
ԼՈՒՍԻՆ ՄԿՐՏՉԵԱՆ
2019 թուականի Յունուարի 2ին ԱՄՆ Սենատը հաստատեց Լին Թրէյսիին՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտօնում: Մինչեւ վերջերս նա աշխատում էր ԱՄՆ Պետական դէպարտամենտում՝ որպէս Ռուսաստանի հարցերով աւագ խորհրդական: Լին Թրէյսին աշխատել է Թուրքմէնստանում, Ղազախստանում, Ղրղըզստանում, Ռուսաստանում, Աֆղանստանում, Պակիստանում:
Պակիստանում կատարած աշխատանքի համար նա արժանացել է ԱՄՆ Պետական դէպարտամենտի (բաժանմունք-Խմբ.) «Հերոսութեան համար» պարգեւին: «Մեդիամաքս»ը պատմում է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի կենսագրութեան այդ դրուագի մասին:
2009 թուականի Դեկտեմբերի 7ին առաւօտեան 09:45 լրագրողները հրաւիրուած էին ԱՄՆ Պետական դէպարտամենտ:
Մամուլի հաղորդագրութեան մէջ նշւում էր, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հերոսութեան մրցանակ է յանձնելու Լին Թրէյսիին, որը մի քանի օր առաջ աւարտել էր 3ամեայ գործուղումը Պակիստանի Փեշավար քաղաք, որտեղ նա ղեկավարում էր ԱՄՆ հիւպատոսութիւնը:
Դահլիճում էին Լին Թրեյսիի մայրը՝ Քերոլը, հայրը՝ Ալբերտը, քոյրերը՝ Անիտան եւ Մերի Լուն: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Լինի ընտանիքին շնորհակալութիւն յայտնեց աջակցութեան համար, այնուհետեւ խօսքն ուղղելով դահլիճին, յայտարարեց, որ հերոսութեան համար տրուող պատուոյ մեդալը յանձնւում է բացառիկ խիզախութեան, զոհողութեան եւ սեփական կեանքը վտանգի ենթարկելով՝ արդիւնաւէտ աշխատանքի համար:
«Այսօր ես պատիւ ունեմ պարգեւատրել մի մարդու, որի քաջութիւնն ու կրակի տակ մատուցած ծառայութիւնը անսովոր խիզախութեան դրսեւորում էր». յայտարարեց Հիլարի Քլինթոնը:
Ամէն ինչ տեսած ու լսած Միացեալ Նահանգների համար իսկապէս անսովոր էր այն, ինչ արել էր Լին Թրէյսին Պակիստանում:
ՅԱՐՁԱԿՈՒՄ ՓԵՇԱՎԱՐՈՒՄ
Լին Թրէյսին՝ Միացեալ Նահանգների դիւանագիտական ծառայութեան այն 8 000 ներկայացուցիչներից մէկն էր, որոնք աշխատում են 160 երկրներում:
Թրէյսիի երկիրը Պակիստանն էր, գործուղման քաղաքը՝ Փէշավար, որը համեմատաբար խաղաղ էր աշխատանքային առաջին օրերի ընթացքում:
Պակիստանի եւ աւելի ընդարձակ տարածաշրջանին վերաբերող աշխարհաքաղաքական գիտելիքների շնորհիւ Լին Թրէյսին Վաշինգտոնին օգնում էր հասկանալ քաղաքական իրադրութիւնը Պակիստանում, իսկ պակիստանցիներին օգնում էր հասկանալ Վաշինգտոնի նպատակները: Կարճ ժամանակ անց Լինը յայտնուեց ծայրահեղականների՝ «Թալիբանի» եւ «Ալ Քաիդայի» թիրախում:
Այդ առաւօտ Լինը սովորականի պէս գնում էր աշխատանքի, երբ փողոցի բոլոր անկիւններից սկսեցին կրակել նրա մեքենայի ուղղութեամբ: Վնասուեցին մեքենայի դիմապակին, դիմացի երկու անիւները եւ Լինը թողնելով փամփուշտներով խոցուած մեքենան՝ մի կերպ կարողացաւ փախչել:
Փախուստը տեւեց մի քանի ժամ եւ միայն երեկոյեան Լին Թրէյսին վերադարձաւ աշխատավայր: Այստեղ նրան տեղեկացրեցին, որ իր կեանքը վտանգուած է: Աւելին՝ հիւպատոսութեան անդամների վրայ մէկ այլ յարձակում է նախապատրաստւում:
Հիւպատոսութեան աշխատակիցների մի մասին յորդորեցին տնից դուրս չգալ, միւսներին տեղափոխեցին համեմատաբար խաղաղ Իսլամաբադ: Չնայած բոլոր յորդորներին, Լին Թրէյսին որոշեց մնալ Փեշավարում:
Ի՞ՆՉ ԷՐ ԿԱՏԱՐՒՈՒՄ ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ 2007ԻՑ ՄԻՆՉԵՒ 2009Ը
2007 թուականի Յունուարի 16ին Պակիստանի բանակը Աֆղանստանի հետ սահմանին ռմբակոծեց «Ալ Քաիդայի» ճամբարը: Կատաղի մարտերը շարունակուեցին մինչեւ Մարտի 30ը, երբ Պակիստանում բախում տեղի ունեցաւ «Ալ Քաիդայի» գրոհայինների հետ, որի հետեւանքով զոհուեց աւելի քան 50 մարդ:
Թալիբների հետ պատերազմելու համար Պակիստանի տարածք մտաւ ԱՄՆն եւ 2008ի Սեպտեմբերին լայնածաւալ գործողութիւն սկսեց Փաքիստանի հիւսիս-արեւմուտքում:
2008ի Դեկտեմբերի 7ի գիշերը մօտ 30 գրոհայիններ յարձակուեցին Փեշավարում ՆԱՏՕի ստորաբաժանման վրայ եւ այրեցին 62 բեռնատար:
Ամերիկացիների եւ թալիբների դիմակայութիւնը Պակիստանում վերսկսուեց 2009ի Յունուարի 1ից, երբ Պակիստանի յատուկ ծառայութիւնները ԱՄՆին մեղադրեցին Վազիրիստանի վրայ նոր հարուածի համար, իսկ Յունուարի 3ին Պակիստանում ձերբակալուեց «Թալիբան» շարժման բարձրաստիճան անդամ:
Ըստ ԱՄՆ պետքարտուղարի, Լին Թրէյսիի՝ Փեշավարայում մնալու եւ չհեռանալու որոշումը ոչ միայն Պակիստանի «բարոյական ոգին» բարձրացրեց, այլեւ «ամրապնդեց Միացեալ Նահանգների կապերը Պակիստանի ժողովրդի հետ՝ խաղաղութիւն, կայունութիւն եւ անվտանգութիւն հաստատելու գործում»:
ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
«Աշխատելով Պակիստանի ժողովրդի հետ ամենադժուարին եւ վտանգաւոր պահերին՝ նրանց հետ միասին անցնելով ամենավտանգաւոր դժուարութիւնների միջով, Լինը կարողացաւ Պակիստանի ժողովրդին հաւատացնել, որ մեր երկրի իրական նպատակը Պակիստանի ժողովրդին օգնելն է», յայտարարեց Հիլարի Քլինթոնը՝ «Հերոսութեան համար» պարգեւը յանձնելիս: