Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանակցութիւնների լիարժէք ձեւաչափի վերականգնման առնչութեամբ վերջին յայտարարութիւնների վերաբերեալ «Արմէնփրէս»ը զրուցել է Արցախի Հանրապետութեան արտաքին նախարարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան պետ Արտակ Ներսիսեանի հետ.
«ԱՐՄԷՆՓՐԵՍ».- Մարտի 9ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդէս են եկել յայտարարութեամբ, որտեղ կոչ են արել ձեռնպահ մնալ միակողմանի կարգով բանակցութիւնների ձեւաչափը փոխելու պահանջից՝ առանց միւս կողմի համաձայնութեան: Աւելի վաղ՝ Մարտի 6ին, Ադրբեջանի ԱԳՆն յայտարարել է, որ առանց ԵԱՀԿ մասնակից պետութիւնների միջեւ կոնսենսուսի (համաձայնութեան-Խմբ.) ձեռքբերման անհնար է փոխել բանակցային գործընթացի ձեւաչափը, որը հաստատուել է 1992թ. Հելսինկիում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի կայացրած որոշմամբ: Պաշտօնական Բաքուի պնդմամբ, ըստ այդ որոշման՝ «Հայաստանը եւ Ադրբեջանը հանդէս են գալիս որպէս հակամարտութեան կողմեր, իսկ Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքները՝ որպէս շահագրգիռ կողմեր»: Ինչպէ՞ս կը մեկնաբանէք այս յայտարարութիւնները:
ԱՐՏԱԿ ՆԵՐՍԻՍԵԱՆ.- Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի ԱԳՆն ինստիտուցիոնալ (կառուցային-Խմբ.) յիշողութեան բացակայութիւն եւ բացարձակ անտեղեակութիւն է ցուցաբերում ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացի եւ դրա շրջանակներում ընդունուած փաստաթղթերի վերաբերեալ: Նախ՝ ԵԱՀԽ Հելսինկեան լրացուցիչ հանդիպման 1992թ. Մարտի 24ի որոշման մէջ որեւէ համայնքների մասին յիշատակում չկայ, փաստաթղթում որպէս շահագրգիռ կողմեր նշուած են «Լեռնային Ղարաբաղի ընտրուած եւ այլ ներկայացուցիչները»:
Երկրորդ՝ հակամարտութեան ձեւաչափի եւ բանակցութիւնների կողմերի կարգավիճակի հարցը երկարատեւ քննարկումների առարկայ է եղել, որն անցել է զարգացման որոշակի ճանապարհ: Արդէն 1993թ. Մինսկի գործընթացի շրջանակներում քննարկուող փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղը նշւում է որպէս հակամարտութեան լիարժէք կողմ: Տուեալ հարցում վերջնականապէս պարզութիւն է մտցուել 1994թ. Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ/ԵԱՀԽ գագաթաժողովի ժամանակ: Համաձայն Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթի՝ հակամարտութեան կողմեր են հանդիսանում հրադադարի մասին 1994թ. Մայիսի 12ին ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները հաստատած կողմերը: Կրակի եւ ռազմական գործողութիւնների ամբողջական դադարեցման մասին այդ համաձայնագիրը ստորագրուել է Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: 1994թ. Յուլիսի 26- 27ը Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը եւ Հայաստանը ստորագրել են լրացուցիչ համաձայնագիր, որում վերահաստատել են «հրադադարը պահպանելու իրենց յանձնառութիւնները՝ ընդհուպ մինչեւ մեծ քաղաքական համաձայնագրի ստորագրումը»:
Բուդապեշտի գագաթաժողովից յետոյ ադրբեջանական կողմի՝ հակամարտութեան կողմերի թեման կրկին շահարկելու փորձերին ի պատասխան՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Լասլօ Կովաչը 1995թ. Մարտի 31ին Պրահայում կայացած ԵԱՀԿ Ղեկավար խորհրդի նիստի ժամանակ հանդէս է եկել յատուկ յայտարարութեամբ եւ «վերահաստատել կողմերի կարգավիճակի մասին ԵԱՀԿ նախորդ որոշումները, ինչը ենթադրում է հակամարտութեան մէջ ներգրաւուած երկու անդամ պետութիւնների, ինչպէս նաեւ հակամարտութեան երրորդ կողմի (Լեռնային Ղարաբաղի) մասնակցութիւնն ամբողջ բանակցային գործընթացին, ներառեալ՝ Մինսկի համաժողովը»:
ԵԱՀԿ գործող նախագահի՝ Պրահայում արուած ամփոփումը չափազանց յստակ է եւ սողանցք չի թողնում ադրբեջանական կողմի համար՝ կամայականօրէն եւ միտումնաւոր կերպով մեկնաբանելու ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացում բանակցային ձեւաչափի վերաբերեալ ԵԱՀԿ որոշումները:
Ո՛չ Արցախի հանրապետութեան, ոչ էլ Հայաստանի հանրապետութեան իշխանութիւնները բանակցութիւնների նոր, չհամաձայնեցուած ձեւաչափի ստեղծման հարց չեն դնում: Խօսքը վերաբերում է 1994թ. Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի որոշմամբ ամրագրուած լիարժէք բանակցային ձեւաչափի վերականգնմանը: Այս որոշումը կայացուել է ԵԱՀԿ մասնակից պետութիւնների, այդ թւում՝ Ադրբեջանի եւ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից կոնսենսուսի հիման վրայ:
Մենք բազմիցս նշել ենք, որ բանակցութիւնների եռակողմ ձեւաչափի վերականգնման հարցը իւրայատուկ լակմուսի թուղթ (լիտմոսաթուղթ-Խմբ.) է, որը ցոյց է տալիս ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացում իրական առաջընթացի պատրաստակամութեան աստիճանը: Բանակցային ամենաարդիւնաւէտ ձեւաչափի վերականգնմանը հակազդելը հնարաւոր է մեկնաբանել որպէս հակուածութիւն՝ պահպանել ստատուս քօն (հաստատուած վիճակը-Խմբ.):
Ցաւալի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անհրաժեշտ սկզբունքայնութիւն չեն ցուցադրում եռակողմ բանակցային ձեւաչափի վերականգնման համար, որը համապատասխանում է ԵԱՀԿ բարձրագոյն մարմնի որոշմանը: