«Ինձ Համար Հանդերձանքի Ձեւաւորումը Ոչ Թէ Զգեստների, Այլ Մարդկային Նկարագրերի Մասին Է»
Վարեց՝ ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ
Այս տարի լրանում է մեծատաղանդ գրող Լեւոն Շանթի ծննդեան 150ամեակը եւ ՀՀ Ալ. Սպենդիարեանի անուան Օպերայի եւ Բալետի պետական ակադեմիական թատրոնը պիտի բեմադրի Լ. Շանթի «Հին Աստուածներ»ի հիման վրայ ստեղծուած բալետը, որի բեմականացման գործին իրենց մասնակցութիւնն են բերում առաջնակարգ արուեստագէտներ՝ բալետի երաժշտութեան հեղինակ Վաչէ Շարաֆեան, գրող եւ թարգմանիչ Յակոբ Մովսէս, թատրոնի գեղարուեստական ղեկավար Կոնստանդին Օրբելեան, դիզայներ Միքայէլ Շարաֆեան, գլխաւոր բեմադրիչ Արմէն Գրիգորեան, բեմադրող նկարիչ Աւետիս Բարսեղեան եւ ուրիշներ: Ստորեւ ներկայացուած զրոյցը բալետի զգեստների ձեւաւորող՝ դիզայներ Միքայէլ Շարաֆեանի հետ է, որն արդէն կարճ ժամանակում ձեռք է բերել համբաւ եւ ճանաչում ամերիկեան թատրոնի եւ շարժապատկերի աշխարհում, արժանացել բազմաթիւ մրցանակների: Դժուար է մէկ առ մէկ յիշատակել այն ամբողջ ներդրումը, որ երիտասարդ արտիստն ունի այս ոլորտում: Մի քանիսը դրանցից՝ պատկերացում կազմելու համար՝ շուրջ 50 կինոնկարների զգեստների ձեւաւորում, ինչպէս՝ «Lost and found in Armenia», «Frank and Ava», «Abducted», «Dirty bomb»,«American exorcism», «Euro Club» եւ այլք. Ռութ Ջոնսոնի մրցանակ, Եգիպտոսի մշակոյթի նախարարութիւնից ոսկէ շքանշան՝ «Եգիպտոսը մանուկների աչքերով» մրցոյթում, 2011թ. ստացել է « Զգեստի լաւագոյն ձեւաւորում» մրցանակը, 2016թ. ճանաչուել է աշխարհի 10 լաւագոյն դիզայներներից մէկը, Costume Designers Guild-ի միակ հայ անդամն է:
ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ.- Դուք ծնուել եւ մեծացել էք Հայաստանում: Ձեր հօրական եւ մօրական գերդաստանները արուեստագէտների մի քանի սերունդ են տուել, ինչպէս ձեր ծնողները՝ դերասան Լեւոն Շարաֆեան, դաշնակահարուհի Ռուզան Մուրադեան, լեգենդար դիզայներ Իրէն Շարաֆ, երգահան Վաչէ Շարաֆեան, արձակագիր Ստեփան Զօրեան, ֆիլմարուեստի դէմքեր Եգոր Գէորգով, Յուսիկ Մուրադեան: Պատանի տարիքում տեղափոխուել էք ԱՄՆ եւ, անշուշտ, ուսումնառութեան ձեր ճանապարհին առիթ էք ունեցել հանդիպելու շատերին, որոնցից սովորել էք եւ աջակցութիւն ստացել: Կը տայի՞ք մի քանիսի անունները, նաեւ համառօտ ձեր ուսումնառութեան մասին:
ՄԻՔԱՅԷԼ ՇԱՐԱՖԵԱՆ.- Միջնակարգ կրթութիւնս ստացել եմ Երեւանի Ե. Չարենցի անուան դպրոցում, ապա սովորել եմ Յակոբ Կոջոյեանի անուան նկարչական կրթահամալիրում, ուսուցիչ ունենալով Կառլէն Յովսէփեանին: ԱՄՆում առիթ եմ ունեցել աշխատելու Ստիվըն Սպիլբերգի, Թոմ Հենկսի, Կատերինա Զիտա-Ջոնսի եւ այլոց հետ, իմ առաջին բեմելը՝ դեբիւտը եղել է 2008թ. Մուլէն Ռուժ համոյթի համար կատարած իմ ձեւաւորումով: Հայ գաղութում մեծ աջակցութիւն եմ ստացել Սիլվա Չաքմաքճեանից, որի անունը երախտագիտութեամբ եմ յիշում: Նա ո՛չ միայն ինձ առիթ է տուել աշխատելու իրեն հետ, որի ընթացքում ծանօթացել եմ դիզայներներ Քոլին Ատվուդի, Ռէյ Աղայեանի, Փիթըր Մենեֆիի, Մոնա Մէյի եւ ուրիշների հետ, այլեւ ուղարկել է ուսանելու Tajima Company-ում: Սովորել եւ արուեստագէտի իմ աստիճանն ստացել եմ FIDM- Fashion Institute of Design and Merchandising-ից (մէջբերենք Մ. Շարաֆեանին տրուած բազմաթիւ գնահատականներից մէկը. «One of the most decorated and awarded costume designer in Hollywood»-ԿՔ):
ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ.- Լ. Շանթի «Հին Աստուածներ» թատրերգութիւնը գրողի ստեղծագործութեան պսակն է, արժէքաւոր մի գործ, որն անհրաժեշտ է ներկայացնել աշխարհին. այն կարող է շատ թատրոնների բեմեր զարդարել: Դուք բալետի երաժշտութեան հեղինակ, միջազգային ճանաչում ունեցող երգահան Վաչէ Շարաֆեանի զարմիկն էք եւ յանձն էք առել կատարել այս բալետի զգեստների ձեւաւորումը, լինել բալետի դիզայները: Հայ ազգի համար պատիւ եւ հպարտութիւն է ձեզ նման արուեստագէտ ունենալը եւ մեծապէս գնահատելի ձեր մասնակցութիւնը բալետի բեմականացման մէջ: Իւրաքանչիւր արուեստագէտ որեւէ աշխատանք կատարելու համար, պէտք է ոգեշնչուի տուեալ գործով, հոգեհարազատութիւն զգայ արուեստի ստեղծագործութեան հետ: Ինչո՞վ է Լ. Շանթի «Հին Աստուածներ»ը ձեզ համար հրապուրիչ եւ ի՞նչ է տալիս ձեր մտքին եւ հոգուն:
ՄԻՔԱՅԷԼ ՇԱՐԱՖԵԱՆ.- Հոգեբանական եւ փիլիսոփայական խորք ունեցող գործ է, ուր կայ խոկում կեանքի եւ մահուան մասին, կեանքը իմաստաւորելու, աշխարհի գեղեցկութիւնը լիուլի ընկալելու եւ վայելելու ըմբռնում. կան սիմվոլիկա՝ խորհրդանշաններ, այլաբանութիւն, ոգեւորող եւ խանդավառ շունչ, կերպարներ: Ինձ համար հանդերձանքի ձեւաւորումը ոչ թէ զգեստների, այլ մարդկային նկարագրերի մասին է, որն էլ ինձ համար հրապուրիչ է ու հետաքրքրական: Այս ամէնը գրաւում է ինձ եւ օգնում իմ աշխատանքում: Այս անկիւնից դիտուած, այն համարում եմ ժամանակակից ստեղծագործութիւն, որն անվարան կարող ենք ներկայացնել ե՛ւ հայ, ե՛ւ օտար հանդիսատեսին, եւ, անկասկած,զարմացնել նրան, թէ՛ գրական հէնքի, թէ՛ երաժշտութեան եւ հանդերձանքի ձեւաւորման, թէ՛պարադրման տեսանկիւնից, եւ թէ ընդհանրապէս: Նշեմ, որ Ալ. Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի թատրոնը, գեղարուեստական ղեկավար Կոնստանդին Օրբելեանի ջանքերով, այսօր օժտուած է Գերմանիայից ներմուծուած բեմական նորարարական հնարքներով, որ չունեն նախկին Խորհրդային Միութեան հանրապետութիւնները, ներառեալ Ռուսաստանը: Այդ հնարքները նոր հնարաւորութիւններ են ընձեռում բալետի բեմադրութեան համար:
ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ.- Դուք նաեւ նկարիչ էք: Ինչպէ՞ս էք օգտուելու հայ նկարչութեան, յատկապէս՝ մանրանկարչութեան աւանդոյթներից, քանի որ բալետի նիւթն առնչւում է մեր անցեալին. դիցուք, Թորոս Ռոսլինից, Պիծակից, Ծերուն Ծաղկողից: Դուք ձեր աշխատանքը նմանեցնում էք նկարչի կամ քանդակագործի ստեղծածին: Այդ ընկալումն ի՞նչ ձեւով է արտայայտւում ձեր կատարած զգեստների ձեւաւորման ժամանակ:
ՄԻՔԱՅԷԼ ՇԱՐԱՖԵԱՆ.- Մեր մեծերի գունազգացողութիւնը բեմական լեզուով պէտք է արտայայտենք, մեր մանրանկարչութեան գունագեղ ներկապնակը լայնօրէն օգտագործելով եւ անպայմանօրէն, գեղեցիկ երաժշտութեան եւ պարերի համադրումով կ՛ունենանք աչք եւ ականջ շոյող ներկայացում, որը սնունդ կը տայ մտքին եւ հոգուն: Այլ կերպ ասած, պէտք է ձգտենք եւ կարողանանք հասնել այն բանին, որ հանդիսատեսը առաւելագոյն չափով գեղարուեստական վայելք ապրի: Դրան հասնելու ե՛ւ նախադրեալները կան, ե՛ւ աշխատանքի հանդէպ պատասխանատուութեան զգացումը կայ: Հանդերձանքը պէտք է կերպարի բնաւորութիւնը արտայայտի, որ նոյնն է, ինչ նկարիչը կամ քանդակագործը անում են, օգտագործելով այլ նիւթեր:
ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ.- Հայ մշակոյթի հարուստ շտեմարանից մենք աշխարհին պէտք է ներկայանանք համամարդկային բովանդակութիւն ունեցող գործերով, որոնցով հայ ազգը երկխօսում է աշխարհի ու մարդկութեան հետ՝ տալով նրանց կեանքի հանդէպ ի՛ր ընկալումն ու մօտեցումը:
Լ. Շանթի «Հին Աստուածներ»ը այդ կարգի ստեղծագործութիւն է, իրականի ու երազայինի նրբագեղ մի հիւսուածք, որի հիման վրայ ստեղծուած բալետը կարող է շրջագայել աշխարհի բեմերում եւ, թերեւս, ճանապարհ հարթել թատրերգութեան համար, որպէսզի այն ընդգրկուի լաւագոյն թատրոնների խաղացանկում: Նշենք, որ «Հին Աստուածներ»ը թարգմանուած է անգլերէն: Աշխարհին առաւելագոյնս կարող են ներկայանալ պետականութիւն ունեցող ազգերը, որովհետեւ պետութիւնն է իր ժողովրդի մշակոյթի գլխաւոր պահապանն ու նրա մատուցման երաշխաւորը երկրում եւ նրա սահմաններից դուրս: Հայաստանն ունի պետականութիւն եւ, ի դէմս դեսպանատների եւ հիւպատոսարանների, պարտաւոր է իրականացնել հայ մշակոյթի տարածման գործը, որպէս իր աշխատանքի մաս: Ի՞նչ էք կարծում, «Հին Աստուածներ» բալետը Հայաստանի սահմաններից դուրս բեմադրելու նախադրեալներ կա՞ն:
ՄԻՔԱՅԷԼ ՇԱՐԱՖԵԱՆ.- Այո, այդ նախադրեալները կան, քանի որ բալետի իրականացման գործում ընդգրկուած են բարձրակարգ արուեստագէտներ, եւ, ինչպէս մատնանշեցինք, նրա համամարդկային բովանդակութիւը լաւագոյն երաշխիքն է այդ նպատակը իրականութիւն դարձնելու համար, որի ուղղութեամբ պէտք է մտածել Հայաստանում այն բեմականացնելուց յետոյ: Կասկած չունեմ, որ բալետը առաջնակարգ բեմադրութիւն պիտի լինի, պիտի մաս կազմի օպերայի եւ բալետի խաղացանկին, եւ մենք վստահութեամբ այն կարող ենք շրջել աշխարհով մէկ, ներկայացնել հռչակ ունեցող բեմերում: Այն, անտարակոյս, պիտի գրաւի հանդիսատեսի սիրտը: Եւ շատ իրաւացի է եթէ ոչ պահանջել, ապա մեծապէս ակնկալել, որ մեր դեսպանատներն ու հիւպատոսարաններն իրենց կարեւոր ներդրումն ունենան հայ մշակոյթի տարածման գործում, մշակութային քաղաքականութիւն վարեն: «Հին Աստուածներ»ը բարձրարուեստ գործ է եւ դուրս է Հայաստանի սահմաններից:
ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ.- Դուք մեծ ճանաչում ունեցող արուեստագէտ էք. ձեր ներգրաւուածութիւնն այս բալետի իրականացման գործում, ի՞նչ կ՛աւելացնի ձեր արտիստի կենսագրութեան մէջ: Եւ մտածո՞ւմ էք ձեր տաղանդը ի սպաս դնել Հայաստանում զգեստների ձեւաւորման ոլորտի զարգացման համար եւ, ինչու ոչ, դիզայների ձեր սեփական դպրոցը հիմնել հայրենիքում: Նաեւ՝ ինչպէ՞ս էք համագործակցում մեր գաղութի հետ:
ՄԻՔԱՅԷԼ ՇԱՐԱՖԵԱՆ.- Այն կ՛ընդարձակի իմ կապը օպերային եւ բալետային արուեստի հետ: Ոչ միայն այդ, այլեւ ամենագլխաւորը, որ ես հայ եմ, իմ տաղանդը ժառանգել եմ իմ ժողովրդից եւ որդիական պարտականութիւնս է իմ արուեստով վերադարձնել ինձ տրուածը եւ այս տեսակէտից Հայաստանում զգեստի ձեւաւորման ոլորտում իմ կողմից նախաձեռնութեամբ հանդէս գալը լաւ գաղափար է: Ինչ վերաբերում է մեր գաղութին, ապա ինձ համար պատիւ եւ գոհունակութիւն է մասնակցել հայկական ձեռնարկներին: Մօտիկ ապագայում մաս պիտի կազմեմ համահայկական խոշորագոյն կազմակերպութիւններից մէկի՝ Հայ Օգնութեան Միութեան Գլենդելում գործող «Սիփան» մասնաճիւղի՝ նորաձեւութեան նուիրուած ամէնամեայ հանդէսին եւ պիտի ներկայացնեմ հանդերձանքի իմ ձեւաւորումներից մի քանի նմուշներ: Յուսով եմ, այն դուր կը գայ հանդիսատեսին:
Շնորհավորում եմ:Առաջ: