2019 թուականի Յունուարի 6ն, Սուրբ Ծննդեան տօնի պարգեւած տօնական տրամադրութիւնը յիրաւի շարունակուեց Վիրահայոց թեմի «Յովհաննէս Թումանեանի տուն» գիտամշակութային կենտրոնում, որտեղ կայացաւ շնորհաշատ դաշնակահար Մամիկոն Նահապետովի մենահամերգը: Այն դարձաւ նաեւ Մեծն Թումանեանի եւ Կոմիտաս վարդապետի պանծալի յոբելեաններին նուիրուած միջոցառումների իւրատեսակ մեկնարկ:
Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով, մթնոլորտը՝ տօնական: Մամիկոն Նահապետովի դաշնամուրային կատարումները ունկնդրելու էին եկել, նրան ճանաչողներն ու գնահատողները, հոգեւոր դասը, ուսուցիչներն ու ծնողները:
Իր օրհնաբեր ներկայութիւնն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգէն եպս. Միրզախանեանը:
Ներկայումս Գերմանիայում գտնուող երիտասարդ տաղանդաւոր դաշնակահարի կատարմամբ հնչեցին Բեթհովենի, Բախի, Շոպենի, Բրամսի, Ռախմանինովի եւ այլոց ստեղծագործութիւններից նմուշներ, որոնք ընթացան ներկաների ջերմ ծափահարութիւններով:
Երիտասարդ դաշնակահարի վարպետ կատարումներից հիացմունքի իր խօսքն ասաց Վանօ Սարաջիշվիլիի անուան կոնսերվատորիայի պրոֆեսոր Էռնստ Առաքելովը:
Իր օրհնութիւնը եւ գնահատանքը յղեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանը: Սրբազան հայրը արժեւորեց երիտասարդ դաշնակահարի սէրը եւ նուիրումը իր սիրելի քաղաքին ու նրա բնակիչներին, կարեւորեց Մամիկոն Նահապետովի համերգը Թումանեանի տանը եւ տեղեկացրեց Յովհաննէս Թումանեանի եւ Կոմիտաս վարդապետի 150ամեակներին նուիրուած յոբելեանական միջոցառումներին թբիլիսահայ համայնքի շնորհաշատ երաժիշտներ՝ Մամիկոն Նահապետովի եւ Համբարձում Յովհաննիսեանի մասնակցութիւնը: Սրբազան հայրը յաջողութիւններ մաղթեց երիտասարդ դաշնակահարին:
Մենահամերգը անջնջելի տպաւորութիւն թողեց ներկաների վրայ:
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ
ՈՒՂՂԱՓԱՌ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ