ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Արցախի Հանրապետութեան Շահումեանի շրջանի տարբեր համայնքների դպրոցականներ հնարաւորութիւն ունեն իրենց ամառային հանգիստն անցկացնել դպրոցականների համար կազմակերպուող տարաբնոյթ ճամբարներում: Այսպէս, շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթութեան եւ սպորտի բաժնի միջոցով կազմակերպուել եւ իրականացուել է աշակերտների մեկնում Հայաստանի Հանրապետութեան Հանքաւան առողջավայրի «Յասմիկ» եւ «Լուսաբաց» եւ Ծաղկաձորի քաղաքի «Աղբիւր» մանկական ճամբարներ: Հանքաւան են մեկնել 19 երեխայ եւ մէկ ջոկատավար, իսկ Ծաղկաձոր՝ 20 երեխայ եւ մէկ ջոկատավար: «Այս երկու ճամբարներն արդէն աւարտուել են, եւ մեր դպրոցականները Յուլիսի 8ին վերադարձել են», մեզ հետ զրոյցում տեղեկացրեց շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթութեան եւ սպորտի բաժնի վարիչ Խորէն Վարդանեանը:
«Այս պահին մեր շրջանից հինգ դպրոցականներ գտնւում են Վանաձորում կազմակերպուած Թէժ լեռ կոչուող ճամբարում: Նրանք մեկնել են Յուլիսի 11ին եւ կը վերադառնան Յուլիսի 20ին», տեղեկացրեց մեր զրուցակիցը:
Քարվաճառի վիքիակումբի 7 ակտիւ խմբագիրներ հնարաւորութիւն ունեցան Յուլիսի 4-13ը մասնակցել ամառային առաջին վիքիճամբարին, որն այս տարի կազմակերպուել էր Ծաղկաձորում: Վիքիճամբարը «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպութեան նախագծերից է, որ կազմակերպւում է 2014 թուականից: Ճամբարին մասնակցում են վիքի տարբեր նախագծերում ակտիւ մասնակիցները, ինչպէս նաեւ՝ պատանիներ, ովքեր ցանկութիւն ունեն սովորել խմբագրել վիքի նախագծերում: Ճամբարի ընթացքում ճամբարականներն ունեն յատուկ խմբագրման ժամեր, երբ փորձառու վիքիօգնականների օգնութեամբ խմբագրում են վիքի նախագծերում: Ինչպէս նաեւ՝ պատանիները մասնակցում են տարբեր սպորտային եւ ինտելեկտուալ (մարզական եւ մտաւորական-Խմբ.) խաղերի՝ զարգացնելով իրենց ֆիզիկական ու մտաւոր կարողութիւնները, ձեռք բերելով նոր գիտելիք:
«Վիքի ճամբարն ինձ տուեց բազում գիտելիքներ, ինձ դուր եկաւ ճամբարի մթնոլորը, քանի որ բոլորը միմիանց սիրով էին վերաբերւում: Վիքիճամբարում մենք գտանք այն, ինչ չենք գտնի ուրիշ ոչ մի տեղ», պատմում է Քարվաճառի վիքի ակումբի ակտիւ խմբագիրներից 13ամեայ Լենա Ղազարեանը:
«Վիքիճամբար կամ ուղղակի վիքիընտանիք, որ մեզ տուեց նոր ընկերներ, նոր շրջապատ, բարի վիքիօգնականներ եւ հոգատար ջոկատավարներ», իր տպաւորութիւններով է կիսւում Քարվաճառի վիքիակումբի խմբագիր, ճամբարի մասնակիցներից 14ամեայ Լիանա Մկրտչեանը:
Տեղեկացնենք, որ Քարվաճառի վիքիակումբը մասնակիցներ կ՛ունենայ նաեւ ամառային երրորդ ճամբարին, որը տեղի կ՛ունենայ Օգոստոսի 18-27ը:
«Արարատ» հիմնադրամի կողմից