Վրաստանի ծովափնեայ Բաթումի քաղաքում, որտեղ հայկական (թուով երեք) դպրոցները փակուելուց յետոյ մի քանի տարի է աշակերտներ չունենալու պատճառով փակուեց նաեւ հայկական վերջին բաժինը, այս տարի աննախադէպ ծրագիր է մեկնարկում: Նոր ուսումնական տարուայ մեկնարկին՝ Սեպտեմբերի 17ին քաղաքի թիւ 4 վրացական դպրոցում հանդիսաւորութեամբ բացուեց հայ-վրացական առաջին դասարանը: Դա նշանակում է երկրի վրացալեզու դպրոցում ամէն օր աշակերտները պարտադիր կերպով կ՛ուսումնասիրեն նաեւ հայոց լեզու եւ գրականութիւն առարկաները:
«Ռադիօլուր»ի հետ զրոյցում Վրաստանի կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան ազգային ուսումնական ծրագրերի վարչութեան ոչ-վրացալեզու դպրոցներում ուսումնական նիւթերի ներդրման փորձագէտ Կարինէ Մանուկեանը ասաց, որ օրեր առաջ է նախարարը համապատասխան որոշումը կայացրել՝ աւելացնելով. «Սա ինտեգրման (համարկման-Խմբ.) շատ կարեւոր ծրագիր է, որ մեր երեխաները լեզուի միջոցով ինտեգրուեն վրաց հասարակութիւնում: Ուրախ ենք, որ կառավարութիւնը հիասքանչ օրինակ ընձեռեց մեզ, որը կատարեալ հնարաւորութիւն է վրացերէն կրթութեան հիմքի վրայ ուսանել նաեւ մայրենի լեզու ու գրականութիւն. հայերէնը մեր համայնքի համար պիտի լինի մայրենի լեզու, երկու մայրենի լեզու՝ վրացերէնն ու հայերէնը»։
Բաթումիի հովւութեան նախաձեռնութեամբ իրականութիւն դարձած նախագիծը կարող է վարակիչ դառնալ բազմաթիւ ծնողների համար, ովքեր այսուհետ կարող են դիմել նմանատիպ դասարաններ բացելու առաջարկութեամբ:
«Նախարարի վերջին օրերին ստորագրած հրամանի համաձայն, վրացալեզու դպրոցներում, որտեղ կան ազգային փոքրամասնութիւններ, ծնողների առաջարկով դպրոցը պարտաւորւում է հայերէնով կամ ադրբեջաներէնով դասընթացներ կազմակերպել», ասաց Կարինէ Մանուկեանը:
Այս շաբաթուայ սկզբին Վրաստանում մեկնարկած նոր ուսումնական տարում բազմաթիւ փոփոխութիւններ ու նորամուծութիւններ կան, որոնք վերաբերում են նաեւ ոչ-վրացալեզու՝ հայկական ու ադրբեջանական դպրոցներին:
Վրաստանի ողջ տարածքում իր դռներն է բացել 129 հայկական դպրոց: Ներկայումս Վրաստանի ԿԳՆն աշխատում է երկրի հայկական ու ադրբեջանական դպրոցների-բաժինների մայրենի լեզուի եւ գրականութեան 1-9րդ դասարանների չափորոշիչների եւ ուսումնական ծրագրերի ստեղծման շուրջ:
«ԱՐՄՌԱԴԻՕ»