ՇԱՔԷ ԵՐԻՑԵԱՆ
Սեպտեմբերի 14ին, ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցաւ ամերիկահայ գրող Գրիշ Դաւթեանի «Անձրեւ Է Գալիս» բանաստեղծութիւնների ժողովածուի շնորհահանդէսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնեանի հաւաստմամբ՝ Գ. Դաւթեանը մասնաւորապէս Լոս Անջելեսի գրական շրջանակներում եղել եւ է՛ գրական բոլոր յարաբերութիւնների, գործունէութեան յենասիւնը, ողնաշարային դեր է կատարել գրական կեանքում: «Գրիշ Դաւթեանն իր մարդկային բարձր յատկանիշներով միշտ եղել է կապող օղակ, առանցք՝ ամերիկահայ գրական կազմակերպութիւնների հետ մեր գրական աշխատանքում», ասաց Էդ. Միլիտոնեանը: Ապա անդրադառնալով Գ. Դաւթեանի բանաստեղծութիւններին՝ նա նկատեց, որ այդ ստեղծագործութիւնների հիմնական թեման հայրենասիրութիւնն է, յիշողութիւնները, որոնք կապւում են Պարսկաստանի, Հայաստանի, Ամերիկայի հետ: «Տարբեր երկրներում ապրած մարդու լիքը ասելիք, որ բանաստեղծական ձեւեր է ստանում», նշեց ՀԳՄ նախագահն ու Գ. Դաւթեանին պարգեւատրեց ՀԳՄ պատուոգրով:
Գրականագէտ, «Անտարես» հրատարակչութեան գլխաւոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսեանն ընդգծեց Գ. Դաւթեանի սստեղծագործութիւնների բազմազանութիւնը՝ նշելով, որ նրա գրքերի վերնագրերն արդէն իսկ ենթադրում են այն շրջանակը, որի տարածութեան մէջ նա ստեղծագործում է: «Նրա անընդհատ դեսուդենութիւնն է՝ ոչ միայն կենսագրութեան բերումով, այլեւ զգացմունքների յորդառատութեամբ, բազմազանութեամբ», ասաց Ա. Նիկողոսեանը՝ գտնելով, որ վերջին տարիներին գրուած գրքերի նպատակադրումը Գ. Դաւթեան բանաստեղծի համար սեփական ստեղծագործական հունձքը ամփոփելն է ըստ տեղագրութեան: «Անձրեւ է գալիս» ժողովածուում արծարծւում է լոնդոնեան թեման, եւ կապուած է Գ. Դաւթեանի ուսանողական կեցութեան հետ: «Առկայ է ոչ միայն տեղանքային, այլեւ զգացողութիւնների դրսեւորման փոփոխութիւն», ամփոփեց գրականագէտը:
Ելոյթ ունեցան նաեւ Սարօ Բաբումեանն ու Ազատ Եղիազարեանը: Շնորհակալական խօսքով ելոյթ ունեցաւ Գրիշ Դաւթեանը:
Էդվարդ Միլիտոնեանի համաձայն…