2018 թուականի Հոկտեմբերի 30ին, Թբիլիսիի Վանօ Սարաջիշվիլիի անուան պետական կոնսերվատորիայի համերգային մեծ դահլիճում կայացաւ աւանդական բազմաձայնութեան 9րդ միջազգային սիմպոզիումի հանդիսաւոր բացումը: Սիմպոզիումը երկամեայ միջակայքով կազմակերպում է բազմաձայնութեան հետազօտութեան միջազգային կենտրոնը, որին մասնակցում են տարբեր երկրների ներկայացուցիչներ:
Սիմպոզիումի հանդիսաւոր բացմանը նուիրուած համերգը կրում էր «Թբիլիսեան ազգագրական երեկոյ» խորագիրը եւ հետամուտ էր տարբեր երկրներից ժամանած հիւրերին եւ սիմպոզիումի մասնակիցներին ներկայացնել տարբեր ժողովուրդների մշակոյթն իր երգով, պարով, նուագարաններով, որը թբիլիսեան հազուագիւտ բազմազան կոլորիտն է:
Հանդէսին հրաւիրուած էր Վիրահայոց թեմի «Հայարտուն« կրթամշակութային եւ երիտասարդական կենտրոնը (ղեկավար՝ Եւգենեա Մարկոսեան): Տարբեր ազգերի մշակոյթը ներկայացնող համերգային ծրագրում, ի թիւս թբիլիսաբնակ տարբեր ժողովուրդների մշակութային նմուշների, ընդգրկուած էին նմուշներ հայկական հնագոյն մշակոյթից: Դրանք էին ազգագրական պարերի շարանը «Տարօն» պարային համոյթի կատարմամբ՝ պարուսոյց Սուրէն Աբրամեանի ղեկավարութեամբ եւ գուսան Շահէնի երգերի շարանը՝ դուդուկի խմբի եւ դհոլի նուագակցութեամբ՝ Իւանէ Մկրտչեանի եւ Ռոբերտ Կաշաւանիձէի գլխաւորութեամբ: Հայկական պարն ու նուագը հանդիսատեսի կողմից ընդունուեց ջերմ ծափահարութիւններով:
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ
ՈՒՂՂԱՓԱՌ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ