
Բասրայի հայկական համայնքի ատենապետ Խաժակ Վարդանեանի «Երկիր»ին տրամադրած տեղեկութիւնների համաձայն, ոչ պաշտօնական տուեալներով, այսօր Իրաքում ապրող հայերի թիւը հասնում է 5000-6000ի: Իրաքահայերն հիմնականում ապրում են մայրաքաղաք Բաղդադում եւ Բասրայում, ինչպէս նաեւ կենտրոնացած են երկրի Մոսուլ, Քիրքուք, Զախօ, Հաւրեզք եւ այլ բնակավայրերում: 60-70 ոչ-հայախօս հայեր էլ բնակւում են երկու գիւղում, ընդ որում՝ այժմ նրանց ջանքերով կիրակնօրեայ դպրոցներ են բացուել աճող սերնդի համար, որ իրենց երեխաները կարողանան սովորել մայրենի՝ հայոց լեզուն: Բաղդադում կան ազգային կառոյցներ, օրինակ՝ Երիտասարդաց, Տիկնանց եւ Բարեգործական միութիւնները, ՀՄԸՄը եւ այլն:
Բասրայում 221 հայ կայ: Նախկինում այստեղ եղել են հայկական երկու եկեղեցի, որոնցից որեւէ հետք անգամ չի մնացել: Ներկայումս գործում է հայկական Սուրբ Աստուածածին եկեղեցին՝ հիմնուած 1736թ.: Կառոյցի հերթական վերանորոգումների շարքում առանձնայատուկ էր վերջերս արուածը, երբ եկեղեցին բարեկարգուեց, իսկ տարածքը երեք անգամ աւելացաւ: Այժմ հէնց այդտեղ են տեղի ունենում համայնքային հաւաքներն ու միջոցառումները: Խաժակ Վարդանեանը նշում է, թէ Բասրայում մասնաւորապէս ակտիւ է Դպ-րաց դասն իր երգչախմբով, որը տօնական օրերին համերգներով է հանդէս գալիս:
Հայեցի դիմագիծը կոնկրետ (յստակ-Խմբ.) Բասրայում պահելու առումով ամենամեծ խնդիրը այդ քաղաքի հայկական համայնքի ատենապետը համարում է այն, որ դատարկ է մնացել ազգային վարժարանի շէնքն իր բոլոր յարմարութիւններով, քանի որ հայ երեխաների թուաքանակը չի բաւարարում դասարաններ ձեւաւորելու համար: Ընդամէնը կայ ինը աշակերտ: Եկեղեցին եւ ազգային միւս մարմինները աճող սերնդի հայեցի կրթութեանն ու դաստիարակութեան գործը փորձում են հնարաւորինս կարգաւորել:
«Պայմանաւորուածութիւն ենք ձեռք բերել լաւագոյն դպրոցներից մէկի հետ, որ մեր երեխաներն այնտեղ սովորեն: Բասրայի հայութիւնն է վճարելու նրանց ուսման վարձը», ասում է Խաժակ Վարդանեանը: Նա նաեւ աւելացնում է, որ հայերէնի ուսուցման բացը լրացնելու նպատակով իրենց քաղաքում գործում է հայկական կիրակնօրեայ դպրոց. «Դասերն անցկացւում են Ազգային վարժարանի շէնքում: Երեխաներն այնտեղ սովորում են հայոց լեզու եւ հայ գրականութիւն, մեր ժողովրդի եւ եկեղեցու պատմութիւն, ազգային երգ ու պար, որ իրենք միշտ յիշեն հայ լինելու մասին: Ինչպէս մենք ենք օտար երկրում պահել մեր ազգային ինքնութիւնը, այդպէս էլ նրանք պէտք է շարունակեն հայ մնալ»:
Ըստ Խաժակ Վարդանեանի՝ ընդհանրապէս իրաքահայ համայնքի առջեւ ծառացած հիմնահարցերից է այն, որ երկրի սոցիալ-տնտեսական եւ պարբերաբար ծաւալուող պատերազմական խնդիրների պատճառով երիտասարդների արտահոսք կայ, որոնք, իբրեւ լաւագոյն կրթութիւն ստացած եւ մասնագիտութիւն ձեռք բերած անձինք, կարողանում են այլ պետութիւններում եւս իրենց տեղը գտնել: Իրաքահայերից շատերն են տեղափոխուել աւելի ապահով վայրեր: Բասրայի հայկական համայնքի ատենապետ Խաժակ Վարդանեանը կարծում է, որ իրաքահայութիւնը, չնայած բազմաթիւ դժուարութիւններին, կարողանում է համախմբուած մնալ ազգային հաստատութիւնների շուրջ. «Մենք պէտք է հայ մնանք»:
«ԵՐԿԻՐ»