«Գոլդեն Բէյքրի»ն Տարբեր Երկրներում Ապրող Ընկերներին Հայաստան Տեղափոխեց
ԼՈՒՍԻՆԷ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
Կարէն Մկրտիչեանը, Սեւան Արթինը եւ Մհեր Ծատուրեանը ծնուել եւ երկար տարիներ ապրել են Լիբանանի մայրաքաղաք Բէյրութում: Ժամանակի ընթացքում Կարէն Մկրտիչեանը բնակութիւն է հաստատել Կանադայում, Մհեր Արթինը՝ Անգլիայում, Լիբանանում մնացել է ընկերներից միայն Մհերը: Այսօր, սակայն, նրանք տեղափոխուել ու բնակութիւն են հաստատել Հայաստանում: Նրանց միաւորել է արեւելեան հացամթերքի՝ առայժմ փոքրիկ «Գոլդեն բէյքրի» («Golden Bakery») արտադրամասը, որը նրանք միասին հիմնել են Երեւանում:
Կարէն Մկրտիչեանը «Ռիվիերա Կապիտալ» («Riviera Capital») ներդրումային ընկերութեան հիմնադիրն է: Վերջինիս նպատակը Հայաստանում ներդրումները քաջալերելն է: «Հայաստանում նախագծեր կամ հետաքրքիր ներդրումային ծրագրեր գտնելով (որոնք, մեր կարծիքով, գրաւիչ կարող են լինել) եւ «փաթեթաւորելով»՝ ներկայացնում ենք ներդրողներին: Եթէ հաւանութեան է արժանանում, յետագայում, արդէն, մենք դա կառավարում ենք, ընդհանուր վերահսկողութիւն իրականացնում՝ վստահանալով, որ ներդրողի գումարը ճիշդ ձեւով է կառավարւում, չի փոշիանում: Այս իմաստով, դառնում ենք ներդրողի աչքն ու ականջը երկրում: Յոյս ունենք, որ մեր աշխատանքը կը քաջալերի, որպէսզի յաւելեալ ներդրումներ կատարուեն: «Գոլդեն բէյքրի»ին ընկերութեան առաջին նախագիծն է: Ունենք նաեւ այլ ծրագրեր, որոնք ընթացքի մէջ են», «Հայերն այսօր»ի հետ զրոյցում նշում է Կարէն Մկրտիչեանը:
Հարցին՝ ինչու՞ որոշեցին ներդրողներ գտնել արեւելեան հացամթերք արտադրող ընկերութեան համար, Կարէն Մկրտիչեանը պատասխանում է. «Մեծացել եմ Լիբանանում, 20 տարի ապրել եմ Կանադայում, արդէն 3 տարի է՝ տեղափոխուել եմ Հայաստան: Այս հացը լաւ եմ ճանաչում: Գործընկերներս նոյնպէս Լիբանանից են: Հասկացանք, որ Հայաստանում այս հացատեսակի որակաւոր տարբերակը չկայ, իսկ շուկայում պահանջարկ կայ: Այս ամէնը հաշուի առնելով՝ որոշեցինք ճիշդ ձեւով ձեռնարկել այս գործը: Այս ամէնի արդիւնքում Մհերն իր ընտանիքով տեղափոխուեց Հայաստան: Իրականում արեւելեան հացի արտադրամաս հիմնելու գաղափարը հէնց նրանն է: Մեր ընկերութիւնն օգնեց, որ այն իրագործենք: Մեր միւս ընկերը՝ Սեւան Արթինը, Անգլիայում լոնդոնեան բանկերից մէկի Միջին Արեւելեան մասի տնօրէն էր եւ ունէր կապեր միջինարեւելեան ներդրողների հետ: Ինքն էլ իր դերը խաղաց այս գործում այն իմաստով, որ ԱՄԷից ներդրող գտաւ: Նրանք ցանկանում են աւելի մեծ ներդրումներ կատարել Հայաստանում: Սա առաջին փորձն է: Յոյս ունենք, որ թեբ իրենք, թեբ իրենց միւս գործընկերները կը քաջալերուեն՝ յաւելեալ ներդրումներ կատարելու Հայաստանում»:
Թիմային (խմբային-Խմբ.) աշխատանքի շնորհիւ ստեղծուեց «Գոլդեն բէյքրի»ն: Արդիւնքում, ե՛ւ Մհերը, ե՛ւ Սեւանը տեղափոխուեցին Հայաստան:
«Սեւանը ծնունդով Լիբանանից է, սակայն Լոնդոնում է ապրել մօտ 20 տարի: Նա ներդրողի ներկայացուցիչն է եւ «Գոլդեն բէյքրի»ի գործադիր տնօրէնը: Կարծում եմ՝ մեծ յաջողութիւնների կը հասնենք: Հետաքրքիրն այն է, որ երեքս միմեանց ճանաչում էինք, սակայն տարբեր երկրներում էինք ապրում, այսօր, սակայն, միաւորուեցինք Հայաստանում», նշում է Կարէն Մկրտիչեանը:
Մհեր Ծատուրեանը «Գոլդեն բէյքրի»ի ընդհանուր կառավարիչն է: Նա 8 տարի հացամթերք արտադրող լիբանանեան ամենամեծ ընկերութեան տնօրէնների խորհրդում է աշխատել: Այսօր որոշել է կուտակած փորձը հայրենիքում կիրառել: «Մտածեցի իրականացնել Հայաստանում այն պարզ պատճառով, որ այսօր շատ մարդիկ կան, որոնք ցանկութիւն ունեն այս հացն օգտագործել: Այն ո՛չ միայն Մերձաւոր Արեւելքի երկրներում ապրող հայերին է ծանօթ, այլեւ յատուկ է Արաբական երկրներին: Հացամթերքը, որն այսօր մենք արտադրում ենք, կոչւում է պիտա, որը մենք արաբական հաց ենք անուանում: Կանադայում, Ամերիկայում, Ֆրանսիայում, անգամ Աւստրալիայում, կայ այս հացատեսակը», պատմում է Մհեր Ծատուրեանը եւ հաւելում՝ գաղափարը Կարէնին է ներկայացրել, որն էլ հաւանել ու ներդրողներ է գտել: Ինքն էլ Սեպտեմբերին եկել ու հաստատուել է Հայաստանում, թէեւ տնտանիքը մօտ 2 տարի՝ այստեղ է:
«Հայաստանեան կեանքը, լիբանանեանի համեմատութեամբ, շատ հանդարտ է, ամենօրեայ սթրես (ճնշում-Խմբ.) չկայ, հեզասահ է: Մենք Լիբանանում վարժուել ենք աւելի արագ տեմպի (կշռոյթ-Խմբ.): Նախապատրաստական աշխատանքներից յետոյ փետրուարի 19ին սկսեցինք առաջին արտադրութիւնն արդէն վաճառքի նպատակով: Առաքում ենք երեւանեան մի քանի մեծ ու փոքր խանութներ՝ SAS, Carrefour, ռեստորաններ եւ այլն: Արդէն բաւականին գնորդներ ունենք: Բոլորը շատ գոհ են մեր հացի որակից: Մենք էլ աշխատում ենք շատ զգոյշ լինել, բարեխիղճ աշխատել, որպէսզի մեր գնորդների վստահութիւնը չկորցնենք: Այս պահին 6 աշխատող ունենք արտադրամասում, առաջիկայում թիւը կ՛աւելանայ եւ մենք հնարաւորութիւն կ՛ունենանք մեծացնել արտադրանքի ծաւալը», ասաց Մհեր Ծատուրեանը:
Գաղափարը կեանքի կոչելու ընթացքում եղել են դժուարութիւններ, սակայն, ինչպէս նշում է Մհերը, կարողացել են յաղթահարել. «Դեռ Սեպտեմբերին պէտք է սկսէինք մեր աշխատանքը: Սակայն նորոգութիւններ կատարելիս՝ գործը շատ ուշացաւ: Հայաստանում, ճիշդ է, շատ լաւ աշխատողներ կան, բայց հակառակն էլ կայ: Մարդիկ պէտք է աւելի արագ լինեն, աշխատանքի նկատմամբ մտայնութիւնը պէտք է փոխուի, աշխատողը պէտք է աւելի պատասխանատու լինի իր կատարած աշխատանքի համար»:
«Գոլդեն բէյքրի»ի նպատակը ո՛չ միայն արեւելեան հացամթերք նախընտրող մարդկանց պահանջարկը գոհացնել է, այլեւ Հայաստանի նկատմամբ հետաքրքրութիւն առաջացնելը. «Յոյս ունենք մեր այս քայլով քաջալերել մեր այն ընկերներին, որոնք կարող են գալ Հայաստան եւ ներդրումներ անել, գործ հիմնել, աշխատատեղեր ստեղծել: Այդ քայլով նրանք մեծ օգուտ կը տան Հայաստանին: Սեպտեմբերին, երբ արտադրամասի համար տարածք էինք փնտրում, տեսանք, թէ որքան շատ կիսաքանդ գործարաններ կան, որոնք տարիներ ի վեր անգործութեան են մատնուել այն դէպքում, երբ ժամանակին գործուն արտադրամասեր են եղել: Իսկ նման գործարաններին նոր կեանք տալով՝ մեծ օգուտ կարող ենք տալ մեր երկրին, հետեւաբար, ինչու պարապուրդի մատնել այդ ամէնը», նշում է Մհեր Ծատուրեանը:
Արդէն մէկ ամիս է՝ «Գոլդեն բէյքրի» արեւելեան հացամթերքի արտադրամասը սկսել է իր արտադրանքը՝ փորձելով կայուն տեղ զբաղեցնել շուկայում: Ընկերութիւնը նպատակ ունի արտադրանքը նաեւ մարզեր առաքել: Գիւմրիից, արդէն, հետաքրքրուած են հացատեսակով: Ծրագրում են նաեւ Հայաստանից դուրս արտահանել: Ժամանակի ընթացքում այլ հացատեսակներ եւս կը սկսեն արտադրել: Հետաքրքիր շատ գաղափարներ կան եւ «Գոլդեն բէյքրի»ի պատասխանատուները յուսով են՝ մօտ ապագայում կը կարողանան իրկանացնել:
best of luck and fast progress