Գաղափարական Մարդը
ԱԼՊԵՐԹ ԱՃԷՄԵԱՆ
Նա հաւատաւոր ընկերվարական էր՝ հասարակական գիտութիւնների բնագաւառում բարձր մտաւոր մակարդակով:
Ամբողջապէս նուիրուած լինելով ազգային արժէքների պահպանման գործին ու հայ ժողովրդի ազատագրական պայքարին՝ նա խորքային համոզումով փարուած էր նաեւ համամարդկային վսեմագոյն արժէքներին:
Աչքիս առաջ են ահա այն պահերը, երբ ընկեր Հրայրը ՀՅ Դաշնակցութեան ծրագիրն էր ուսուցանում մի խումբ նորագիր ուսանողներիս:
Մեր առաջին ճանաչողութիւնը ՀՅ Դաշնակցութիւնից ու նրա գաղափարաբանութիւնից եղաւ ընկ. Հրայրի հետ դէմ առ դէմ շփման միջոցով ու նրա տպաւորիչ դասախօսական շարանով, որը, անշուշտ, իր արմատական ու անջնջելի ազդեցութիւնը ունեցաւ մեզ վրայ: Պէտք է տեսնէիք, թէ ինչ խոր համոզմունքով ու եռանդով էր ներկայացնում, պարզաբանում ու պաշտպանում ՀՅԴի ընկերվարական հայացքները:
Նա ընկերվարութիւնը ՀՅ Դաշնակցութեան էութեան անբաժանելի մաս համարելով, ժողովուրդների ազգային ազատագրական պայքարները հիմնաւորում էր ընկերվարութեան տրամաբանութեամբ ու յայտարարում. «կարելի չէ չհասնել այն համոզումին, որ շահագործող բոլոր ուժերի ու շահագործումների տուն տուող պատճառների ջնջումն է միայն, որ իրականութիւն պիտի դառնայ ազատ մարդու այնքան բաղձալի տեսլականը: Ի վերջոյ, այդ է բոլոր յեղափոխութեանց եւ ազգային ազատագրական պայքարների վախճանական նպատակը: Եւ ճիշդ այդ պատճառով իսկ ՀՅ Դաշնակցութիւնը ԷՐ ԵՒ ՊԻՏԻ ՄՆԱՅ ընկերվարական կուսակցութիւն»:
Ահա այդ իմացական հաւատքի ու մտաւոր պատրաստութեան շնորհիւ էր նրա վճռորոշ դերակատարութիւնը ՀՅԴ 21րդ եւ 22րդ Ընդհանուր ժողովներում՝ ծրագրի այժմէականացման ու վերամշակման գործում: Ու հէնց այդ համոզումներով էր, որ լաւապէս կարողացաւ իրականացնել առնուած այն որոշումները, որոնք ուղղուած էին եւրոպական ընկեվարական կուսակցութիւնների հետ շփումների ու կապերի մշակմանն ու զարգացմանը , ինչպէս նաեւ Ընկերվար միջազգայնականին ՀՅ Դաշնակցութեան վերանդամակցութեան հարցի հետապնդմանը:
Որքան խօսուն էր Ընկերվար միջազգայնականի գլխաւոր քարտուղար Լուի Այալայի կողմից արտաբերուած այն հաստատումը, ըստ որի «Հրայր Մարուխեանն իր կեանքը նուիրեց ազգին եւ այն սկզբունքներին ու համամարդկային արժէքներին, որ մենք բոլորս ենք փայփայում: Նա կը մնայ բոլոր սոցիալ-դեմոկրատների յիշողութեան մէջ…»: