ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐԵԱՆ
Ստորեւ կը ներկայացնենք «ՀՅԴ Սոցիալ-տնտեսական քաղաքականութեան հիմնադրոյթներ»ու շնորհահանդէսի բացման ընթացքին՝ գիւղատնտեսութեան նախարար Արթուր Խաչատրեանի արտասանած խօսքը.
Այսօր մենք հանրութեան դատին ենք ներկայացնում ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականութեան հիմնադրոյթները, մեր տնտեսական դոկտրինը (սկզբունքը, վարդապետութիւնը-Խմբ.): Փաստաթուղթը դեռեւս նախագծի վիճակում է եւ ներկուսակցական ու աւելի լայն ֆորմատով (ձեւաչափով-Խմբ.) քննարկումների արդիւնքներով կը բիւրեղանայ ու կը դառնայ այն ուղեցոյցը, որի հիման վրայ կը մշակուեն յետագայ, աւելի գործնական նշանակութիւն եւ ուղղուածութիւն ունեցող տնտեսական փաստաթղթերը, որոնցմով մենք կ՛առաջնորդուենք տնտեսական քաղաքականութիւն իրականացնելիս: Փաստաթղթի մշակումը սկսուել էր դեռեւս ձմրանը: Ժողովրդի գարնանային քաղաքական զարթօնքը եւ յեղափոխութիւնը եկան փաստելու, որ մեր մօտեցումները ճիշդ են եւ հիմնարար:
Ցանկացած քաղաքականութիւն կառուցւում է արժէքային համակարգի վրայ: Դաշնակցութեան արժէքային համակարգը Հայ Դատի եւ հայոց պահանջատիրութեան ասպարէզում յստակ է եւ անբեկանելի: Այսօր, Սեւրի դաշնագրի ստորագրման 98րդ ամեակին մենք եւս մէկ անգամ բարձրաձայնում ենք, որ հայ ժողովուրդն ունի իրաւունքներ եւ մենք մեր իրաւունքների պահանջատէրն ենք: Միացեալ Հայաստանի գաղափարը մեր հիմնարար արժէքն է: Մեր քաղաքականութիւնն արտաքին յարաբերութիւններում խարսխուած է մեր հէնց այդ հիմնարար արժէքի վրայ եւ միտուած է հայ ժողովրդի իրաւունքների վերականգնմանը:
Ազգային կուսակցութիւն լինելուց բացի, մենք նաեւ ընկերվարական կուսակցութիւն ենք, Ընկերվար միջազգայնականի՝ Սոցինտերնի լիիրաւ անդամ, Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Դաշնակցութիւնն անդամակցում է Եւրոսոցիալիստների խմբակցութեանը: Երկկողմանի սերտ յարաբերութիւններ ունենք ընկերվարական կուսակցութիւնների հետ՝ աշխարհով մէկ: Այսօրուայ մեր հաւաքի նպատակն է ներկայացնել մեր, որպէս ընկերվարական, սոցիալիստական կուսակցութեան արժէքային համակարգը եւ դրանից ածանցուող հիմնական սոցիալ-տնտեսական մօտեցումները:
Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեամբ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրաւական պետութիւն է: Սոցիալական պետութիւնն ապահովում է իր քաղաքացիների տնտեսական եւ սոցիալական բարեկեցութիւնը: Նրան է վերապահւում իր քաղաքացիների սոցիալ-տնտեսական բարեկեցութեան խթանման առանցքային դերը՝ հիմնուած հնարաւորութիւնների հաւասարութեան, եկամուտների վերաբաշխման եւ բարեկեցիկ կեանքի նուազագոյն պայմաններն ինքնուրոյն ապահովել անկարող անձանց պետական աջակցութեան սկզբունքների վրայ: ՀՅԴ ընկալմամբ սոցիալական պետութեան հիմնական առաքելութիւնն իր քաղաքացիներին աղքատութիւնից զուրկ կեանքի ապահովումն է:
Սոցիալական պետութեան ընկալումը բխում է կուսակցութեան տնտեսական եւ ընկերային բնագաւառի հիմնարար արժէքներից՝ ազատութիւն, արդարութիւն, համերաշխութիւն:
Ազատութիւնը բացառում է որոշումների կայացումը պարտադրանքի կամ սպառնալիքի տակ: Դրանով կանխւում են պետութեան կամ հասարակութեան կողմից կամայական ոտնձգութիւնները կամ սահմանափակումները: Իրական ազատութեան կարելի է հասնել, երբ ապահովուած են տնտեսական եւ ընկերային նախադրեալները, մարդն ունի սոցիալական երաշխիքներ, որոնք ապահովում են նրա ազատ կամարտայայտութիւնը եւ ազատօրէն որոշումներ կայացնելու հնարաւորութիւնը:
Արդարութիւնը ենթադրում է կատարած աշխատանքի դիմաց համարժէք վարձատրութիւն, ինչպէս նաեւ սոցիալական ապահովութեան հաւասար երաշխիքներ՝ անկախ ընտանեկան դրութիւնից, սեռից, տարիքից, սոցիալական ծագումից, ունեցուածքից եւ այլ տարբերակիչ յատկանիշից:
Համերաշխութիւնը մարդկանց՝ միմեանց նկատմամբ պատասխանատուութիւն կրելու եւ փոխադարձաբար օգնելու պատրաստակամութիւնն է: Համերաշխութիւնը հասարակութեան շաղախն է: Այն իրար է կապում ուժեղին եւ թոյլին, հարուստին եւ աղքատին, երիտասարդին եւ ծերունուն: Որեւէ ազգ կամ պետութիւն չի կարող դիմագրաւել արտաքին մարտահրաւէրներին, եթէ այն ներսից համերաշխ չէ: Դաշնակցութեան ընկալմամբ հասարակութեան համերաշխութիւնը լոկ բարեգործութիւն կամ ալտրուիզմ (այլասիրութիւն-Խմբ.) չէ, համերաշխութիւնը գոյատեւման եւ ազգի տեսլականին հասնելու գրաւական է:
Ահա այս արժէքային համակարգից է ածանցւում մեր սոցիալ տնտեսական դոկտրինը, տնտեսական քաղաքականութեան մեր հիմնարար սկզբունքները.
– Տնտեսական աճ
– Սոցիալական արդարութիւն
– Կայուն զարգացում
Ընդ որում, այս երեք սկզբունքները հաւասար են: Տնտեսական աճը երբեք չի կարող առաւել առաջնային լինել, քան կայուն զարգացումը, երբ տնտեսական աճն ապահովւում է բնութեան աղտոտման կամ բնական պաշարների անխնայ շահագործման հաշուին, կամ էլ սոցիալական արդարութիւնը, երբ տնտեսական աճի պտուղները համտեսում են միայն հասարակութեան «ընտրեալները»:
Ես կը խօսեմ շատ համառօտ:
Տնտեսական աճի ապահովման մի քանի հիմնարար մօտեցում կայ: Ազատականներն (լիբերալները) ասում են՝ թողէք մարդուն ազատ, մի փորձէք ամէն ինչ կարգաւորել ու կանոնակարգել եւ ազատ մարդը կ՛ինքնադրսեւորուի, կը ստեղծի արդիւնք, կը դառնայ տնտեսութեան լոկոմոտիվը (շար-ժիչը-Խմբ.) եւ կ՛ապահովի տնտեսական զարգացումը: Սոցիալիստների համար այս մօտեցումն ընդունելի չէ: Անհատը պատասխանատու է սոցիումի (ընկերութեան-Խմբ.) առաջ, սոցիումը պատասխանատու է անհատի համար: Բոլորը մէկի եւ մէկը բոլորի համար: Ազատականների գովերգած շուկայի անտեսանելի կարգաւորիչ ձեռքը չի գործում, շուկաները չեն ինքնակարգաւորւում: Դրա վկայութիւններն են տնտեսական ճգնաժամերը եւ հասարակութեան բեւեռացումը: Անհրաժեշտ է պետութեան միջամտութիւնը՝ վերացնելու շուկայի ձախողումները, իսկ որոշ դէպքերում նաեւ առաջնորդելու տնտեսութեան աճը: Մենք մերժում ենք թէ՛ վայրի կապիտալիզմը (դրամդիրութիւնը-Խմբ.), թէ՛ պետական կոմունիզմը: Պետական միջամտութեան ոլորտում մենք առաջնորդւում ենք՝ «այնքան շուկայ, որքան հնարաւոր է, այնքան միջամտութիւն, որքան անհրաժեշտ է» սկզբունքով: Պետական կշռադատուած միջամտութեամբ բարեկեցիկ հասարակութեան մէջ է, որ անհատը կարող է իրեն ազատ զգալ:
Սոցիալական (ընկերային-Խմբ.) արդարութիւնը Դաշնակցութեան համար հիմնական օրակարգ է: Սոցիալական արդարութիւնը սոցիալական պետութեան հիմնքն է, այն երաշխաւորում է հասարակութեան համերաշխութիւնը, ինչն արտաքին մարտահրաւէրների պայմաններում ազգային անվտանգութեան խնդիր է: Տնտեսական արժէք ստեղծւում է հասարակութեան ջանքերով: Իւրաքանչիւր ոք, ով ներդրում է ունեցել տնտեսական արժէքի ստեղծման մէջ պէտք է իր արդար բաժինը ստանայ: Այլապէս կ’՛ւնենանք այն, ինչ որ ունենք: Վերջին տասը տարիների ընթացքում տնտեսութիւնն անշեղօրէն աճում է, բայց անշեղօրէն աճում է սոցիալական բեւեռացում: Սա բերում էր արտագաղթի ու պետութիւնից օտարման: Բայց ժողովրդի համբերութեան բաժակը լցուեց, եւ ժողովուրդը դուրս եկաւ փողոց: Սոցիալական պետութեան պարտաւորութիւնն է նաեւ պատշաճ խնամք եւ հոգատարութիւն ապահովել բոլոր նրանց համար, ովքեր ունեն դրա կարիքը, ապահովել մարդկանց սոցիալ աշխատանքային երաշխիքները: Սոցիալական պետութիւնում սեփականութեան եւ ժառանգականութեան իրաւունքներն անձեռնմխելի են, բայց պէտք է գիտակցենք, որ սեփականութիւնը, իրաւունքից զատ, բերում է նաեւ պատասխանատուութիւն:
Եւ վերջապէս կայուն զարգացում: Կայուն զարգացումը սերունդների միջեւ համերաշխութեան եւ ազգի շարունակականութեան գրաւականն է: Պետութեան քաղաքականութիւնը պէտք է ուղղուած լինի բնական ռեսուրսների գերշահագործումը, հիւծումը բացառելուն, շրջակայ միջավայրի, այդ թւում՝ մարդու կեանքի եւ առողջութեան վրայ բացասական ազդեցութիւնը նուազեցնելուն, բնական ռեսուրսների համալիր կառավարմանը եւ դրանցից ստացուող եկամուտների արդար բաշխմանը հասարակութեան բոլոր անդամների միջեւ: Բնական ռեսուրսները (միջոցները, հարստութեան աղբիւրները-Խմբ.)՝ հողը, ընդերքը, ջուրը, կենդանական ու բուսական աշխարհը, անտառը, բնական լանդշաֆտներն (բնանկարները, բնավայրերը-Խմբ.) ու մթնոլորտային օդը, համաժողովրդական սեփականութիւն են: Սակայն, կայուն զարգացումը միայն բնապահպանութիւնը չէ: Կայուն տնտեսական զարգացումը պահանջում է, որ այսօրուայ քաղաքականութիւնը պէտք է միտուած լինի նաեւ վաղուայ բարեկեցութեան ապահովմանը: Այս նպատակով սոցիալական պետութիւնն էական ներդրում է կատարում կրթութեան, առողջապահութեան, հիմնարար հետազօտութիւնների ու ենթակառուցուածքների զարգացման ուղղութեամբ:
Ի մի բերելով Դաշնակցութեան սոցիալ-տնտեսական քաղաքականութեան հիմնադրոյթները՝ կարող ենք փաստել: Մեր քաղաքականութիւնը միտուած է
- Առաջանցիկ տեմպերով (կշռոյթով-Խմբ.) արդիւնք ստեղծելուն
- Ստեղծուած արդիւնքն արդար կերպով հասարակութեան անդամների միջեւ բաշխելուն
- Ստեղծուած արդիւնքը ներկայ եւ գալիք սերունդների միջեւ արդար եւ պատասխանատու կերպով բաշխելուն: