ԳԱՌՆԻԿ ԳԱԼՍՏԵԱՆ
…Եւ ուսամբարձ բերին
Մեծն Ազնաւուրին:
Ծիրանափողն հայոց՝ մեր արցունքով օծուած,
Պարպեց սիրտը լցուած,
Եւ մեղեդին փլուե՜ց մօր պէս որդեկորոյս՝
Իր ծամերը քանդած նրա վրայ անյոյս…
Իսկ մենք լսում էինք եւ հանց իրիկուայ ամպ՝
Լցւում ճառագայթող, հպարտ մի տխրութեամբ:
Բայց մեզնից ո՞վ, այդ ո՞վ
Լսեց ցաւից պայթող
Մեր հողի ո՛ղբն անձայն՝
Ճակատագրի համար որդոց իր ցիրուցան,
Որոնք սիւներ դարձան
Երկրներում օտար,
Բանաստեղծներ, կայսրեր, գիտնականներ ճարտար՝
Տուած երկրներին իրենց որդեգրող
Ձի՛րք, շո՛ւնչ, հոգի՛, կորո՛վ,
Իսկ մե՞զ՝ լոկ սփոփա՛նքն այրուած սրտի խռով՝
Հպարտանա՜լ մեզնից խլուած մեր աստղերով…
Կանգնել՝ լսում եմ ես ողբդ, ծիրանափո՛ղ,
Աւելի՜ խոր մի ողբ՝ հոգո՛ւմ իմ տառապող:
Հայերէն Գրքերիս Ընդվզումը
(Յարութիւն Երէցեանի Յիշատակին)
Երէկ երազ տեսայ. պահարանիս խորքում
Գրքերս ընդոստ՝ իրենց խռո՛վքն էին պոռթկում.
«Գիտե՞ս, թէ ի՛նչ արիր, երբ երկիրն այս եկար.
Մեր բաբախող սրտին դրիր տապանաքար…
Մեզ թաղեցիր ողջ-ողջ թղթերի տակ քո ծով,
Ու թողեցիր, որ մենք յուսակտուր ոռնանք,
Ու թողեցիր՝ խեղդուենք մեր իսկ լաց ու կոծով,
Ու համրացած՝ ծա՜նր մի լռութիւն դառնանք
Դարակների վրայ քո տնքացող…
Ինչո՞ւ բերիր այստեղ…
Նայի՛ր, գա՛նձը ամբողջ, բե՛րքը հայոց ոգու՝
Թափուած իրար վրայ, նետուած իրար կողքի,
Լքուած մոռացութեան փոշո՛ւմ այս ահարկու,
Թափօ՜ն դարձած թղթի…
Նայի՛ր, հայրենաբոյր քանի՜, քանի՜ գրքեր՝
Խորենացուց մինչեւ Տերեա՛ն գերող,
Բերուած ու շպրտուած ճերմակ ջարդին ի կեր՝
Անմիտ ինքնասպանի՛ քո ձեռքերով…
Ինչո՞ւ բերիր այստեղ…
Որ մուրացկա՞ն դառնայ լեզուն մեր թագակիր՝
Օտարների առջեւ՝ ծուռվիզ, անհող,
Որ իր հնչմամբ տրոփող հայոց ամէն մի գիր
Մի սեպագի՞ր դառնայ չվերծանուող…
Ինչո՞ւ բերիր այստեղ…
Պահարանում այս խորթ, դարակներում այս նեղ
Մի անիմաստ կեանքով ինչպէ՞ս ապրել հիմա,
Ինչպէ՞ս թանգարանում դառնալ անշունչ մումիա,
Երբ թնդում է մեր սիրտն հայատրոփ՝
Մեր կրծքի տակ որպէս մեր լեռներից պոկուած
գարնան ամպրոպ…
Ինչպէ՞ս ապրել այստեղ,
Ինչո՞ւ ապրել…»:
…Ու թափուեցին շառաչիւնով դարակները յանկարծ,
Ընկան իրար վրայ,
Եւ ես ահով զարթնած՝
Անկողնից վեր թռայ
Ու վառեցի լոյսը իսկոյն եւեթ…
Հանդարտ, մտերմաբար զրոյց էին անում
Յաւերժի հետ
Իմ գրքերը՝ շարուած պահարանում:
Լուռ, անյողդողդ կանգնած էին նրանք
Ոգու բերդերի պէս՝ ժամանակի առաջ…
Անմա՜հ էին նրանք,
Ե՛ս, ե՜ս էի մեռած…
Մեր Հողը
Իմ միջից յոգնած մի ձայն անդադար
Յորդորում է ինձ. «Երկրում այս օտար
Բա՛ւ է տառապես՝
Յիշելով լքած քո հողն ու բոյնը:
Ո՛ւր էլ որ ապրես՝
Նո՛յնն է աշխարհը եւ հողը՝ նո՛յնը»:
…Մինչդեռ մեր հողը՝ որդան կարմրի տեղ
Մեր արեամբ ծաղկած մատեա՜ն է շքեղ,
Լեցուն՝ հերկերի խորունկ տողերով,
Մեր այգիների բուրող տաղերով,
Խաչքար-աղօթքով մեր մաքրամաքուր,
Մեր ամրոցների ասքով քարակուռ,
Բահով, բրիչով ու մուրճով հաստուած
Մեր տաճարների հիմնով՝ առ Աստուած…
Ժայռերի շերտ-շերտ մագաղաթներում
Եւ հովիտներում
Դարերով այսպէս բանաստեղծել են սերունդնե՜ր քանի՝
Իրենց քրտինքո՛վ, արցունքո՛վ, արեա՛մբ…
Մեր հողի բոլոր շերտերն էջերի նման մատեանի՝
Լիքն են մեզանո՛վ, մեր ներկայութեա՛մբ…
Գուցէ մեզանից աւելի՛ հայ է մեր հողը հիմա,
Գուցէ մեզանից աւելի՛ խոր ու լիարժէք է նա
Կրում մեր ոգի՛ն, մեր բո՛յրն ու գո՛յնը…
Իսկ դու ասում ես,
Որ ո՛ւր էլ լինես՝
Նո՞յնն է աշխարհը եւ հողը՝ նո՞յնը…