(1939-1987) Կորուստի 30ամեակ
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Եսայի Շահիջանեանը ծնուել է 1939 թուականի Յունուարի 24ին, Նոր Ջուղայում, Իրան: Տարրական կրթութիւնը ստացել է տեղի պետականացուած, նախկին հայոց, Կենտրոնական դպրոցում: Աւարտելուց յետոյ մտնում է Սպահանի Գեղարուեստից ուսումնարանը, գեղարուեստական նկարչութեան բաժանմունքը, 13 տարեկանում, աշակերտելով ժամանակի պարսիկ յայտնի գեղանկարիչներ Ռոստամ Շիրազիին եւ Հաջ Մոսավար օլ Մոլքին: Նախքան այդ էլ նա սկսել էր տպագիր գեղանկարներից մատիտով ընդօրինակումներ անել, որոնցից երեւում էր պատանու նկարչական հետաքրքրութիւնները եւ սէրը: Ուսումնառութեան տարիներում նա ծանօթանում է նորջուղայեցի, իրանահայ յայտնի գեղանկարիչ Երուանդ Նահապետեանի հետ. սկսում է այցելել նրա աշխատանոցը, երբեմնակի գեղանկարչական փորձեր անելով նրա մօտ, իւրացնում է վարպետի տարիների փորձառութիւնը:
Սպահանի Գեղարուեստից ուսումնարանը աւարտում է բարձր մակարդակով, աւելի կենտրոնացած գեղարուեստական մանրանկարչութեան վրայ: Ուսումը շարունակելու նպատակով մեկնում է Լիբանան, բայց երկու տարուց յետոյ վերադառնում է Սպահան, Նոր Ջուղա, եւ արդէն որպէս գեղանկարիչ աշխատանքի է մտնում Իրանի Մշակութային ժառանգութիւնը պահպանող պետական հիմնարկութեան մէջ: Գործուղւում է Իրանի պատմական պալատների որմնանկարների վրայ հին գեղանկարների նորոգման ու գոյների թարմացման աշխատանքին։ Վարպետանում է, ցուցաբերում է աննախադէպ յաջողութիւն, այնպէս որ հիմնարկութիւը նրան նշանակում է իտալական «Իզմէօ» կազմակերպութեան որմնանկարների նկարիչների խմբի հետ աշխատելու, որը ղեկավարում էր պրոֆեսոր Ռբերտօ Չերբինօն, այդ օրերում Իրանում:

Եսայի Շահիջանեանը աշխատում, վերականգնում եւ թարմացնում է Սպահան քաղաքի Ալիղափու, Չեհել Սոթուն, Հաշթ Բեհեշտ պալատների, Նոր Ջուղայի մի քանի եկեղեցիների, Նաին քաղաքի Փիրնիա տան, Շիրազ քաղաքի Ղաւամ նարինջստանի, եւ Ղազուին քաղաքի պատմական կոթողների որմնանկարները: Պատմական կոթողների որմնանկարների վրայ աշխատանքի ընթացքում նա նաեւ ուսումնասիրում է դրանց ձեւաւորման գեղանկարչական ոճը, գոյների համադրութեան ճաշակը եւ կիրառուած փորագրումների ու քանդակների իւրայատկութիւնները: Նա դարձաւ պարսից Սաֆաւիեան եւ Ղաջարական դինաստիաների նկարչութեան ճանաչուած հեղինակութիւն: Նա վերականգնեց Սաֆաւիեան պատմաշրջանի նկարչական ոճը, որով նա գեղազարդեց Սպահանի Աբբասեան հիւրանոցի սրահները, մայրաքաղաք Թեհրանի Քոսար հիւրանոցը, պատուէրով ստեղծագործեց Նիու Եորքի «Վալդորֆ» եւ «Աստորիա» հիւրանոցների գեղանկարուած պաստառները: Ղաջարական դինեստիայի ծաղիկների ու թռչունների նրա վերականգնած եւ իրագործած գեղանկարները հիացմունքով համարւում են տուեալ ոճի բնորդներ: Իտալական «Իզմէօ» կազմակերպութիւնը նրան պարգեւում է մասնագիտական դիպլոմա, իսկ նրա դպրոցը՝ Սպահանի Գեղարուեստից ուսումնարանը՝ պրոֆեսորի կարգ ու կոչում է շնորհում նրան:

Եսայի Շահիջանեանը հեղինակային նորոյթ մտցրեց իրանական մանրանկարչութեան մէջ: Մանրանկարչութիւնը տափակ նկարչութիւն է, ներկայանում է հարթ տարածքով, չունի խորք: Նա խորք ստեղծեց տափակ մանրանկարչութեան մէջ, որ իրանական դարաւոր նկարչական գեղարուեստում հսկայական պատմական նորոյթ եղաւ:
Ամուսնացաւ ու բախտաւորուեց երկու զաւակներով՝ աղջիկ ու տղայ:
Այդ տարիներում, իր աշխատանքի շրջանակում, նա ծանօթանում ու մտերմանում է Իրանում գտնուող հռչակաւոր արեւելագէտ Արթուր Պոպի հետ, որ դառնում է նրա գեղարուեստի եւ իրագործումների հիացողներից մէկը:
Տարիների աշխատանքների աւանդութեամբ հարուստ ու հռչակուած՝ նա իր սեփական գեղանկարչական գործին զուգահեռ վերադառնում է իր սիրելի Սպահանի Գեղարուեստից ուսումնարանը, որպէս պրոֆեսոր, սովորեցնելու իր կախարդական գեղարուեստը երիտասարդ ու նոր սկսնակներին: Մանրանկարչութիւն է ուսուցանում նաեւ Սպահանի Պարդիս համալսարանում:
Նոր Ջուղայի ազգային, հասարակական կեանքում նա ներկայ էր իր գեղարուեստով:
Պարմանութիւնից նա անդամակցել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը, սկսեալ պատանեկան խմբերից: Նա իր մի գեղանկար ստեղծագործութիւնը նուիրում է Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախմբին, որ վիճակահանութեամբ գումար է ապահովում նոյն յանձնախմբին:
Եսայի Շահիջանեանի բազմաթիւ գեղամանրանկարչական ստեղծագործութիւնները սփռուած են բազմաթիւ վայրերում: Սպահան եւ Նոր Ջուղա այցելող ամերիկացիներ եւ եւրոպացիներ այցելում էին, եւ գնում: Այնպէս որ ցրիւ են բազմաթիւ անհատական հաւաքողների մօտ: Նրա արժանաւոր կողակիցը, մինչեւ վերջերս էլ, նկարահանդէսներ էր կազմակերպում Սփիւռքից հայրենիք: Այնուամենայնիւ, Եսայի Շահիջանեանի ստեղծագործական ժառանգութիւնը աւելի ճանաչուած է իրանական հասարակութեան տարածքում:
Աւաղ, պատմական կոթողների որմնանկարների նորոգումները դարձան ճակատագրական: Գաճով սուաղուած հին պատերի քերումների աննկատ փոշին եւ գոյների թարմացումները նրան վարակեցին թոքերի քաղցկեղով, որը անգթօրէն խզեց Եսայու դեռ երիտասարդ կեանքը 1987 թուականի Դեկտեմբերի 19ին՝ ընդամէնը 48 տարեկան հասակում. նա մահացաւ Նոր Ջուղայում:
Բազմահազար ժողովուրդ սգաց նրա մահը: Ծովածաւալ յուղարկաւորութիւնը քայլեց Նոր Ջուղայից մինչեւ հայոց գերեզմանատունը, հանգստարանը. նրա աշակերտները ուսամբարձ տարան իրենց վարպետի դագաղը: Իրանի գեղարուեստից նախարարը դամբանական խօսեց՝ գնահատեց Եսայուն, որպէս այն մեծագոյն գեղամանրանկարիչը, որ ամենախորքային ոճը զարգացրեց իրանական գեղամանրանկարչութեան մէջ, վերջին երեքհարիւրամեակի ընթացքում: Դամբանական խօսեց Նոր Ջուղայի մեծ բանասէր եւ պատմաբան Լեւոն Գ. Մինասեանը եւ ուրիշներ: Գլենդելում, նրա եղբայրները, եւ հարազատներս հոգեհանգիստ կատարեցինք, սուգ արինք:
Իրանի Գեղարուեստագէտների խորհուրդը Եսայի Շահիջանեանի գեղանկարչական ստեղծագործութիւնների ժառանգութիւնը ուսումնասիրելով, ետ մասնագիտական քննարկման, նրան ճանաչեց իբրեւ առաջնակարգ գեղարուեստագէտ, յետ մահու նրան պարգեւեց Գեղարուեստի դոկտորայի տիտղոս:
Եսայի Շահիջանեանի կիսանդրին զետեղուած է Սպահանի Գեղարուեստից ուսումնարանի պարտէզի Վարպետների ճեմելիքում. իր պատուանդանից նա հսկում է հասակ առնող գեղանկարիչներին:
Ես ու Եսային հօրեղբօր զաւակներ ենք. ես՝ թոռ, Եսային՝ ծոռ յարաբերակցութեամբ: Մեր գերդաստանի մօտաւոր տարեկից տղաներ խմբով, ընկերներ, հարազատներ էինք. դէ, տարիքիս բերումով նրանց մեծութիւն էի անում: Ինչ խօսք, երբեմն էլ ապտակով պատժում: Վերջին անգամ հանդիպեցինք 1985 թուականին, ընտանիքով Նոր Ջուղա էինք գնացել, հիւր եղանք նրա տանը: Ապա միասին, ընտանիքներով, մեր աւտօներով, գնացինք Նոր Ջուղայի Փէրիա գաւառի մեր տոհմական Բոլորան գիւղը, այնտեղ՝ մեր պապենկան խրճիթը: Պատմեցի նրան, որ ընտանիքով գաղթելու եմ Ամերիկայի Միացեալ Նահանգներ: Տրտմութեամբ ամպեց. ասաց, որ ինքը ընտանիքով կը ներգաղթի հայրենիք:
Գլենդել, Կալիֆորնիա
25 Յունիս 2018
Եսայի Շահիջանեանի Յուշերով Ու Գեղակարչութիւններով
(Թերթելով նրա գեղանկարների ալբոմը)

Նրա մօտ եմ, իր անպաճոյճ սենեակում,
Որ գոյների ծիածանով է զօծուած.
Լոյս գոյների երփներով է մտորում
Ու նկարում մանրապատկեր ոսկեմած:
Մերթ խօսում ենք մանկութ յուշի փշրանքով,
Մեր սրտերում համակ սէրեր հարազատ.
Մերթ շիկնում է պահը գոյնի հրաշքով,
Մանրանկարչութեան եռքով գունաշատ:
Կեանքին նայում է գոյների շողերով,
Որոնք կեանքն են զարդարել ու իր սէրը,
Երկուսին էլ նուիրուած է հաւատքով,
Սէրը ունի արժանաւոր իր տէրը:
Նա շիկաւուն մի աղջիկ է հերարձակ,
Որ մտել է նրա սենեակը գունեղ,
Որ մտել է նրա սիրտը ընդարձակ
Ու վառել է գոյների մի նոր կանթեղ:
Խորանում է պարզ կտաւի ծաւալում,
Խոր պեղում է հորիզոնի պարոյկը…
Գոյնզգոյնի մի որայ է նա վրձնում,
Քանդակում է կամարակապ թակոյկը:
Պալատական մի խնջոյք է, գինարբուք
Շահ Աբբասի արքունիքը՝ Սպահան.
Բարակիրան գեղուհիներ վեհաշուք,
Շահին գինի են մատուցում ու ղալեան:
Որսադաշտ է, շահը ելել է որսի,
Երիվարով յարեհաս է եղնիկին,
Նետով զարկել է եղնարին այնպիսի՝
Տապալել է լերան ժայռի ցից բաշին:
Ներշնչուել է, նկարել է բնութիւն,
Ծաղկեփունջ է, ծաղիկներ են ու հաւքեր.
Փոխել մանրանկարչութեան էութիւն,
Տափակութեան բաշխել է լայնք ու խորքեր:
Իշխանազունը նստել է ծառի տակ,
Գրկին գոզալն է շուլալուել ցանկութեամբ,
Բարակահոն, խոշորաչուի հրեշտակ,
Զոյգ սրտերի մի դուրալի պատմութեամբ:
Գինու թասը բռնած նրբին մատներով,
Կուրծք ու կոնքը նազանքով լի փափկութեամբ,
Սիրածին է նա մօտենում պչրանքով,
Մատռուակ չէ, հուրի-փէրի իրաւամբ:
Հիրիկների մի ածու է նա ցանել,
Թերերը կախ ու ոլորուն երազով,
Պարմանական հաճոյքով է կամեցել
Արեւի տակ տարածելու բոյր ու զով:
Հարսը բակում սաջը շրջած քարերին,
Տակը կրակ ու բովաեփ է նա թխում,
Շուրջը՝ խմոր, բուլ, «վարդանա», տնային
Լագան, կճուճ, մի փայտով բոցն է մեղմում:
Վրանի տակ, բախտիարցի մի աղջիկ,
Գորգ է գործում, թափած թելերը ալուան,
Կուժը ուսած բոլորանցի երկու կին
Աղբիւրի մօտ զրուցում են դուրեկան:
Դեռ թերթում եմ նկարների ալբոմը,
Բայց իսկապէս զրուցում եմ նրա հետ…
Զրնգում է ուղտերի ձիգ քարուանը
Անապատում, հանգրուանին ակնդէտ:
Ցեղախմբի քոչն է շարժւում բեռնամբարձ,
Աղաւնաբոյն բուրգի մօտից է անցնում.
Օրն է բացւում, ու փողոցում լուսաբաղձ,
Գիւղի կանայք առւում լուացք են անում:
Սպահանի Շահ մզկիթի գաւիթն է,
Սիւների ու կամարների հոյակերտ,
Մանրանկար մի հրաշք է ագատէ,
Աչքի լոյսով դարբնած գունեղ նրբակերտ:
Խաչակնքում եմ հաւատքով, Եսայի,
Սուրբ Ամենափրկիչ վանքն եմ երբ մտնում,
Կոթողուել է քո ներշնչմամբ երեւի,
Յանց քո կերտած գոյների ծով կտաւում:
Ծիածանի բիւր գոյները քո սիրած,
Որոնցով դու նկարել ես հեքիաթներ,
Կարաւանի զանգակներով երգ դառած,
Դարձել են քո հրիտակը պատուաբեր:
Որ խուժեցին ու պատեցին քո սիրտը,
Առանց գոյնի էլ ոչ մի տեղ չթողին.
Եղար լոյսի պրիսմակի յակինթը
Սիրոյ գոյներ նուիրեցիր մեր կեանքին:
Գլենդել, Կալիֆորնիա, 17 Նոյեմբեր 2017