Երեւանում նախատեսւում է ստեղծել շների համար առաջին այգին: Նախաձեռնութեան հեղինակներ Դիանա եւ Էմիլ Կիրակոսեանները նշում են, որ գաղափարը մտայղացել են՝ հաշուի առնելով, որ մայրաքաղաքում չկայ տարածք, որտեղ ընտանի շները կը կարողանան ժամանակ անցկացնել ու մարզուել ազատօրէն: ,,Հասկիե անուանումով շների այգու նպատակն է ստեղծել ցանցապատ հանրային տարածք, որտեղ տարբեր ցեղատեսակի շներն առանց վզկապների կը վազվզեն ու կը խաղան, չանհանգստացնելով այգու այցելուներին եւ յատկապէս երեխաներին: Այգու ստեղծմամբ մենք կ՛աջակցենք յատկապէս բնակարանային պայմաններում շուն պահողներին՝ նրանց տրամադրելով բարեկարգուած, ապահով, խոտային բնական ծածկոյթով, մաքուր ու ընդարձակ միջավայր, որտեղ կը պահպանուեն ու կը զարգանան շների բնազդները՝ ուժը, վազքի արագութիւնը, ճարպկութիւնըե, նշում են Կիրակոսեանները:
Ներկայացնելով որոշ մանրամասներ, Դիանա Կիրակոսեանը նշում է, որ այգին կ՛ունենայ երկու առանձնացուած հատուած մեծ եւ փոքր շների համար: Կը հրաւիրուեն մարզիչներ, ովքեր կը զբաղուեն շների վարժեցմամբ՝ նաեւ զանազան սարքերի միջոցով: Մասնագէտները կը հետեւեն նաեւ այգու ամէնօրեայ աշխատանքին՝ համակարգելով տարածքը, եւ ապահովելով այնպիսի միջավայր, որտեղ մանուկներն առիթ կ՛ունենան շփուելու շների հետ եւ յաղթահարելու վախի զգացումը:
Էմիլ Կիրակոսեանն էլ տեղեկացնում է, որ նախատեսւում է մրցաշարերի ու խաղերի անցկացում՝ շներին զարգացնելու եւ տէրերին զբաղեցնելու համար: Շների այգում կը տեղակայուի նաեւ ժամանակաւոր կացարան, որտեղ կը խնամեն տէրերին կորցրած շներին, մինչ նրանց գտնուելը:
Ըստ նախաձեռնողների, այգին հանդիպման վայր կը լինի շնատէրերի համար, ովքեր հնարաւորութիւն կ՛ունենան ծանօթանալու միմեանց հետ, կիսուելու մտահոգութիւններով, ուրախութիւններով եւ խորհուրդներով: Այգու անցուդարձին հնարաւոր կը լինի հետեւել տեսախցիկների միջոցով. ,Հասկիեի կայքէջ այցելողները կարող են առցանց դիտել նաեւ շներին վարժեցնողների աշխատանքը:
Երեւանի քաղաքապետարանը, ծանօթանալով ծրագրի մանրամասներին, հաւանութեան է արժանացրել նախագիծը, եւ շների այգու համար տարածք է յատկացրել Դաւիթաշէն համայնքում: Ծրագիրն իրականութիւն դարձնելու՝ կառուցապատման աշխատանքների, եւ անհրաժեշտ սարքաւորումներով այգին ապահովելու համար հարկաւոր է հինգ հազար դոլար: Դիանա եւ Էմիլ Կիրակոսեանները դիմում են Հայաստանում եւ Սփիւռքում գաղափարը կարեւորող անհատների՝ իրենց նուիրատուութիւններով իրականութիւն դարձնելու Երեւանում, բնոյթով աննախադէպ ,Հասկիե այգու ստեղծումը: Ծրագրի համար սկսուել է դրամահաւաք, եւ նուիրատուութիւն կարելի է կատարել հետեւեալ հասցէով https://www.facebook.com/donate/305580390109179/ կամ զանգահարել (818) 927 58 66 թուին: Դրամահաւաք-արշաւի աւարտին մնացել է 60 օր: Շտապէ՛ք ձեր մասնակցութիւնն ունենալ շների այգու հիմնադրմանը, որը նաեւ զբօսաշրջութեան զարգացմանը նպաստելու ձեւերից է: