DISQO-ն ՏՏ (Տեղեկատուական արհեստագիտութեան) ոլորտի ամերիկեան առաջատար ընկերութիւն է, որը, ստանալով 13.5 մլն. ԱՄՆ դոլարի չափով ներդրում, նոր մասնաճիւղ է հիմնում Հայաստանում: Այն աշխարհում առաջատարն է սպառողների առաջնային տուեալների հաւաքագրման ու հետազօտութեան ոլորտում: Ազգութեամբ հայ հիմնադիրները զարգացման նոր փուլում տեխնիկական (արհեստագիտական-Խմբ.) թիմը համալրում են հայաստանեան աւագ մասնագէտներով՝ գնահատելով տեղի կադրերի նորարարական պոտենցիալն (կարողութիւնները-Խմբ.) ու տաղանդը: Ներկայիս թափուր աշխատատեղերը ներկայացուած են պաշտօնական կայքում՝ https://www.disqo.com/careers/: Առաջին փուլով DISQO-ն կը համալրուի 30 աւագ մասնագէտով:
Ընկերութեան համահիմնադիր եւ տեխնիկական տնօրէն Դրօ Քուչարեանը, ով ունի 20 տարուայ փորձ որպէս տեխնիկական տնօրէն, ձեռնարկատէր, խորհրդատու եւ ներդրող, շուտով կը ժամանի Հայաստան՝ անձամբ ծանօթանալու ՏՏ համայնքի եւ թիմի նոր անդամների հետ: Աւելին, Դ. Քուչարեանն այստեղ կ՛անցկացնի խորացուած դասեր, հանդիպումներ եւ փորձի փոխանակում, որոնցից ամենախոշորը տեղի կ՛ունենայ ԹՈՒՄՕ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ Հոկտեմների 18ին՝ ժամի 19:00ին:
Յատկանշական է, որ DISQO-ն Հայաստանում ստեղծում է հիմնական մասնաճիւղ՝ արտապատուէրային (outsource) թիմի փոխարէն: Սա նշանակում է, որ ընկերութիւնը կրկնապատկում է իր պոտենցիալն ու ուժերը նոր մեծամասշտաբ հետազօտական նախագծերի համար: Հայաստանեան թիմը կը շարունակի աշխատել ներկայիս յաճախորդների, ընկերութիւնների ու կազմակերպութիւնների հետ, որոնք աշխարհում խոշորագոյնն են եւ ընդգրկուած են Fortune 500ի ցանկում:
«Հայկական ՏՏ համայնքն ունի որակեալ մասնագիտական ներուժ: Ուրախ ենք մեր ընկերութեան զարգացման վաղ շրջանում թիմը այստեղի տաղանդաւոր մասնագէտներով համալրելու կապակցութեամբ: Վստահ ենք, որ նրանց օգնութեամբ կարող ենք ստեղծել նոր գործիքներ ու պրոդուկտներ՝ (արտադրութիւններ-Խմբ.) միասին ընդլայնելով ընկերութեան մասշտաբները», նշում է DISQO-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրէն Արմէն Աճէմեանը:
Ընկերութեան հայաստանեան գրասենեակի տնօրէն Թանիա Սահակեանը յաւելում է. «Ոգեւորիչ է այն փաստը, որ սա DISQO-ի՝ ԱՄՆից դուրս գտնուող առաջին հիմնական գրասենեակն է, որը հիմնուել է առաջին խոշոր ֆինանսական ներդրման արդիւնքում: Սրանք դեռ ընկերութեան առաջին քայլերն են, բայց հեռանկարներ կան աւելի ընդարձակուելու, քանի որ արդէն կրկնակի թափով ենք աշխատելու երկու հաւասարապէս հզօր թիմերով»:
Ընկերութեան հայաստանեան գրասենեակը պաշտօնապէս կը գործի Հոկտեմբեր ամսից ԹՈՒՄՕ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Այսպիսով, DISQO-ի գործունէութիւնը նոր հեռանկարներ է խոստանում Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման եւ միջազգային շուկայի հետ երկրի տնտեսական յարաբերութիւնների ամրապնդման համար:
ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
DISQO-ն (www.disqo.com) հիմնադրուել է Լոս Անջելեսում 2015 թ.ին՝ ազգութեամբ հայ գործարարների կողմից՝ Արմէն Աճէմեանի (գործադիր տնօրէն), Դրօ Քուչարեանի (տեխնիկական տնօրէն), Արմէն Պետրոսեանի (մարքեթինգի տնօրէն): Այն սպառողներից ուղղակիօրէն (first-hand) հաւաքագրած ստոյգ տուեալներ է տրամադրում աշխարհի խոշորագոյն մարքեթինգային ու հետազօտական ընկերութիւններին: Դրանց օգնութեամբ հնարաւոր է դառնում բացայայտել սպառողի վարքագիծը, ապահովել ապրանքների ճիշդ դիրքաւորումը եւ բրենդի առաջխաղացումը: Ընկերութիւնն առաջատարն է ոլորտում եւ ստեղծել է սպառողների հետազօտութեան միասնական հարթակ, որ ներգրաւում է մարդկանց՝ որպէս սպառող տուեալների փոխանակման համար: Այստեղ իրականացւում են տարեկան 10 միլիոնից աւելի հարցումներ:
«Ալֆա Էդիսոն»ի (Alpha Edison) եւ «Բոնֆայր Վենչրս»ի (Bonfire Ventures) կողմից ստացած 13.5 մլն. ԱՄՆ դոլար չափով Ա սերիայի ներդրման շնորհիւ DISQO-ն հնարաւորութիւն է ստանում առաջարկուող ծառայութիւնների ցանկը համալրելու նոր հաւելուածներով ու մեխանիզմներով, որոնք հետազօտում են սպառողի վարքագիծն ու կարծիքը: Ընկերութիւնն արդէն կը կիրառի նաեւ արհեստական բանականաութեամբ (AI) լուծումներ, ինչպէս նաեւ կը ստեղծի նոր գործիքներ սպառողների իրական եւ ամբողջական պատկեր ձեւաւորելու համար:
«ՓԱՆՈՐԱՄԱ»