ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
Պարգեւավճարների շուրջ այս օրերին ծաւալուող եւ մերկապար յիշեցնող բացայայտումների համատեքստում յիշեցի չին փիլիսոփայ Լաօ Ցզիի (մ.թ.ա. 5րդ դար) հետեւեալ միտքը. «Երբ կորցնում ես բարոյականութիւնը, մնում է օրէնքը»:
Այո, օրէնքը միշտ է մնում. նա է պետութիւն կառուցելու ոսկէ կանոնն ու ողնաշարը, բայց քանի՞ գրոշ արժէ օրէնքը, որը չի բխում հաւաքական, հանրային բարոյականութեան նորմերից ու շահից:
Ընդամէնը մի քանի ամիս առաջ, երբ հասարակութիւնը ոտքի կանգնեց՝ դառնալով իշխանափոխութեան հիմնական յենարանը, նա ունէր լաւակեցութեան իր պատուէրն ու պատկերը: Եւ այդ պատուէրը կառուցուած էր հէնց բարոյական արժէքների վրայ: Սէր, համերաշխութիւն, արժանապատուութիւն, հաւասարութիւն, արդարութիւն, հաւասար հնարաւորութիւններ՝ սրանք էին այդ օրերին ամէնից շատ հնչող ուղերձները:
Իսկ այս օրերին ունենք պարգեւավճարների շուրջ հանրային ընդվզում, որը շատ հասկանալի է եւ արդար. Հայաստանի ապագայի նկատմամբ ժողովրդի սպասելիքներն ու հանրային պատուէրը այլ էին: Համբերատար լինելու, յեղափոխական արժէքների գեներացմանը (ծննդոցին-Խմբ.) ժամանակ, իսկ անփորձ կադրերին հասունանալու հնարաւորութիւն տալու բարոյական ու քաղաքական յորդորների համատեքստում, պարզապէս չի տեղաւորւում «Մէկին հազար դեկան ոսկի, մէկին ոչ փող մի պըղնձի» ֆրիկեան անմահ ձեւակերպումը:
Եւ հէնց այստեղ էլ բախւում է բարոյականութեան եւ օրէնքի, տուեալ դէպքում շատ նուրբ սահմանը:
Պարգեւավճարներին, իհարկէ, անտրամաբանական պիտի լինէր դէմ լինելը: Սա համամարդկային է, եւ անգամ կարիք չկայ հիմնաւորել, թէ արդիւնաւէտ կառավարման, որակեալ աշխատուժի, կադրերի կայունութեան, մոտիվացման եւ հազար ու մի այլ առումներով որքան արդարացուած եւ անհրաժեշտ գործիք է պարգեւավճարը, գնահատուած լինելն առհասարակ:
Մեր պարագայում խնդիրը բուն պարգեւատրումը չէ, այլ՝ ինչպէսը:
Իհարկէ, խնդիր է, երբ առաւելագոյնը 100 տոկոս պարգեւատրման պարագայում, ինչ-որ մարզպետ իրեն 104 տոկոս է հաշուարկում (դէ հեկտարն ու քառ. մետրը չտարբերողից ի՞նչ սպասես): Իհարկէ, խնդիր է, երբ ինքնապարգեւատրւում են չորս-հինգ ամսուայ աշխատանքային կենսագրութեամբ պաշտօնեաներ: Իհարկէ, խնդիր է, երբ մէկին 180 տոկոսով են պարգեւատրում եւ արդարացնում, որ հիմնարկի միակ լաւ աշխատողն է, այդ դէպքում՝ ինչո՞ւ ես պահում միւսներին: Իհարկէ, խնդիր է, երբ հարկատուների միջոցներից 474 միլիոն դրամ (մօտ 1 միլիոն դոլար) պարգեւավճար է յատկացւում եւ յայտարարւում, որ անձնական տուեալներ են ու պաշտպանուած են գաղտնիութեամբ, այդ դէպքում միթէ՞ անձնական չեն բարձրաստիճան այլ պաշտօնեաների՝ պատգամաւորների, դիւանագէտներիի կամ նախարարների եկամուտների յայտարարագրերը: Իհարկէ, խնդիր է, երբ վեցն անցնող զրօներով պարգեւատրւում է միայն ղեկավարութիւնն ու նրան մերձ քարտուղարութիւնը: Իհարկէ, խնդիր է, երբ բարձրաստիճան պաշտօնեան իրական խնդիրը չի տեսնում եւ փորձում է սոսկ իներցիայով (ծուլութեամբ-Խմբ.) բացատրել:
Իրականում պարգեւատրումների մշակուած եւ կանոնարկուած ընթացակարգեր կան, նաեւ Հայաստանի Հանրապետութեան մի շարք օրէնքներով նախատեսումներ: Ես վստահ եմ, որ այդ ընթացակարգերը հիմնականում պահպանուել են…
Խիստ անիրատեսական է սոսկ բարոյական կ՛ամ ֆրիկեան արդար ընդվզումի մեկնակէտից մօտենալ խնդրին: Շատ դժուար է բարոյական արժէքներից խօսել մի հասարակութեան մէջ, ուր օրը ցերեկով խուժանի մի խումբ զինակոչիկների աւտոբուս է կանգնեցնում ու կոտրում դռները, երբ այդպիսի խուժանի մի այլ խումբ լուսացոյցի տակ դիրքաւորուելու պատճառով կարող է իրական մարտաֆիլմ սարքել, կամ յաղթանակներ է արձանագրում փողոցային արդարադատութիւնը:
Խնդիրը քաղաքական է, խնդիրը հին է եւ լուծման կարօտ:
Խնդիրը Հայաստանում՝ պետական համակարգում գործող աշխատավարձերի փիլիսոփայութիւնն է կամ աւելի շուտ դրա բացակայութիւնը: Որեւէ հիմնաւորում, չափանիշ, փաստարկ չէք գտնի հասկանալու համար, թէ որեւէ ոլորտում աշխատավարձերի սահմանման ինչ մեխանիզմներ են գործել, եւ ասենք ինչու բժշկի, ուսուցչի, գիտութեան կամ մշակոյթի ոլորտի աշխատողների աշխատավարձը 80-90 հազար դրամի սահմաններում պիտի լինի, իսկ տեսչական այս կամ այն մարմնի, մէկ այլ ոլորտի աշխատողինը՝ երկու կամ երեք անգամ բարձր: Կամ ինչո՞ւ պիտի որեւէ ՊՈԱԿի կամ ԾԻԳի տնօրէն աւելի բարձր աշխատավարձ ստանայ, քան նրա գործունէութիւնը համակարգող նախարարը: Քննարկման առարկայ պիտի դառնան նաեւ արտաբիւջետային ֆոնդերը, դրանց ձեւաւորման եւ բաշխման մեխանիզմները:
Մեզանում շարունակում է գործել աշխատավարձերի ձեւաւորման իներցիոն (նախկին սովորութիւններու ուժով շարժող-Խմբ.) մի աւանդոյթ, որը սոցիալական արդարութեան եւ սոցիալական համերաշխութեան տեսակէտից խիստ խոցելի է դարձնում պետութիւնը:
Մեր հասարակութեան մէջ կուտակուած չարութեան, ատելութեան հասնող անհանդուրժողականութեան արմատները նաեւ սոցիալական (ընկերային-Խմբ.) են: Երբ պետութիւնը թերանում է արդարութեան, եկամուտների արդար վերաբաշխման եւ արժանապատիւ կեանքի նուազագոյն պայմաններ ապահովելու եւ վերահսկելու իր պարտականութիւններում, հասարակութիւնը սոցիալական արդարութեան սեփական պատկերացումներն ու մեխանիզմներ է գործադրում: Եւ յետոյ պէտք չէ զարմանալ, որ հաւաքարարը մաշուած օճառի մի կտոր է թռցնում, վարորդը՝ բենզին, մանկապարտէզի վարիչը՝ հաւի բուդ, գեներալը՝ զրահամեքենայ, ինչ-որ մի նախարար էլ իր աշխատավարձին (օրէնքով) գումարում է յաւելավճար, պարգեւավճար ու ստանում եօթանիշ թիւ:
Հաւատում եմ սոցիալական պետութիւն կառուցելու՝ նոր իշխանութեան յանձնառութեանը, սակայն սոցիալական պետութեան հաստատումը կը մնայ սոսկ սահմանադրական, թղթային հաստատում, իսկ հանրային համերաշխութեան մակարդակը գնալով կը նահանջի, եթէ իշխանութիւնները չնախաձեռնեն տնտեսութեան ստեղծած արդիւնքի արդար բաշխման կամ վերաբաշխման, այդ թւում՝ աշխատավարձերի կարգաւորման նոր քաղաքականութիւն:
Յ.Գ. Իհարկէ, ես չեմ նահանջում իմ հին համոզումից ու շարունակում եմ հաւատալ, որ ամենաարդիւնաւէտ քաղաքականութիւնը բարոյական քաղաքականութիւնն է:
Շատ ապրիսշ պրավօ:
Նախ՝ սիրելի Լիլիթ Գալստեանի գրառումի հետ հարիւր առ հարիւր համաձայն եմ: Անկասկած այս ինքնապարգևատրումի խնդիրը շատ խորքային է, սոցեալական է և անկասկած «Շատ դժուար է բարոյական արժէքներից խօսել» յատկապէս Հայաստանում և ներկայ պայմաններում: Մի պարզ հարցումով, կարծում եմ հստակ կը լինի թէ ինչու ենք սոցեալական խնդիր տեսնում սրա մէջ: Խնդրեմ ինձ ասացէք, եթէ մի այլ զուտ Հայաստանեան կուսակցութիւն, կառավարութեան գլուխ անցնէր, արդեօ՞ք նոյնը չէր կրկնի: Ես կասկած ունեմ, որ ոչ: Նախ Հանրապետականներն էին, այժմ «Ելք»ը վաղն էլ մի ուրիշը, ամեն մէկը իր մակարդակի և դատողութեան, որովհետև յեղափոխական, ոչ յեղափոխական, տակաւին նրանք շարունակողներն են բարոյականութիւնից շատ հեռու սերունդի, որն աւանդել է Սովետական կարգերից: Այսօրուայ ընդվզողը վաղուայ շահագործողն է և այսպէս շարունակ «Հաւաքարարը մաշուած օճառի մի կտոր կը թռցնի, վարորդը՝ բենզին, մանկապարտէզի վարիչը՝ հաւի բուդ, գեներալը՝ զրահամեքենայ, ինչ-որ մի նախարար էլ իր աշխատավարձին (օրէնքով) կը գումարի յաւելավճար, պարգեւավճար ու ստանալ եօթանիշ թիւ»: Իսկ եթէ կուզեք, ԱՅՈ պէտք է մեզ, «Բարոյական քաղաքականութիւն»: Բոլորս էլ լաւ գիտենք թէ ով կարող է «Բարոյական քաղաքականութիւն» ձևաւորել Հայաստանում: