ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Կալիֆորնիայի քրէական օրէնսգրքում 2018թ.ին իրականացուել են փոփոխութիւններ. նոր օրէնքները ուժի մէջ կը մտնեն այս տարի: Մասնաւորապէս, 2019թ.ի Հոկտեմբերի 1ից Կալիֆորնիան կը լինի երկրի առաջին նահանգը, որտեղ լիովին կը վերացուի դրամական գրաւադրման համակարգը (bail system) յանցանք գործածների համար: «Կալիֆորնիան, իրականացնում է այս փոփոխութիւնը, որպէսզի հարուստներն ու աղքատները նոյն հնարաւորութիւններն ունենան՝ ստորագրելով օրինագիծը», յայտարարել է նախկին նահանգապետ Ջերի Բրաունը: Ըստ այդմ, ձերբակալուածներ չեն կարող ազատուել կալանքից գումարի դիմաց: Փոխարէնը, կիրառուելու է ռիսկերի գնահատման համակարգ, եւ ձերբակալուածների ազատ արձակումը շատ դէպքերում կախուած է լինելու դատաւորի վճռից:
Քրէական հարցերով փաստաբան Լարա Երէցեանը ներկայացնելով նոր օրէնքի մանրամասները՝ նշում է. «Օրէնքի նպատակն է վերացնել այն երկաստիճան արդարադատութեան համակարգը, որտեղ գումար ունեցող կալանաւորները կարող են վճարել բանտից ազատուելու համար, իսկ ֆինանսական միջոցներ չունեցող կալանուածները իրենց դատին սպասել բանտարկուած: Օրէնքը, փոխարէնը, նախատեսում է ստեղծել նախաքննական գնահատման համակարգ, ըստ որի՝ կասկածեալները կը դասակարգուեն «ցածր ռիսկային», «միջին ռիսկային» եւ «բարձր ռիսկային» գօտում գտնուողներ: Որպէս հիմնական չափանիշ կը սահմանուի այն, թէ տուեալ անձը որքանով է սպառնալիք հանրութեան անվտանգութեանը: Բռնութեամբ չուղեկցուած մանր յանցանքների համար կալանաւորուած անձանց հիմնականում ազատ կ՛արձակեն 12 ժամուայ ընթացքում: Բռնութեամբ ուղեկցուող ծանր յանցագործութիւնների դէպքում անհատը կը մնայ ձերբակալուած եւ իրաւասու չի լինի ազատուել մինչ դատական լսումը: Մնացած ձերբակալուածների դէպքում, ոլորտի պաշտօնեաներին 24 ժամ կը տրուի որոշելու, արդեօք տուեալ անձին կարող են ազատ արձակել մինչ դատը»:
Ռիսկերի գնահատում կը վս-տահուի իւրաքանչիւր գաւառի կողմից հիմնուած տեղական գործակալութիւններին: «Ցածր» ռիսկային գօտում գտնուողներն ազատ կ՛արձակուեն առանց գնահատման: «Միջին» ռիսկային գօտին պարզելու համար կ՛անցկացուի գնահատում, եւ ելնելով մի քանի չափանիշներից կ՛որոշուի նրանց ազատումը: «Բարձր ռիսկային» գօտում յայտնուած յանցագործներն իրենց դատական լսմանը կը սպասեն կալանավայրում:
Լարա Երէցեանը նշում է, որ նոր օրէնքով նախատեսուող ընթացակարգերի դէպքում մեծանալու է պաշտպան իրաւաբանների դերը, ովքեր կարող են ապացոյցներ եւ փաստարկներ ներկայացնելով ռիսկերը գնահատող նախաքննական մարմնին՝ արագացնել ձերբակալուածների ազատ արձակումը:
«Ռիսկի գնահատման համակարգն ամբողջութեամբ փոխարինելու է գրաւադրմանը, բայց, ցաւօք, չկայ լիարժէք յստակութիւն, թէ ինչպէս պէտք է հաշուարկուեն ռիսկի գնահատականները՝ գործընթացում չափազանց են ոչ հաստատունները, որոնք իրաւապահ մարմինները, դատախազները կարող են հեշտութեամբ շահարկել: Սա է պատճառը, որ առաւել արդիւնաւէտ կը լինի, եթէ փաստաբանները հէնց սկզբից ներգրաւուեն գործում: Մենք պէտք է հնարաւորութիւն ունենանք տեղեկատուութիւն տրամադրելու նախնական գնահատման ծառայութիւններին տուեալ անհատի մասին՝ ներկայացնելով նրա պատմութիւնը: Եթէ նրանք տիրապետեն ոչ ճշգրիտ տեղեկատուութեան, միայն պաշտպան փաստաբանը հնարաւորութիւն կ՛ունենայ հերքել դրանք եւ ապահովել ձերբակալուածի հնարաւորինս արագ ազատ արձակումը», նշում է Լարա Երէցեանը:
Անդրադառնալով օրէնքին, Երէցեանն ասում է, որ նախաձեռնութիւնը սկսուել է փաստաբաններից եւ հանրային պաշտպաններից, ովքեր ի թիւս այլ հարցերի, ընդգծում էին նաեւ այն փաստը, որ ձերբակալուած եւ նախնական կալանավայրում գտնուող անձը, ով բաւական գումար չունէր, համաձայնւում էր ընդունել յանցանքը՝ արագ ազատուելու պայմանով: Սակայն, օրէնքն ընդունուեց մի շարք փոփոխութիւններից յետոյ, եւ այն ներկայի տեսքով խնդրահարոյց է: Այս օրէնքի դէմ հանդէս եկողները եւս ընդգծում են փաստը, որ մեծ դեր է վերապահուած դատաւորներին:
Լարա Երէցեանը տեղեկացրեց նաեւ քրէական օրէնսդրութեան բազմաթիւ այլ փոփոխութիւններից մի քանիսի մասին: Ըստ այդմ, ոստիկանների վրայ տեղադրուած տեսախցիկների նկարահանումներն այսուհետ հասանելի են լինելու բոլոր ցանկացողների համար: Քրէական հարցերով փաստաբանը նշում է, որ սա օգտակար կը լինի յատկապէս այն դէպքերում, երբ ոստիկանը քաղաքացու նկատմամբ չսահմանուած բռնութիւն է կիրառել: