ՌԻՄԱ ԵՍԱՅԵԱՆ
Ամերիկայի Միացեալ Նահանգներում hայապահպանութեան ու ազգային ինքնութեան կարեւոր դերակատարներից են հայկական դպրոցները, որոնք նաեւ կարեւոր օղակն են աշխարհասփիւռ հայութեան եւ հայրենիքի միջեւ: Այս կարեւոր առաքելութեան հիմնասիւնը մշտապէս եղել եւ մնում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին‘ իր թեմերով եւ եկեղեցական կառոյցներով:
Շուրջ ինը տասնամեակ այս սրբազան ծառայութեան ջահակիրներից է Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմը, որի կրթական, հոգեւոր ու ազգային կեանքն էլ աւելի աշխուժացաւ թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ. Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի անբասիր ու հայրենաշէն ջանքներով: Այն հոգածութիւնը, ուշադրութիւնն ու հետեւողականութիւնը, որ ցուցաբերում է Սրբազան հայրը հայ մանուկների կրթութեան, հոգեւոր ու հայեցի դաստիարակութիւնը անհերքելի իրողութիւնը է: Եւ նման հոգեւոր հօր հայրական հովանու ներքոյ ծառայելն ու սովորելը պատիւ է եւ բախտաւորութիւն:
Առաջնորդ Սբազան հօր օրհնութեամբ Արեւմտեան թեմում գործում են բազմաթիւ շաբաթօրեայ եւ կիրակնօրեայ վարժարաններ, որոնցից ամենամեծն առաջնորդանիստ Սրբոց Ղեւոնդեանց մայր տաճարի «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցն է, որտեղ սովորում են տարբեր տարիքի շուրջ երեք հարիւր աշակերտ: Այն աշխարհի միօրեայ ամենամեծ հայկական կրթական հաստատութիւնն է: Դպրոցը որդեգրել է Հայաստանի Հանրապետութեան հանրակրթական դպրոցների դասագրքերը եւ ծրագրերը պատշաճեցուել են Կալիֆորնիայի կողմից սահմանուած լեզուների ուսուցման հիմնական չափորոշիչներին: Կրթօջախն ունի վեց դասարան, որտեղ սովորող երեխաները բաշխուած են ըստ լեզուի իմացութեան: Ուսումնական տարուայ տեւողութիւնը տաս ամիս է: Դպրոցը 2015թ.ին Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան կողմից ճանաչուել է որպէս Մայրենի լեզուի պահպանման լաւագոյն հաստատութիւն եւ արժանացել գլխաւոր մրցանակի եւ դիպլոմի (վկայականի-Խմբ.): Վարժարանի աւարտական վկայականը ամերիկեան հաստատութիւնների կողմից ճանաչւում է որպէս երկրորդ օտար լեզուի վկայագիր:
Վերջին տարիներին ուսումնական մակարդակի միօրինականացման ու զարգացման նպատակով Առաջնորդարանի գիտակրթական յանձնախումբը՝ գլխաւորութեամբ դոկտոր Էլլի Անդրէասեանի, համակարգում է թեմապատկան դպրոցների գիտական ծրագրերը, կազմակերպում եւ իրականացնում ուսուցիչների ամենամեայ վերապատրաստման դասընթացներ: Վերջիններս նպատակ ունեն մանկավարժներին մատուցելու վերջին գիտական ու կրթական նորութիւնները եւ դրանք աշակերտներին փոխանցելու վարպետութիւնը:
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցը եկեղեցու ապահով ու լուսասփիւռ հարկի ներքոյ իրականացնում է հետեւողական, լուրջ ծրագիր, որը միտում ունի պատշաճ կազմակերպելու եւ կեանքի կոչելու ազգային արժէքների եւ ոսկեղենիկ մայրենիի պահպանման ու տարածման պատասխանատու առաքելութիւնը: Այս չափազանց կարեւոր աշխատանքին իրենց մեծ նուիրումն են բերում նաեւ դպրոցի բազմափորձ եւ արհեստավարժ ուսուցիչներն ու ողջ աշխատակազմը՝ գլխաւորութեամբ դպրոցի տնօրէն, բարեշնորհ Յովհաննէս սարկաւագ Գումրույեանի, որի անմիջական հսկողութեամբ, անձնուէր ու անսպառ նուիրուածութեամբ դպրոցի առօրեան դառնում է հետաքրքիր ու բովանդակալից:
Օրն սկսւում է Ս. Ղեւոնդեանց մայր տաճարի հովիւ, արժանապատիւ տէր Խաժակ քահանայ Շահբազեանի հետաքրքիր ու խրատական հոգեւոր զրոյցով ու աղօթքով: Դասերի ընթացքում աշակերտները մասնակից են լինում խօսքի կառուցման, մայրենիի բառապաշարի հարուստ հնչեղութեանը, որը իւրօրինակ փորձ է հնչեցնելու եւ տարածելու մեր սուրբ մայրենին: Հարկ է նշել նաեւ, որ հաստատութիւնն իր առջեւ նպատակ է դրել ոչ միայն հայոց լեզուի իմացութեան, այլեւ հայոց պատմութեան, մշակոյթի եւ ազգային երաժշտութեան նիւթերի ուսուցմանն ու զարգացմանը: Դրա վառ վկայութիւնն են գրական, կրթական եւ համայնքային միջոցառումների, ինչպէս նաեւ հանդէսների պատշաճ մակարդակով անցկացումն ու իրականացումը:
Ողջ ուսումնական տարուայ ընթացքում աշակերտները պատրաստւում եւ ներկայացնում են տարբեր թեմաներով անհատական եւ խմբակային աշխատանքներ՝ նուիրուած Հայաստանին, հայ մշակոյթին, հայոց պատմութեանը: Դրանք մանուկների ձեռքով պատրաստուած ու ձեւաւորուած պաստառներ, համակարգչային յղումներ են, որոնք մեծ հետաքրքրութիւն ու աշխուժութիւն են մտցնում դպրոցական առօրեայում:
Անցնող ուսումնական տարում տեղի ունեցան մի շարք ներդասարանային եւ համայնքային միջոցառումներ՝ նուիրուած Երեւանի 2800ամեակին, աշնանն ու գարնանը, նրաց գոյներին, Զատիկին, Յովհաննէս Թումանեանի եւ Կոմիտասի ծննդեան 150ամեակներին, Երեւանի մատենադարանին, եղան նաեւ անհատական արուեստի աշխատանքներ ու ազգային աւանդական տարազների վերաբերեալ ցուցադրումներ:
2018ի Դեկտեմբերի 22ին տեղի ունեցաւ Ս. Ծննդեան եւ Ամանորի հանդէսը, որին մասնակցում էին բոլոր դասարանների աշակերտները: Ներկաները ունկնդրեցին աշակերտների գեղեցիկ արտասանութիւնները, երգերը՝ նուիրուած օրուայ խորհրդին: Երեխաներին այցելեց Ձմեռ պապը եւ իր հետ բերեց այնքան սպասուած նուէրները: Ապա Առաջնորդարանի «Թրբանջեան» հրապարակում տօնական եղեւնու շուրջ կազմակերպուած հիւրասիրութիւնն ուղեկցուեց երգ ու երաժշտութեամբ՝ շարունակելով բարձր տրամադրութիւն հաղորդել ներկաներին:
Աշակերտները տարին մի քանի անգամ մասնակցում են նաեւ կիրակնօրեայ պատարագներին, որնոցից յիշատակելի է Ծաղկազարդի թափօրը եւ Մանուկների օրհնութեան կարգին մասնակցելը:
Աւանդութեան համաձայն, Ապրիլի 24ի մերձակայ շաբաթ օրն աշակերտները հաւաքւում են Տաճարին կից Սրբոց Նահատակաց խաչքար յուշարձանի շուրջ, ուր ծաղիկներ են խոնարհում եւ յարգանքի տուրք մատուցում անմեղ ու սուրբ նահատակներին:
Աշակերտների գիտելիքներն ամփոփւում են տարեկան աւարտական քննութիւններով, որոնք աշակերտները յանձնում են փայլուն առաջադիմութեամբ, որին հետեւում է ամավերջին հանդէսը: Այս տարի այն տեղի ունեցաւ Մայիսի 18ին եւ բաղկացած էր երկու մասից: Բացման խօսքով հանդէս եկաւ տնօրէն, բարեշնորհ Յովհաննէս սարկաւագ Գումրույեանը, ով իր շնորհակալական խօսքն ուղղեց Առաջնորդ սրբազանին, եկեղեցու հովուին, ծնողներին, աշակերտներին, ուսուցիչներին ու դպրոցի անձնակազմին:
Առաջին դասարանցիներն իրենց մանկական շուրթերից հնչեցրին քաղցրիկ մայրենին եւ խոստացան հաւատարիմ մնալ Մաշտոցի պատգամներին: Ապա եկեղեցում տարածուեց նրանց երգն ու երաժշտութիւնը՝ ներկաներին պարգեւելով մեծ յուզականութիւն եւ ոգեւորութիւն: Հանդիսութեան աւարտին փոքրիկներին յանձնուեց «Տառաճանաչութեան վկայականներ»: 2-5րդ դասարանի աշակերտներն իրենց անհատական եւ խմբակային հայրենասիրական երգերով գունաւորեցին միջոցառման երկրորդ մասը, իսկ 6րդ դասարանի աշակերտները ոգեկոչեցին հայութեան եօթ հրաշալիքները՝ սիրով ու ջերմութեամբ խօսելով մայրութեան, հայոց լեզուի, հայրենասէր հերոսների ու հայրենիքի մասին: Յայտագիրը յագեցած էր ճոխ գեղարուեստական կատարումներով: Ապա արժանաշնորհ տէր Խաժակ քահանայ Շահբազեանը, ներկաներին ընթերցեց առաջնորդ Տ. Յովնան սրբազանի գնահատանքի եւ օրհնութեան գիրը եւ փոխանցեց նաեւ իր ջերմ բարեմաղթանքները:
Աւարտին 6րդ դասարանի աշակերտներն ստացան աւարտական վկայականներ, որից յետոյ բալորը մասնակցեցին տօնական հիւրասիրութեան:
Օրուայ խորհուրդն ամփոփուեց «Թրբանջեան» հրապարակում, որտեղ շրջանաւարտները գունաւոր փուչիկներ արձակեցին եւ իրենց գլխարկները օդում պտտելով ազդարարեցին իրենց շրջանաւարտ լինելը:
Հետեւում մնացին հանդիսութեան յուզականութիւնն ու հանդիսաւորութիւնը, բայց բոլորի աչքերում կար թաքուն ու խորհրդաւոր լռութիւն, որը հրաժեշտ էր հարազատ դարձած դպրոցին ու ուսուցիչներին՝ միեւնոյն ժամանակ յուսով ու հաւատքով, որ նոր ուսումնական տարին, որ մենկարկելու է Օգոստոսի 17ին, լինելու է նոյնքան յաջողակ եւ արգասաբեր: