարդու կեանքի ընթացքը: Հենց այդ յատկութիւնների շնորհիւ էլ մեր ընկերները, ուր էլ լինեն ոչ միայն յաջողակ, չյանձնուող, թերեւս տարիքի բերումով աւելի սառը դատող, բայց խորքում յեղափոխական ու քաղաքական դատողութեամբ հասուն մարդիկ են այսօր, ու այս մարդկային լաւ յատկութիւնները կարմիր թելի պէս անցնում է մեր միջից ու մեզ որպէս մի ամբողջութեան կապում է միմեանց: Թերեւս դրա համար էլ մեր ընկերները իրենց համայնքներում, երկրում, ընտանիքում կամ ցանկացած հաւաքականութեան մէջ շարունակում են որոշիչ դեր ունենալ եւ իրենց ներդրումն ու դերակատարութիւնն ունեն իրենց աշխատանքի, մասնագիտութեան կամ այլևայլ ոլորտներում»: Իր խօսքի աւարտին յիշատակեց այն ՌԵՄականների անունները, որոնք ցաւօք առյաւէտ հեռացել են մեզանից:
Ապա ցուցադրուեց յուշեր թարմացնող ՌԵՄի աշխատանքների մասին պատրաստուած տեսապատկերներ: Դրան յաջորդեց ՌԵՄական տարբեր սերունդներ ներառող ընկերների եւ յատկապես հիմնադիր սերնդի բարեմաղթանքների ձայնագրուած պատգամների ցուցադրումն ու ունկնդրումը, որոնք ստացուել էին Իրանից, Հայաստանից ու Արցախից:
Յանձնախմբի կողմից Միգանուշ Մելքոնըեանը եւս ընթերցեց իր տպաւորութիւնները Ալիք հաստատութեան մասին: Ներկայ ընկերներից արտայայտուեցին՝ Սարգիս Գասպարեանը, Մխիթար Մուրադեանը, Քարմէն Օհանեանը, Ջորջ Յակոբեանը, Հրաչ Դաւթեանը եւ Ռուբինա Օհանեանը:
Հանդիպմանը ջերմութիւն պարգեւեց Արիկ Գէորգեանը յեղափոխական երգերի կատարումներով, որոնց ձայնակցում էին բոլոր ներկաները: Մտերիմ եւ անմիջական մթնոլորտը առիթ դարձաւ, որ մինչեւ ուշ գիշեր շարունակուի միջոցառումը: Ներկաները բարձր բաւարարութեամբ վերադարձան տուն բոլորն էլ համաձայնելով եւ յոյս յայտնելով, որ այս կարգի հանդիպումները պէտք է շարունակուեն:
Մոռացել եմ նշել Վարդան Տէրտէրեանի անունը, Բրբանքի կոմիտէից, որ զուգահեռներ գծեց աշխարհով մէկ երիտասարդական միութեան անդամների միջև և իր հրաշալի խօսքով ոգեւորեց բոլորին: