ՔՐԻՍՏԻՆԱ ՖԻԼՀԱՆԵՍԵԱՆ
Ին՞չ պէտք է իմանալ արեան հիւանդութիւնների մասին: Որո՞նք են հայերի ԴՆԹ (DNA) իւրայատկութիւններն ու առանձնայատկութիւնները: Ինչպէ՞ս կարելի է օգնել ազգութեամբ հայ անձերին, ովքեր տառապում են արեան այս կամ այն հիւանդութեամբ: Ո՞վ կարող է դառնալ ոսկրածուծի դոնոր (նուիրատու-Խմբ.):
Այս եւ այլ կարեւորագոյն խնդիրներ ներկայացրեց դոկտ. Վերժինէ Մադելեանը Կիրակի, Հոկտեմբերի 21ին, Ոսկրածուծի տոնորների հայկական ռէեստր (շտեմարան-Խմբ.) բարեգործական միութեան եւ ՀՕՄի Արեւմտեան շրջանի Օրենջ Քաունթիի «Սեւան» եւ «Գառնի» մասնաճիւղերի նախաձեռնած դասախօսութեան ընթացքում: Դասախօսութեանը ներկայ էին մօտ 100 մարդ:
Դոկտ. Մադելեանի խօսքով, հայկական ԴՆԹն (DNA) իւրայատուկ լինելու պատճառով, հիմնականում միայն ազգութեամբ հայերը կարող են իրենց ոսկրածուծի օգնութեամբ փրկել հայրենակիցների կեանքը: Այդ իսկ պատճառով յոյժ կարեւոր են այս կարգի տեղեկատուական դասախօսութիւնները, ինչպէս նաեւ 18-50 տարեկան հայ անձերին խրախուսելը, որպէսզի նրանք ոսկրածուծի դոնոր դառնան: Տեղեկատուութեան ապահովման եւ դոնորների ներգրաւման հարցում անփոխարինելի է հայակական կազմակերպութիւնների դերը եւ առաւել ակտիւ ներգրաւուածութիւնը, կարծում է Վերժինէ Մադելեանը: