ԵՐԵՒԱՆ, «Փանորամա».- Պաշտպանութեան նախկին նախարար Վիգէն Սարգսեան ընտրուեցաւ «Լոյս» հիմնադրամի գործադիր տնօրէն:
Հիմնադրամի «Ֆէյսպուք»ի էջին վրայ այս մասին զետեղուած է հետեւեալ տեղեկագրութիւնը.
«Նոյեմբերի 23ին «Լոյս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի շրջանաւարտների հրաւէրով տեղի է ունեցել Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Քիւսիկի դասախօսութիւնը «Ներքաղաքական անհանգստութեան գինը» թեմայով: Դասախօսութիւնից առաջ միջոցառման մասնակիցներին ողջոյնի խօսքով դիմել է «Լոյս»ի հոգաբարձուների խորհրդի երկարամեայ անդամ Վիգէն Սարգսեանը: Նա յայտնել է, որ խորհրդի կողմից ստացել է առաջարկ ստանձնելու հիմնադրամի գործադիր տնօրէնի պաշտօնը, որը սիրով ընդունել է: Սարգսեանը նաեւ ընդգծել է, որ հիմնադրամը իր խոստմանը համաձայն շարունակում է ֆինանսաւորել շուրջ 70 կրթաթոշակառուի մինչեւ նրանց ուսումնական ծրագրերի աւարտը:
Վիգէն Սարգսեանը նշել է, որ խորհրդի կողմից որոշում է կայացուել հիմնադրել տարածաշրջանում լաւագոյն ուղեղային կենտրոններից մէկը: Կենտրոնը «Լոյս» համայնքի ներուժը նպատակադրուելու է ծառայեցնել պետութեան բոլոր հիմնական ոլորտների զարգացմանը:
Միջոցառմանը հրաւիրուել են «Լոյս»ի նախկին կրթաթոշակառուներ, բարձր առաջադիմութեամբ ուսանողներ տարբեր բուհերից եւ այլ հիւրեր»: