ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստան պիտի շարունակէ հետապնդել Արցախի ինքնորոշման իրաւունքի ճանաչումը: Հայաստանի կառավարութեան առաջնային հարցերէն մէկը բանակցային գործընթացին մէջ Արցախի կարգավիճակի բարձրացումն է: Այս մասին Իրանի հայկական համայնքի ներկայացուցիչներուն հետ հանդիպման ընթացքին յայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինեան:
«Եւ առաջիկայում էլ մենք նախնական խօսել ենք, որ պէտք է հանդիպում ունենանք Ադրբեջանի նախագահի հետ: Դա, ըստ էութեան, լինելու է առանց օրակարգի հանդիպում, բայց այդ հանդիպման կարեւոր ուղենիշներից մէկը լինելու է բանակցային ֆորմատի (ձեւաչափ-Խմբ.) քննարկումը, ինչը նշանակում է՝ քանի դեռ մենք այս ֆորմատի վերաբերեալ համաձայնութիւն ձեռք չենք բերել, այս շփումները, քննարկումները պաշտօնական բանակցութիւններ համարել չի կարելի: Ես ասել եմ, որ հանդէս եմ գալիս եւ խօսում եմ Հայաստանի անունից, որովհետեւ Հայաստանի վարչապետն եմ, եւ ես չեմ խօսում Արցախի անունից, որովհետեւ Արցախի Հանրապետութիւնն ունի իր իշխանութիւնը, իր նախագահը, իր կառավարութիւնը, եւ բանակցային գործընթացում Արցախի անունից պէտք է խօսի Արցախի իշխանութիւնը: Սա շատ կարեւոր է, եւ մենք ամէն ինչ պէտք է անենք, որ Արցախը բանակցային գործընթացում սուբյեկտութեան (ենթակայի իրավիճակ-Խմբ.) նոր մակարդակ ունենայ», յայտնեց Փաշինեան:
Ըստ վարչապետին՝ պայմանաւորուածութիւն կայ, որ պէտք է քննարկեն հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հնարաւորութիւնները:
«Արդեօք ես այսպիսի հնարաւորութիւններ այսօր տեսնո՞ւմ եմ եւ կարո՞ղ եմ ասել, որ այդ խօսակցութիւնների գործընթացում տեսնում եմ որեւէ առաջընթաց: Ցաւօք սրտի, այդպիսի բան ասել ես չեմ կարող: Երբ միջազգային գործընկերները գալիս եւ մեզ հարցնում են՝ իսկ դուք պատրա՞ստ էք փոխզիջումների, մենք նրանց շատ պարզ պատասխանում ենք, իսկ ձեզ ո՞վ է ասել, որ այդ հարցի պատասխանողը եւ առաջին պատասխանողը մենք պէտք է լինենք, իսկ Ադրբեջանին հարցնո՞ւմ էք իրենք պատրա՞ստ են փոխզիջումների, թէ պատրաստ չեն: Մենք այդ հարցին չենք պատասխանի այնքան ժամանակ, մինչեւ այս հարցին յստակ չի պատասխանել Ադրբեջանը», յայտնեց վարչապետ Փաշինեան՝ աւելցնելով. «Մենք կարող եք շատ յստակ հիմնաւորել, թէ ինչո՛ւ այդ հարցին պէտք է առաջինը պատասխանի Ադրբեջանը, որովհետեւ Ադրբեջանն է, որ ամէն օր սպառնալիքներով է խօսում Ղարաբաղի հարցի կարգաւորման վերաբերեալ: Եթէ որեւէ մէկը մտածում է, որ կարող է ուժով կամ սպառնալիքով Ղարաբաղի հարցը լուծել, նա չարաչար սխալւում է: Չարաչար սխալւում է հէնց այն պատճառով, որ այդ ասողը չի գիտակցում, որ ինքը գործ ունի ոչ միայն Հայաստանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների, այլ համայն հայութեան հետ, որն այսօր առաւել միասնական է, քան երբեւէ», նշեց Փաշինեան: