ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Երբ լսուեց Ռուբէնի մահուան գոյժը, հանգուցեալին ճանաչողները ունեցան կորուստի, ափսոսանքի զգացում, ազնիւ մի անձնաւորութիւնից առյաւէտ բաժանուելու ցաւ, իսկ ընտանիքը կանգնեց դէմ յանդիման դաժան մի իրականութեան առջեւ: Մեծ ցաւ ապրեցին նաեւ «Լարք» երաժշտանոցի տնօրէնութիւնը, անդամները, ուսուցչական կազմը, աշակերտները, որտեղ արդէն երկար տարիներ է սովորում են հանգուցեալի զաւակները՝ Հերմինէն եւ Արթուրը: Սակայն փոքր-ինչ տարբեր էր մե՛ր յուզումը. միանգամից իմ առջեւ յառնեց արդէն 20ից աւելի տարիների մշուշով ծածկուած նոյն պատկերը. երիտասարդ մայր, որբացած դուստր եւ որդի, շուրջ բոլորդ սլացող կեանքը, եւ այդ ամէնի հետ միասին զաւակներ՝ դաշնամուր եւ ջութակ նուագող: Բարդ մի հոգեվիճակ, որի ընթացքում անկարող ես որեւէ այլ բանի մասին մտածելու: Քո դիմաց են զաւակներդ, կեանքի պայքարը, նրանց ապագան: Միայն դրանց միջից անցնելուց յետոյ է, որ կարող ես յիշել, վերլուծել անցուդարձը, բայց նաեւ… ժպտալ՝ արհամարհելով քեզ բաժին ընկած բոլոր դժուարութիւնները:
Ու երբ Արթուրի ջութակի ուսուցչուհի տիկին Արշակուհուց ստացայ սրտի խօսք արտայայտելու առաջարկը, ասես իմ անցեալի մասին խոկալու մի պահ եղաւ, կեանքի փակուած մի էջ դարձեալ բացել-կարդալու պատեհ առիթ ստեղծուեց, ու այդ յուզումներով՝ այսօր ուզում ենք հրաժեշտ տալ վաղամեռիկ Ռուբէնին:
Ռուբէն Քէշիշեանը ծնուել է 1966 թուականի Օգոստոսի 22ին, Երեւանում, Ջոնի եւ Հերմինէ Քէշիշեանների ընտանիքում: Ռուբէնը ընտանիքի կրտսեր զաւակն էր, ունի 2 աւագ քոյրեր՝ Անահիտն ու Աիդան:
1990 թուականին մահանում է մայր Հերմինէն, յաջորդ տարում՝ 1991ին Ռուբէնը եւ հայրը տեղափոխւում են Միացեալ Նահանգներ, Լոս Անջելես, իրենց հարազատների մօտ:
2000 թուին Ռուբէնն ամուսնանում է Ասեա Ագեսեանի հետ: Իրենց համերաշխ ընտանիքում ունենում են երկու երեխաներ՝ Հերմինէն եւ Արթուրը, մեր շատ սիրելի ուսանողները:
2010 թուականին ծանր հիւանդութեան պատճառով Ռուբէնը կորցնում է հօրը: Երբ մահը պատահում է կեանքի օրինաչափութեան ընթացքով, մխիթարութիւնը յաջորդում է բնականօրէն: Իսկ երբ երջանիկ ընտանիք է ներխուժում չարաբաստիկ հիւանդութիւնը, երկու ամսուայ ընթացքում իր ճանկերի մէջ է վերցնում ընտանիքի 52 տարեկան հօրը, այդ արդէն կեանք կոչուող առեղծուածն է, ու մենք անկարող ենք դառնում դրան դիմադրելու, յանձնւում ենք, եւ 2019 թուականի Մարտի 17ին, առաւօտեան ժամը 4:30ին իր հոգին է աւանդում բոլորի կողմից սիրուած ու յարգուած Ռուբէն Քէշիշեանը:
Ռուբէնը բարեկամ էր մեր երաժշտանոցի ողջ անձնակազմի հետ, զրուցում էր բոլորի հետ: Նրան կարող էիր տեսնել աստիճանների վրայ, տնօրէնի առանձնասենեակում, շէնքի որեւէ անկիւնում մի բան նորոգելիս, տնտեսվար պարոն Վարդգէսին օգնելիս, «Լարք» ընկերակցութեան նախագահ Վաչէ Պարսումեանի հետ ծխելիս՝ բակի գողտրիկ անկիւնում: Իր կամաւոր ծառայութիւններով Ռուբէնը տարիներ շարունակ սատարում էր մեր հաստատութեանը, իսկ մի օր էլ յանկարծ մենք տեսանք արուեստագէ՛տ Ռուբէնին: Տեղի էր ունենում քոյր-եղբայրների կամ ազգականների համերգ, եւ բեմում յայտնուեց Քէշիշեան ընտանիքը՝ Ռուբէնը, Հերմինէն, Արթուրը, իրենց նուագով՝ դաշնամուրի, ջութակի, հարուածային գործիքների, երգեհոնի վրայ, նաեւ պարով ու երգով: Նրանց ոգեւորութիւնը սահման չունէր, իսկ ընտանիքի մշակութային նախասիրութիւնների սատարողն էր տան մայրը՝ տիկին Ասեան, ով նոյնպէս իր զաւակների հետ յաճախ լինում է «Լարք» երաժշտանոցում, հետեւում է Հերմինէի եւ Արթուրի մասնագիտական դասերին:
Շրջուեց կեանքի անիւը.
«Թէ ինչպէս յանկարծ աշխարքը փոխուեց,
Ինչպէս դատարկուեց կեանքում ամէն բան,
Սարերը մընացին որբ ու անչոբան,
Թէ ինչպէ՛ս յանկարծ նա գընաց հեռու,
Էլ չի՜ դառնալու, էլ չի՜ դառնալու…
– Ե՛տ դառ, ե՛տ, իգի՛թ,
ե՛տ դառ, անիրա՛ւ,
կարօտած եարիդ
աչքը ջուր դառաւ։
ոչխարդ էն սարով
շուռ տուր, տու՛ն արի,
փախի՛ր գիշերով
ու թաքուն արի…»։
Սակայն անմահ Յովհաննէս Թումանեանի «Անոյշ» պօէմի խօսքերն անզօր են ետ բերելու սիրելի Ռուբէնին: Նա գնաց յաւիտենականութեան գիրկը, եւ միայն երկնային մխիթարութեամբ է, որ կարելի է սփոփել այս մեծ վիշտը:
Հերմինէի դաշնամուրի ուսուցչուհի տիկին Հռիփսիմէ Յովսէփեանը պատմում էր, երբ Ռուբէնը դեռեւս չէր մեկնել այս աշխարհից եւ արդէն հաշուած օրեր էին մնացել նրա կեանքից, թէ ինչպէ՛ս էր պատկերում այս բաժանումը իր սիրելի աշակերտուհուն, երկուստեք արտասուելով, վերջին դասի ընթացքում. «Հերմին ջան, պատկերացրու, որ հայրիկը գնաց երկինք, դարձաւ մի աստղ ու հեռուից միշտ դիտում եւ հետեւում է ձեր աշխատանքներին: Ա՛յ հէնց դրա համար էլ միշտ պիտի պարապէք եւ իրականացնէք նրա երազանքները»:
Մենք վստահ ենք, որ զօրաւոր անհատականութեամբ օժտուած տիկին Ասեան կ՛առաջնորդի իր սիրելի զաւակներին՝ Հերմինէին եւ Արթուրին, կը յաղթահարի կեանքի բոլոր դժուարութիւնները՝ կերտելու նրանց ապագան, պայքարելով ու նաեւ… ժպտալով, քանի որ սիրելի Ռուբէնի աստղը երկնքից միշտ հետեւում է նրանց:
Ցաւակցում ենք Քէշիշեան գերդաստանի բոլոր անդամներին այս տխուր առիթով:
Խունկ ու աղօթք շիրիմիդ, սիրելի Ռուբէն, բարի ճանապարհ քեզ դէպի երկնային արքայութիւն:
Մարտի 21, 2019
Լոս Անջելես