ԹԱՄԱՐԱ ՄՈՒՐԱԴԵԱՆ
Շուկայում «Արտադրուած է Հայաստանում» կամ՝ «Made in Armenia» պիտակների այժմ յաճախ կարող ենք հանդիպել: Տեղական արտադրանքին սպառողներն աստիճանաբար տեղ են տալիս՝ «մեր հայերի արտադրանքն է»: Հայկական ապրանքի նկատմամբ հետաքրքրութեան աճ է նկատւում յատկապէս ՀՀ վարչապետի եւ նրա տիկնոջ՝ հայկական արտադրանք կրելու եւ հայկականի նկատմամբ, այսպէս ասած, ուշադրութիւն հրաւիրելուց յետոյ:
«Յեղափոխութիւնից յետոյ, երբ սկսեց խրախուսուել հայկական արտադրանքը, շարժ նկատուեց: Իսկ մինչ այդ, իմանալով՝ հայկական է, 90 տոկոսով չէին գնի: Հիմա 90 տոկոսով կը գնեն: Բայց դեռ PR-ի խնդիր կայ», «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթի հետ զրոյցում նկատեց «Պերսոնա» կանացի հագուստի արտադրութեան հիմնադիր-սեփականատէր Կարօ Սարգսեանը:
Կարօն ասում է՝ գործը սկսել է 2 տարի առաջ՝ 3-4 աշխատողով: Հիմա 11 հաստիք ունեն: Խօսելով արտադրութեան ընթացքում հանդիպած խնդիրներից ու խոչընդոտներից, առաջին հերթին բարձրացրեց աշխատողների խնդիրը: Աշխատատեղերի լրացումը չափազանց բարդ հարց է համարւում:
«Սխալ է ձեւակերպումը, թէ աշխատանք չկայ: Իրականում աշխատող չկայ: Մի քանի ամիս է՝ բոլոր հնարաւոր մեթոդներն օգտագործելով հանդերձ, չենք կարողանում թափուր տեղերը զբաղեցնել: Ոչ թէ հէնց լաւ աշխատող, այլ ընդհանրապէս աշխատող է պէտք, ֆիզիկական անձ, որը պարզապէս կ՛աշխատի: Ընդհանրապէս դիմող չկայ», ներկայացրեց զրոյցի պահին առկայ իրավիճակը՝ աւելացնելով, որ լուրջ է նաեւ հումքի խնդիրը:
«Հումքի խնդիր տեքստիլ ոլորտում դեռեւս առկայ է: Հումք արտադրող կազմակերպութիւններ չունենք: Աստիճանաբար թելի արտադրութեան փորձ է արւում: Առաջիկայում Մարալիկում կը գործարկուի: Նախատեսւում է Հայաստանում նաեւ կտորի արտադրութիւն կազմակերպել: Բայց այդ ամէնի համար ժամանակ է պէտք», «ՀՀ»ի հետ զրոյցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարութեան արդիւնաբերական քաղաքականութեան վարչութեան պետ Արմէն Եգանեանը: Ասում է՝ դրանք էլ բիզնես են, եւ ինքնանպատակ ոչ ոք թել կամ կտոր չի արտադրի:
«Պերսոնա»յի համար հումքը ներմուծում են: Բայց հիմնադիր-սեփականատիրոջ խօսքերով, օգտւում են ներմուծման համար կառավարութեան նախատեսած արտօնութիւններից, ու նախկինի համեմատ մաքսազերծման գինը նուազել է. «Հումք ներմուծելն ու այստեղ արտադրելն ինձ համար աւելի մատչելի է, քան պատրաստի հագուստ ներմուծելը»:
Հիմա արդէն պաշտօնական խանութ էլ ունեն: Պատմում է, որ սկզբնական շրջանում հագուստը վաճառում էին այս կամ այն խանութում՝ խնդրելով, համոզելով խանութի տէրերին: Եւ լինում էին դէպքեր, երբ խանութներում «Արտադրուած է Հայաստանում» պիտակը պոկում էին՝ պատճառաբանելով, որ տեղականը չեն գնում: Վաճառում էին որպէս այլ երկրի, մասնաւորապէս, Թուրքիայի արտադրանք: Հիմա իրենց ապրանքն իրենք էլ վաճառում են: Արդիւնքից էլ գոհ են:
«Այս պահին 2 խանութ սրահ ունենք, նախատեսում ենք նորը», տեղեկացրեց Կ. Սարգսեանը: Իսկ արտահանման մասին մտածելը դեռ վաղ է համարում: Մինչ այդ ուզում են արտադրամասը մեծացնել:
«Պերսոնա»յի գլխաւոր մոդելաւորողը՝ Անի Սէյրանեանը, ֆիրմայի հագուստը ստեղծելիս նորաձեւութեան միտումներին հետեւելով, առաջին հերթին փորձում է հասկանալ՝ տուեալ ժամանակահատուածում ինչ տիպի հագուստ են նախընտրում, որն է մեր հասարակութեանը համապատասխան: Ֆիրմայի ներկայացուցիչներն ասում են՝ սպառողների շրջանում ամենամեծ պահանջարկը վայելել են հայկական տարազի մոտիվներով շորերը: Նախատեսում են այդ մոտիվներով յատուկ թողարկում տալ:
Ստեղծուած միջավայրում ու պայմաններում սեփական գործի մասին շատերն են սկսել մտածել: «Ակտիւութիւն կար, կայ եւ կը լինի, որովհետեւ բիզնեսմենները փորձում են գտնել շուկաներ, հատուածներ, որտեղ կարող են ներդրումներ անել եւ շահոյթ ստանալ: Իհարկէ, ոչ բոլոր քննարկումներն ու առաջարկներն են կեանքի կոչւում, բայց դա էլ բնական է: Պետութեան գործառոյթը այն է, որ ստեղծի համապատասխան բարենպաստ միջավայր ընկերութիւնների համար: Իսկ վերջնական որոշումը պէտք է բիզնեսը կայացնի: Բիզնեսն իր որոշումը կայացնում է այն ժամանակ, երբ տեսնում է, որ շահոյթ ունի», ասաց ՀՀ տն-տեսական զարգացման եւ ներդրումների նախարարութեան արդիւնաբերական քաղաքականութեան վարչութեան պետը:
ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹԻՒՆՆ ՈՒ ՀՆԱՐԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ
Ներկայացնելով պետութեան սահմանած աջակցութեան մեխանիզմները, Արմէն Եգանեանը առանձնացրեց աւելացուած արժէքի հարկի մուծման յետաձգումը, նաեւ որոշ սարքաւորումների եւ հումքի, նիւթերի ներկրման ժամանակ մաքսատուրքից ա-զատման արտօնութեան տրամադրումը: Հիմնականում արտադրութեան, արդիւնաբերութեան բնագաւառի ընկերութիւններն են օգտւում:
Արտօնութիւններից յաջորդը վերաբերում է արտահանմանն ուղղուած պետական աջակցութեանը: «Արտահանող ընկերութիւններին տրամադրւում է մի շարք ուղղութիւններով աջակցութիւն, մասնաւորապէս, ցուցահանդէսների կազմակերպման եւ մասնակցութեան համար համաֆինանսաւորում է տրւում 50 տոկոսի չափով, «ՓՄՁ ներդրումներ ունիվերսալ» վարկային կազմակերպութեան կողմից տրամադրուող վարկերի տոկոսադրոյքը սուբսիդաւորւում է, կազմակերպւում են ներդրումային տարբեր ֆորումներ, որտեղ ներկայացւում է Հայաստանի տնտեսութիւնը: Ընկերութիւնները նոյնպէս կարողանում են մասնակցել նմանատիպ միջոցառումների: Բացի այդ, արտերկրում կազմակերպւում են PR ակցիաներ, նաեւ դիստրիբիւտորների ներգրաւմանն ուղղուած աշխատանքներ են տարւում: Դրանք ամբողջութեամբ պետական ֆինանսաւորմամբ են իրականացւում», տեղեկացրեց մեր զրուցակիցը՝ աւելացնելով, որ վարկի տոկոսադրոյքների մինչեւ 5 տոկոս սուբսիդաւորում է իրականացւում արտադրող կազմակերպութիւններին: Նաեւ կառավարութեան որոշմամբ կայ հաստատուած սահմանամերձ համայնքների ցանկ, որտեղ գործունէութիւն իրականացնող ընկերութիւններին մինչեւ 9 տոկոս սուբսիդաւորում է տրւում: Եգանեանն աւելի պատկերաւոր այսպէս ներկայացրեց. «Վարկային կազմակերպութեան տրամադրած վարկերը 11-13 տոկոսի շրջանակներում են, այսինքն՝ ընկերութիւնների սուբսիդաւորումը 5 տոկոսով կազմում է 6-8 տոկոս դրամական վարկ: Եւ եթէ սահմանամերձում է, կարելի է ասել՝ արտադրող ընկերութիւնների համար 2-5 տոկոսով վարկեր են»:
Նա նշում է նաեւ, որ պետութիւնը տարբեր այլ ծրագրեր եւս ունի, մասնաւորապէս, փոքր, միջին ձեռնարկատիրութեան աջակցութեանն ուղղուած, որը էլի մի շարք գործիքներ է ներառում: Այդ աջակցութիւնը տրամադրւում է «Փոքր ու միջին ձեռնարկատիրութեան զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի միջոցով: Բացի այդ, սահմանամերձ տարածաշրջանների համար գործող օրէնքով սահմանւում են բոլոր հարկային արտօնութիւնները, որոնցից այդ տարածաշրջանում գործունէութիւն իրականացնող ընկերութիւնները կարող են օգտուել: Վարչութեան պետի խօսքերով, բոլոր այն հարկային պարտաւորութիւնները, որոնք Հայաստանում գործում են, այդ տարածաշրջանում գործունէութիւն իրականացնող ընկերութիւնների համար չեն գործում, կարելի է ասել՝ զրոյական են:
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԸ՝ ԴՐՍԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ. Ի՞ՆՉ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐ ԿԱՆ
Արմէն Եգանեանն ընդգծում է, որ արտահանումը մեր երկրի համար առաջին գերակայութիւններից է: Հայաստանի արտադրութեան, արդիւնաբերութեան զարգացումը դիտարկւում է արտահանման հեռանկարում: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարութեան ներկայացուցիչը նկատում է. «Եթէ դիտարկենք վերջին տարիների դինամիկան (ընթացքը-Խմբ.)՝ արտահանման ծաւալները եւ կառուցուածքը գնալով մեծանում են, այսինքն՝ նոր շուկաներ էլ են մուտք գործում: Եւ կարող եմ ասել, որ հիմա դրսի շուկաներում աւելի շատ հայկական ապրանքներ կարելի է տեսնել: Եթէ նախկինում, ռուսական շուկան վերցնենք, արտահանում էինք հիմնականում խմիչք եւ որոշակի գիւղատնտեսական մթերքներ կամ դրանց վերամշակուած որոշ ապրանքատեսակներ, հիմա նաեւ ամէն տեղ արտահանում ենք թեթեւ արդիւնաբերական արտադրանք, սկսել ենք արտահանել կօշիկ: Այլ ուղղութիւններով եւս աշխատում ենք: Մեր ընկերութիւնները փորձում են գտնել նաեւ այլ շուկաներ»: Նա յիշեցնում է, որ մի քանի տարի առաջ ուղղուածութիւն կար, օրինակ, տեքստիլ արդիւնաբերութեան մէջ: Արտահանումը հիմնականում դէպի եւրոպական շուկայ էր, մօտաւորապէս 90 տոկոսից աւելին արտահանւում էր եւրոպական շուկայ: Բայց վերջին մի քանի տարիներին արտահանում ենք նաեւ ռուսական շուկայ:
Եգանեանն արձանագրում է՝ կարելի է ասել՝ 50/50 է ու շարունակում. «Եթէ եւրոպական շուկայ արտահանւում էր տոլինգային սխեմայով աշխատող ընկերութիւնների արտադրանք, այսինքն՝ դրսից տալիս էին հումքը, մեր ընկերութիւնները ծառայութիւն էին մատուցում եւ ապրանքն արտահանւում էր այլ բրենդների ներքոյ, թէեւ վրան նշւում էր՝ «Արտադրուած է Հայաստանում», ապա վերջին տարիներին արդէն, օրինակ, ռուսական շուկայում մեր ընկերութիւնները հիմնականում հանդէս են գալիս իրենց տեղական բրենդներով»:
Բայց մարտահրաւէրներ, ըստ վարչութեան պետի, միշտ եղել են, լինում են եւ լինելու են. «Ասել, որ տնտեսութիւնում բոլոր մարտահրաւէրները լուծեցինք եւ վերջ, դրանից յետոյ չեն լինելու՝ այդպէս չէ: Ամենազարգացած տնտեսութիւններն էլ ունեն իրենց ժամանակին համահունչ մարտահրաւէրները, եւ դա դինամիկ գործընթաց է»: Նա միեւնոյն ժամանակ նկատում է, որ պէտք է բացառել եւ լուծել այն խնդիրները, որոնք պայմանաւորուած են պետական վարչարարութեամբ: Մեր զրուցակցի խօսքերով, դրանք պէտք է հնարաւորինս զրոյին մօտեցնել, որպէսզի խոչընդոտ չլինեն ընկերութեան գործունէութեանը: