ԵՐԵՒԱՆ.- Նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի գրասենեակը հանդէս եկած է յայտարարութեամբ՝ ԱԱԾի եւ ՅՔԾի ղեկավարներու աղմկայարոյց հեռաձայնային զրոյցին եւ մամլոյ ասուլիսին վերաբերեալ:
Ստորեւ՝ սոյն յայտարարութիւնը.
«Ինչպէս յայտնի է, այսօր, Սեպտեմբերի 11ին համացանցում յայտնուեց մի տեսագրութիւն, որը ներկայացնում էր ՀՀ ԱԱԾ տնօրէնի եւ ՀՀ ՅՔԾ պետի հեռախօսազրոյցները՝ «Մարտի 1ի» գործին վերաբերող հարցերի, մասնաւորայպէս՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին եւ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Եուրի Խաչատուրովին կալանաւորելու վերաբերեալ:
Այս զրոյցների մանրամասները յայտնի են բոլորին եւ կարիք չկայ վերաշարադրել դրանք: Հեռախօսազրոյցների բովանդակութիւնը գալիս է փաստելու մի քանի կարեւոր հանգամանք, որի մասին մէկ անգամ չէ, որ յայտարարել ենք:
Դրանք են. նախագահ Ռոբերտ Քոչարեանի նկատմամբ իրականցւում է քաղաքական հետապնդում, որն ուղղորդւում է անմիջականօրէն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմից:
ԱԱԾ տնօրէնի եւ ՅՔԾ պետի խօսակցութիւնը սրանում կասկածի տեղ չի թողնում:
Դատելով ձայնագրութիւնից, ի սկզբանէ խնդիր է դրուել ոչ թէ բացայայտել «Մարտի 1ի» գործը եւ գտնել մեղաւորներին, այլ պարզապէս կալանաւորել (զրուցակիցների բառապաշարով՝ «փակել») նախագահ Քոչարեանին, ինչը քաղաքական վենդետայի դասական օրինակ է:
Առաջին ատեանի դատաւորը, որը կալանքի որոշում է կայացրել, գտնուել է իշխանական բիրտ ճնշման ներքոյ եւ իրեն վերեւից թելադրուած «դուխով» ապօրինի որոշում է կայացրել: ՀՀ երկրորդ նախագահի եւ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Եուրի Խաչատուրովի խափանման միջոցն ընտրուել է ուղիղ Նիկոլ Փաշինեանի համաձայնութեամբ. նախ՝ ՅՔԾ պետն է համաձայնեցրել (կալանք), իսկ այնուհետ՝ ԱԱԾ պետը (գրաւ):
Կատարուածը յանցագործութիւն է՝ բարձարաստիճան պաշտօնեաների մասնակցութեամբ: Հեռախօսազրոյցների հրապարակմանը հետեւած ՀՀ վարչապետի, ինչպէս նաեւ ԱԱԾ տնօրէնի եւ ՅՔԾ պետի յայտնի ասուլիսում արուած յայտարարութիւնները, մեծապէս ոչ այլ ինչ են, քան անյաջող արդարացումներ: Հեռախօսազրոյցների խայտառակ բովանդակութիւնը մեկնաբանութիւնների կարիք չունի, ու զրոյցներն այն մասին, թէ «չար ուժերը» փորձում են նման ձայնագրութիւններ տարածելով խոչընդոտել «բարի ուժեր»ի հերոսական պայքարը կոռուպցիայի եւ յանցաւորութեան դէմ, տուեալ համատեքստում պարզապէս զաւեշտալի են:
Կարեւոր է ընդգծել, որ այս հեռախօսազրոյցները բացայայտում են ոչ միայն ինչ որ մի կոնկրետ գործին առնչուող դրուագ, այլեւ գործող ռեժիմի բուն էութիւնը, օրուայ իշխանութեան իրական դէմքը: Մարդիկ, որոնք առաւօտից երեկոյ գոռում-գոչում են սիրոյ եւ հանդուրժողականութեան ու արդարադատութեան մէջ չմիջամտելու մասին, անում են ճիշդ հակառակը՝ մոլորեցնելով ու խաբելով հասարակութեանը: Մարդիկ, որոնք առաւօտից երեկոյ խօսում են ժողովրդավարութեան մասին ամենակոպիտ ձեւով ճնշում են ժողովրդավարական ազատութիւններն ու մարդու իրաւունքները: Հարկ ենք համարում ընդգծել նաեւ հետեւեալը:
Վարչապետի, ԱԱԾ տնօրէնի եւ ՅՔԾ պետի ելոյթներից պարզ է դառնում. տեսնելով, որ շինծու գործի միջոցով հնարաւոր չէ կալանւորել եւ հետապնդման ենթարկել նախագահ Քոչարեանին՝ հեռացնելով նրան քաղաքական դաշտից, ինչպէս նաեւ համոզուելով, որ ապօրինի հարստացման եւ առասպելական ունեցուածքի մասին խօսակցութիւնները իրականութեանը չեն համապատասխանում, իշխանութիւնները նոր միջոցի են դիմում՝ յայտարարելով, թէ Քոչարեանների ընտանիքը փողերի լուացմամբ է զբաղուել: Թէ ինչ արժեն այս յայտարարութիւնները, որ արուած են յայտնի հեռախօսազրոյցների մասնակիցների կողմից՝ առաջարկում ենք որոշի հանրութիւնը: Սակայն ակնյայտ է, որ նախագահ Քոչարեանի դէմ քաղաքական հետապնդումները շարունակւում են եւ նոր շրջան են մտնում:
Մենք կոչ ենք անում բոլոր մեր հայրենակիցներին ու բարեկամներին սթափ կերպով գնահատել ստեղծուած իրավիճակը, իշխանութիւնների գործելակերպը, պատռել քարոզչական շղարշը եւ թոյլ չտալ, որպէսզի Հայաստանը ժողովրդավարական երկրից վերածուի ամբոխավարական ձախողուած պետութեան, որը կառավարւում է դիլետանտների կողմից՝ բոլշեւիզմի սկզբունքներով եւ ուր խրախուսւում են քաղաքական ռեպրեսիաները (բռնաճնշումները-Խմբ.)»: