Նիւ Եորքի «Մետրոպոլիտեն» արուեստի թանգարանը 2018թ. Սեպտեմբերի 21ից 2019թ. մինչեւ Յունուարի 13ը կը հիւրընկալի «Հայաստան» խորագիրը կրող բացառիկ ցուցահանդէսը, որտեղ կը ներկայացուի հայ ժողովրդի պատմական ու մշակութային ժառանգութիւնը՝ սկսած Դ. դարից՝ քրիստոնէութեան ընդունումից, հայերէն գրերի գիւտից, մինչեւ ԺԷ. դար:
Հայաստանի պատմութեան թանգարանից հաղորդում են, որ ցուցահանդէսի բացումը կը կայանայ 2018 թուականի Սեպտեմբերի 21ին՝ ի նշանաւորումն Հայաստանի Անկախութեան օրուայ:
Հայաստանի խոշոր թանգարաններից՝ Հայաստանի պատմութեան թանգարան, Էջմիածնի Մայր Աթոռի թանգարաններ, Մատենադարան, ընտրուած 81 նմուշների հետ մէկտեղ, կը ներկայացուեն նաեւ նմուշներ՝ փոխառուած Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց վանքից, Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանից, Վենետիկի Մխիթարեան միաբանութիւնից, «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութիւնից, մշակութային այլ կենտրոններից եւ անհատական հաւաքածուներից:
Հայաստանի պատմութեան թանգարանից 34 արժէքաւոր նմուշներից մէկը՝ Դ.-Ե. դդ. Խարաբաւանքի քառանիստ կոթողը (Արագածի հարաւային լանջ, Ուջան գիւղի մերձակայք) այս ցուցահանդէսի մէջ առանցքային եւ բացառիկ նշանակութիւն ունի, իբրեւ հայկական մշակոյթի ու արուեստի ինքնատիպ երեւոյթի, նրա ակունքի փաստացի վկայութիւն:
Ցուցահանդէսում ընդգրկուած աւելի քան 140 նմուշները՝ տարբեր նիւթերի, ձեւերի, տիպերի մէջ դրոշմուած հետքերով, տարբեր ժամանակների եւ մշակութային միջավայրերի համատեքստերում, կը վերստեղծեն ինքնատիպ տարեգրութիւնը եւ անընդհատելի ընթացքը հոգեւոր այն արժէքների, որոնք վկայում են Հայաստանի մշտական ներկայութիւնը եւ աւանդը համաշխարհային քաղաքակրթութեան մէջ: