ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Հաւանաբար մանկութիւնս վերապրելու յուսահատ փորձն էր, որ ինձ ստիպեց ձեռքս վերցնել մօտ մէկ տասնեակ գրքեր ու որոշել, թէ նախկինում ընթերցած գրքերիցս որին պիտի անդրադառնայի: Լսելով մարմնիս աղաղակներին, թէ՝ բաւական է պատռուես, մի փոքր դադար վերցրու վիրահատութիւնից յետոյ, որոշեցի համարակալել գրքերը. առաջինը՝ «Պապ Թագաւոր», «Սամուէլ», «Ապուշը», «Պատերազմ Եւ Խաղաղութիւն», եւ այլն… Յանկարծ աչքս ընկաւ «Խաչագողի Յիշատակարանը» վէպի վրայ: Չնայած գիտէի բովանդակութիւնը, բայց ի զարմանս ինձ, մտաբերեցի, որ չեմ կարդացել այդ գիրքը: Յիշեցի նաեւ թէ ինչո՛ւ: 7րդ կամ 8րդ դասարանում «Լենֆիլմ» կինոստուդիայից պատուիրակութիւն էր ժամանել Երեւան, պատմական արկածային մի ֆիլմ նկարելու: Յանձնաժողովի անդամներն այդ օրը եկել էին մեր 114 դպրոց ու ընտրում էին ապագայ շարժապատկերի հերոսներին: Ես հիւանդ էի այդ օրը, եւ բարձր ջերմութիւնը մի տեսակ անտարբերութիւն էր տուել արտաքինիս, երբ ընտրող յանձնաժողովը մտաւ մեր դասարան: Կարճահասակ ակնոցաւոր ռուս կինը դանդաղ զննում էր բոլորին: Ես էլ էի կարճահասակ այն ժամանակ, այդ պատճառով դասարանի առաջին նստարաններից մէկը ինձ էր յատկացուել տարուայ սկզբին: Բայց այդ օրը նպատակադրուած, վերջին նստարանին էի նստել, քանի որ կոկորդս խիստ ցաւում էր, իսկ 38 աստիճան ջերմութիւնը թոյլ չէր տալիս աչքերս կարգին բացել: Վերջին նստարանը ամենայարմարն էր. այնտեղ ծոյլիկներն էին թաքնւում սովորաբար, բայց այդ օրը նրանք մեծահոգաբար ինձ էին զիջել իրենց «պատուաւոր» տեղը, քանի որ հիւանդ էի: Երբ գլուխս դրեցի սեղանին, ռուս կինը մօտեցաւ ինձ: «Իսկ դու չե՞ս ուզում ֆիլմում նկարուել», հարցրեց: «Ո՛չ», կտրուկ, բայց բարեացակամ պատասխան տուեցի: «Ինչո՞ւ», հարցրեց: Չհասցրի արձագանգել: «Այ տղայ, Խաչի՛կ, մի ոտքի՛ կանգնիր», հեռուից որոտաց ուսմասվար Պօղոսեանի ձայնը… «Հիւանդ եմ, ընկեր Պօղոսեան, հի՛-ւա՛նդ», վերջին բառը իւրատեսակ վառօդ էր կրում իր մէջ ու բանաստեղծական տարօրինակ երանգով արտաբերեցի: «Ա՛յս տղային եմ ընտրում», հաստատակամօրէն պնդեց ռուս կինը: Այդ օրուայ դասը Րաֆֆու «Խաչագողի Յիշատակարանը» գրքին նուիրուած մի քանի շաբաթուայ ծանօթութեան մասին էր: Ինձ մօտաւորապէս մէկ տարով «զբաղեցրին» նկարահանումների պատճառով, ու ես այդ ամբողջ ժամանակուայ ընթացքում դպրոցից յետ մնացի: «Խաչագողի Յիշատակարանի» վէպի մասին յետագայում շատ լսեցի հպանցիկ խօսակցութիւնների ու քննարկումների ժամանակ, բայց այդպէս էլ չկարդացի այն: Ու ինչ լաւ է, որ հիմա պիտի ուշադրութիւն դարձնէի այդ վիպակի վրայ: Աւելի շուտ՝ քաւոր Պետրոսի կերպարի վրայ: Գիրքն ընթերցելիս մի տարօրինակ զգացում էր ինձ ուղեկցում: Ասես տեսել էի քաւոր Պետրոսին երէկ, առաջին օրը, մէկ, տաս, քսան տարի առաջ: Յետոյ միայն հասկացայ, որ մեր ազգի հնարաւոր դժբախտութեան պատճառներից մէկը (գուցէ եւ գլխաւորը) քաւորպետրոսական հոգեբանութեան ներկայութիւնն է շատ-շատերի մէջ: Ես յիշեցի, որ քաւոր Պետրոսին հանդիպել եմ հայաստանցիների, լիբանանահայերի, պոլսահայերի, պարսկահայերի եւ գրեթէ միւս բոլոր տեսակի հայերի մէջ: Քաւորպետրոսութիւնը առաջին հայեացքից պարզ պատեհապաշտական մի կերպար է, որ չի ճանաչում ոչ մի սահմանափակում իր նպատակներին հասնելու համար: Խնդիրը բարդանում է նրանով, որ շատ քաւոր Պետրոսներ ունեն նաեւ բազմաթիւ դրական յատկանիշներ, ու հէնց այդ է պատճառը, որ սովորական մարդուն կարող է մոլորեցնել: Այդ կերպարի մէջ մերթ ընդ մերթ վառւում է հայրենասիրութեան պոռթկումը, խեղճին տէր կանգնելու անյագ ձգտումն ու գերմարդկային փորձերը, փիլիսոփայական խորը միտքը եւ այլն: Բարդ ու հակասական կերպար է քաւոր Պետրոսը: Բարդ է, քանի որ ի վերջոյ խիստ բացասական կերպար լինելով, նա կարող է գայթակղել անփորձ ու ոչ խորաթափանց մարդուն, նրան ներշնչելով, թէ այս աշխարհը գայլ ու գառի աշխարհ է, ու պիտի անյապաղ որոշում կայացնել, խժռողի՞, թէ կերակուրի դերն է քեզ բաժին ընկած թատերաբեմում: Ես յիշեցի կեանքումս հանդիպած մի քանի քաւոր Պետրոսներին: Շրջապատում նրանց համարում էին «բաշարող» ձեռներէցներ:
Մի քաւոր Պետրոս ամառային մի առաւօտ մեր բնակարանի դուռը ծեծեց: Հայրս, վարպետ Զաւէնը, քաղաքում յարգուած արհեստաւորի համբաւ ունէր: Հագուստների վրայ մանրաթելերով պատկերներ էր կերտում: Այսօր նրան դիզայներ կ՛անուանէին, բայց այն օրերին արհեստաւոր էր: Գծում էր, ջնջում, նորից գծում, յետոյ օճառափոշով իր ստեղծածը նախշում էր հագուստի վրայ, որից յետոյ «Զինգեր» յատուկ մեքենայով տարբեր գոյների նախշեր էր կարում: Կաշուէ երկար բաճկոն հագած քաւոր Պետրոսը ներս մտաւ: «Պապան տա՞նն է», հարցրեց: «Մի 10 րոպէից կը գայ, ներս եկէք»: «Ինչ էլ քաղաքավարի ես. անունդ ի՞նչ ա», հարցրեց: «Խաչիկ», տարակուսած պատասխանեցի: «Խչօ ջա՞ն, ըստեղ քեզ բան ման ասող հօ չկա՞յ», հարցրեց: «… Չէ, ինչի՞ պիտի ասեն», զարմացայ: «Դէ տես հա, յանկարծ մէկը նեղացնի, կ՛ասես էսինչի մօտիկն ես, էսինչն էլ ախպորս տղեն ա»: «Էսինչ»ը մեր թաղի խուլիգաններից էր, ու նրա հետ նոյնիսկ չէի շփւում: Ես նրա համար հետաքրքիր չէի կարող լինել, դպրոցից տուն, տնից դպրոց, կիթառը ձեռքիս… Ես ու իմ նմանները նրա համար կերակուր էինք: Հայրս ներս մտաւ: «Վարպետ Զաւէն, ինձ Ժոռան ա ուղարկել, ձեր ցեխի վարիչը: Մոսկուա ապրանք պիտի ուղարկեմ, ուզում եմ քո նախշերը վրան դնես, որ իւրայատուկ լինի: Ի՞նչ կ՛արժենայ աշխատանքդ», հարցրեց: Չեմ յիշում թէ հայրս ինչ պատասխանեց: Դրսից լսուեց դռան թակոց: Բաց արեցի դուռը: Ե՛ւս 4 յաղթանդամ սեւ բաճկոնաւորներ էին կանգնած: «Կարա՞նք ներս գանք, ապեր», հարցրեց: Անմիջապէս կռահեցի, որ առաջինի թիկնապահներն էին: «Ներս եկէք», արդէն տխուր ձայնով պատասխանեցի: «Արա՛, էս երեխու մազին կպնող եղաւ, վերջդ եկել ա», հրամայեց առաջնորդը: «Արա»ն զարմանքից քարացաւ ու մի պահ չհասկացաւ, որ այս թատրոնում իրեն էլ է էպիզոդիկ դեր յատկացուած: «Եղաւ, շեֆ ջան», պատասխանեց: «Հմի ի՞նչ ես ասում, վարպետ Զաւէն, մի շաբաթուայ մէջ կը հասցնե՞ս»: «Ինչպէ՞ս հասցնեմ, ձեռքիս տակ ուրիշ գործեր կան», նեարդային ձայնով արձագանգեց հայրս: «Վարպետ, էդ միւսներին կ՛ասես, որ ե՛ս եմ ասել, ու թող սպասեն: Իսկ փողդ կրկնակի կը տամ», ասաց ու աջ ձեռքը մեկնեց, հօրս ուսին դրեց միւս ձեռքը ու ինձ աչքով արեց: Ես գլուխս կախեցի: Հաւանաբար հասկացաւ, որ ենթագիտակցաբար արդէն հակակրանք էի զգում, ու աւելացրեց. «Տես հա՛, ասածս ուժի մէջ ա, քեզ նեղացնողի աչքերը կը հանեմ»: Հեռացան: Հայրս, օր ու գիշեր լուսացնելով, կատարեց պատուէրը: Քաւոր Պետրոսը եկաւ մէկ շաբաթից, հմայուեց հօրս ձեռքի աշխատանքով, վերցրեց ապրանքը ու դուրս գալիս ասաց. «Փողդ Ժոռային եմ տուել»:
Չէ՛ր տուել, խաբե՛ց: Ցեխի վարիչ Ժոռան յաջորդ օրն եկաւ, ու ամօթից կարմրած, հօրս մեկնեց խոստացուած գումարի կէսը: Հայրս չվերցրեց: Ժոռան դրամը դրեց սեղանին ու, ինչպէս ժողովուրդն է ասում, մկան ծակին տաս շահի տալով, հեռացաւ: Անցան տարիներ: Պատահաբար լսեցի, թէ քաւոր Պետրոսը Ղարաբաղում զոհուել է, պաշտպանական կռիւների ժամանակ: Նրա «ախպոր տղայ էսինչը» թաղի տղերքից մէկին ասել էր, թէ կամաւոր էր մեկնել ռազմաճակատ, չնայած որ արդէն 40ն անց կը լինէր այդ տարիներին: Յիշեցի մեր հանդիպումը, հօրս խաբելու դէպքը: Մէկ ուրիշը կարող էր ուրախանալ նրա մահուան լուրը լսելով, իսկ ես տխրեցի…
Բազմաթիւ քաւոր Պետրոսների եմ հանդիպել իմ կեանքում: Կրթուած, անկիրթ, խելացի, յիմար, յանդուգն, հաշուենկատ, հայրենասէր, անհայրենիք, նոյնիսկ բարի: Բայց նրանց միաւորում էր մի յատկանիշ՝ վայրկեանի ազդեցութեան տակ նրանք մտածում էին առաւելագոյն անձնական շահ կորզել, թքած ունէին, թէ դրանից ի՛նչ դուրս կը գայ շրջապատի, մարդկութեան, աշխարհի վրայ ունեցած ազդեցութեան առումով:
Իրաքահայ վարպետ Վանը Նորթ Հոլիվուդում հեծանիւ վերանորոգելու փոքր խանութ ունէր: Ժամանակ առ ժամանակ համարեայ անտիկ հեծանիւս տանում էի իր մօտ: Հաճոյք էի ստանում նրա հետ զրուցելիս: Աշխարհ տեսած ու իմաստուն մարդ էր: Գործին վերաբերւում էր չափազանց յարգանքով: Մի խնդիր լուծելիս անպայման մի քանիսն էլ էր տեսնում եւ առանց յաւելեալ վարձատրութեան վերանորոգում էր: «Մեր հայ տղան ես, ինչո՞ւ ոչ»:
Ես երբեք չէի սակարկում իրեն հետ, քանի որ վստահում էի Վանին: Մի այցելութեան ժամանակ նկատեցի, որ չափազանց վրդովուած էր: «Ի՞նչ կայ, վարպե՛տ», հարցրի: «Ի՞նչ պիտի լինի. մի հայ տղայ եկաւ մօտս, երեխայի հեծանիւը խնդիր ունէր, ասացի կը վերանորոգեմ: Հարցրեց, թէ որքա՞ն պիտի վճարի: Ասացի 25 դոլար: «20ով չե՞ս անի», հարցրեց: «Լաւ, 20ով կը համաձայնուեմ, մի ժամից արի», ասացի: Մի ժամից եկաւ, դրամը տուեց, հեծանիւը վերցրեց ու դուրս եկաւ խանութից: Ես հետեւից գնացի, որ օգնեմ հեծանիւը ինքնաշարժի մէջ դնել: Երանի չգնայի: Գալիք տարուայ թանկարժէք «Մերսեդես»ի դուռը բաց արեց, ուրախ ժպտալով, հեծանիւը տեղադրեց ինքնաշարժի մէջ, խրոխտ քայլերով նստեց ղեկին ու հեռացաւ: Կարեւորը գիտե՞ս ինչն էր: Նա իրեն յաղթող էր զգում այդ պահին: Ինձ յաղթե՛ց, 5 դոլարով գինը իջեցնելու պահին»: Տարիներ առաջ էր այս դէպքը: Եթէ այսօր լինէր, վարպետին կ՛ասէի՝ մի նեղուիր, Վան, քաւոր Պետրոսին ես հանդիպել:
Կանայք էլ կան քաւոր Պետրոսների շարքերում, ու դրանց թիւը գնալով աւելանում է: Մեր ընկերներից մէկին խոստացել էին խոշոր տոկոսներ վերադարձնել, եթէ գումար ներդրուէր ինչ որ նախագծում: Հիմա դրանց Փոնզի Սքիմ են անուանում: Առաջարկողը կին էր: Մի քանի տասնեակ մարդկանցից 50, 200, 500, 800 հազար դոլար վերցնելով, կինն անհետացել էր: Երբ իրաւապահ մարմիններն էին միջամտել գործին, պարզուել էր, որ քաւոր Պետրոսը իրաւաբանական առումով ամէն ինչ նախապատրաստել էր: Անհրաժեշտ փաստաթղթեր էր թխել, ու միամտացած զոհերին հիպնոսացնելով, ստիպել էր ստորագրել: Վերջիններս ոչինչ չստացան որպէս վնասի փոխհատուցում:
Քաւոր Պետրոսներից մէկն էլ ատամնաբոյժ էր, ում հանդիպեցի մօտ 25 տարի առաջ: Կրթուած, սակաւախօս մարդ էր: Գործը լաւ գիտէր, ասում էին: Գլենդելի իր ատամնաբուժարանում նախնական քննութիւնը անցնելուց յետոյ պարզեցի, որ մէկ ատամը բուժելու վերականգնելու համար մօտ 1900 դոլար պիտի վճարէի, չնայած որ ապահովագրութիւն ունէի: «Ապահովագրութիւնը շատ քիչ է վճարում այս աշխատանքի համար», ինձ ասաց: Ճիշդ էր ասում: Դրանում համոզուեցի, երբ մօտ 20 րոպէ խօսեցի ապահովագրական ընկերութեան ներկայացուցչի հետ: Շատ լաւ, եթէ կարգն այդ է, ուրեմն պիտի վճարէի: Քրեդիտ քարտս մեկնեցի ընդունարանում աշխատող աղջկան: Երկու թէ երեք այցելութեան ընթացքում ատամս վերականգնուեց: Նոյնիսկ 6 ամիս էլ չէր անցել, երբ սովորական հաց ծամելիս այն կոտրուեց: Երբ այցելեցի ատամնաբոյժին, ընդունարանում նստած միեւնոյն աղջիկը ինձ շատ սառը դիմաւորելուց յետոյ իմաց տուեց, թէ ոչինչ չի կարող անել, որ չգիտի, թէ ի՛նչ պայմաններում է նորոգուած ատամը կոտրուել, եւ պէտք է նոր այցելութիւն կատարեմ: Հերթագրուեցի: Յաջորդ շաբաթ եկայ ատամնաբոյժի մօտ: «Իրօք որ ոչինչ չեմ կարող անել, պարտաւոր ես նորից վճարել», ասաց: «Դեռ վճարում եմ առաջին վերանորոգման համար ու, ազնիւ խօսք, ոչ մի կարծր ուտելիք չեմ կերել», ասացի: Նայեց ինձ վրայ ու քմծիծաղ տուեց. «Գիտեմ ձեր տուած ազնիւ խօսքը, երեւի ոսկոր ես կերել կամ չորացած մի բան», չասաց, բայց քմծիծաղը կարելի էր այդպէս մեկնաբանել: Գլխիկոր դուրս եկայ ու երդուեցի այլեւս երբեք այդ ատամնաբուժարանը չգնալ, ինձ հետ տանելով նաեւ կնոջս ու երկու զաւակներիս ֆայլերը (թղթապանակները-Խմբ.): Նոր ատամնաբոյժին հանդիպելուց յետոյ նրա հետ ընկերացայ, քանի որ մարդ է մեծատառով, ու իր կեանքի կարգախօսի մէջ դրամ, շահ, ստախօսութիւն, պատեհապաշտութիւն հասկացութիւնները տեղ չունեն: Քաւոր Պետրոս չէ՛:
Յաջորդ քաւոր Պետրոսը եկեղեցական էր: Ծանօթներիցս մէկը ինձ պատմեց, թէ ինչպիսի տեսարան էր սարքել նա, երբ հոգեհացի սեղանին դրուած աղանդերները իր սպասածից աւելի համեստ էին եղել: «Հոտել էր,- ու մի քանի րոպէն մէկ կրկնում էր,- սեղա՞ն է սա»: Մարդկանց վշտի նկատմամբ ինչպիսի կարեկցանք, ասացի: «Դրանք բոլորն էլ էդ են», իմաստնաբար յայտարարեց ծանօթս, իսկ ես զգացի, թէ խօսակցութիւնը ինչ ուղղութեամբ է շարունակուելու: «Չհամարձակուե՛ս», ասացի, «մէկ երկու յիմարի պատճառով կարիք չկայ հոգեւորականներին, եկեղեցուն, հաւատքին փնովել: Ամէն մարդ ինչ անում է, ինքն իրէ՛ն է անում…
Նայէք ձեր շուրջը ու մտաբերէք, թէ քանի անգամ էք հանդիպել տղամարդ, կին, պարսկահայ, հայաստանցի, լիբանանահայ, յունահայ, ֆրանսահայ եւ միւս բոլոր հայ քաւոր Պետրոսներին: Միգուցէ կ՛ասէք, թէ քաւոր Պետրոսներ կան միւս բոլոր ազգերի մէ՞ջ էլ: Ի հարկէ կան, ու մենք դրա մենաշնորհը (փառք Աստծոյ) չունենք: Այսօր, երբ վերջապէս մաքուր օդ է ներխուժել հայրենեաց հողը, ու նոր շունչ է ստացել բոլոր հայերի մէջ գրեթէ խամրող յոյսն այն մասին, թէ մեր երկիրն էլ մի օր արդար ու ազատ երկիր կը դառնայ վերջապէս, շատ կարեւոր է նկատել ու ճանաչել քաւոր Պետրոսներին: Վաղ դպրոցական հասակից իւրաքանչիւր ծնող պիտի սովորեցնի իր զաւակներին, թէ որքան վտանգաւոր է քաւոր Պետրոսի երեւոյթը, երբ այն ծուարում է մարդու ներքնաշխարհում: Նոյնիսկ եթէ այդ ծնողը ի՛նքն էլ քաւոր Պետրոս է, մի պահ պիտի կանգ առնի ու փորձի տեսնել մեծ պատկերը: Պատեհապաշտութիւնը, ամէն գնով նիւթական շահ ապահովելը, սրա նրա վրայով քայլելը, ամէն գնով օգտուելը, օգտուելը, օգտուելը՝ երկսայր սրեր են, որ վերջում կախուելու են գլխիդ, եթէ բանական մարդ ես: Բողոքում են վարչապետից՝ «Ոչինչ չի փոխուել, դեռ մի բան էլ աւելի վատացել է»: Մի վարչապետով ի՞նչ կարող է փոխուել, երբ տասնամեակներ շարունակ քաւոր Պետրոսի յատկանիշները գովաբանուել են, նրան համարել են կեանք տեսած ու իմաստուն մարդ, առանց հասկանալու, որ քաւոր Պետրոսը իր րոպէական անձնական շահը գերադասելու է հանրային, համամարդկային արժէքներից, եթէ դրանք նշոյլ անգամ հակադրուեն իրար: Ուզո՞ւմ էք լաւ գործ անել Հայաստանի, հայութեան, մարդկութեան, աշխարհի համար՝ ճանաչէք քաւոր Պետրոսին, ու գոնէ աստիճանաբար ձերբազատուէք նրա կենդանական յատկանիշներից, հասկանալով, որ այս աշխարհը գայլի ու ոչխարի աշխարհ չէ, որքան էլ որ ձեզ փորձեն հակառակը ապացուցել մարդիկ, իրավիճակները, իրականութեան այս կամ այն խեղաթիւրումները, հանգամանքները: Ասում են, վերջին շնչի պահին մարդը յիշում է, թէ քանի կեանքի է դիպչել իր անցած ճանապարհին: Այսօր եմ լսել, պատահաբար հեռուստաալիքը փոխելիս, երբ հեռուստացոյցը կանգնեց Օփրայի հարցազրոյցի ալիքի վրայ, եւ ոչ մի կերպ չէի կարողանում շրջանցել այն: Յետոյ պարզեցի, որ մարտկոցը փոխելու ժամանակն էր: Բայց Օփրայի հասարակ միտքն ինձ մտածելու տեղիք տուեց: Այո, քանի՞ մարդկանց կեանքերի ենք դիպչել մեր գիտակից կեանքի ճանապարհին: Գիտակից բառը ուզում եմ շեշտել, քանի որ երիտասարդական ու չկանխամտածուած սխալները ուղղելու բազմաթիւ հնարաւորութիւններ են տրւում բոլորիս, բազմաթիւ անգամներ:
Եւ վերջում, պարզապէս ապշում եմ, թէ Րաֆֆին ինչպէս է կարողացել կերտել քաւոր Պետրոսի հաւաքական կերպարը, ինչպիսի մարգարէութեամբ է նա ահազանգել, թէ ուր կը հասցնի մեզ խաչագողի գծած ճանապարհը: Ինչ լաւ է, որ առիթ ունեմ ընթերցելու Րաֆֆիի բոլոր, նոյնիսկ աննշան համարուող գործերը…
Լոս Անջելես
Շատ հետաքրքրական եւ տեղին յօդուած է: Ահա կենսական հարցերն արծարծելու թարմ, չծամծմուած մի ձեւ:
Շնորհակալ եմ բարի գնահատականի համար, հայրենակից։
<>
Մի շնչով կարդացի։ Չեմ յիշում վերջին անգամ էսքան լաւ յօդուած, երբ եմ կարդացել։
Հոգաչափ շնորհակալ եմ անկեղծ գնահատականի համար, հայրենակից.