ԹԻՖԼԻՍ.- 2018 թուականի Յունիսի 29ին, CDD-ի (Զարգացման եւ ժողովրդավարութեան կենտրոն) նախաձեռնութեամբ, Եւրախորհրդարանայինների Թբիլիսի կատարած այցի շրջանակներում, Թբիլիսի «Մարիոտ» հիւրանոցում կայացաւ «Եկեղեցիների եւ կրօնական համայնքների դերը եւրոպական ինտեգրման (համարկման-Խմբ.) գործընթացում՝ Վրաստան-Եւրամիութեան հեռանկարներ» խորագրով կոնֆերանսը (խորհրդաժողովը-Խմբ.): Միջոցառումն ընթացաւ կլոր սեղան- երկխօսութեան ձեւաչափով:
Կոնֆերանսին հրաւիրուած էին Վրաստանի կրօնական բոլոր համայնքների ներկայացուցիչները: Ներկայ էին Վրաց ուղղափառ եկեղեցու Փոթիի եւ Խոբիի միտրոպոլիտ Գրիգոլ Բիրբիճաշվիլին եւ Բոդբէի Իակոբ եպիսկոպոս Իակոբիշվիլին: Իրենց մասնակցութիւնն էին բերել Եւրոպայի ժողովրդական կուսակցութեան եկեղեցիների եւ կրօնական համայնքների հետ երկխօսութեան աշխատանքային խմբի համանախագահներ Գիորգի Հոլվենը եւ Իան Օլբրիխտը: Վիրահայոց թեմը ներկայացնում էին «Յովհաննէս Թումանեանի տուն» գիտամշակութային կենտրոնի հոգեւոր տեսուչ Կիրակոս քահանայ Սիմոնեանը եւ թեմի իրաւական հարցերի եւ համագործակցութեան բաժնի տնօրէն Միքայէլ Աւագեանը:
Կոնֆերանսի օրակարգում ընդգրկուած էր նաեւ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանի ելոյթը «Եկեղեցու դերը եւ Կրօնական համայնքները Եւրոպական ինտեգրման գործընթացում» թեմայով: Ելոյթը ներկայացրեց Միքայէլ Աւագեանը: Թեմակալ առաջնորդի ելոյթում անդրադարձ կատարելով Եւրամիութեանը կրօնական համայնքների ինտեգրման գործընթացին, կարեւորուել էր այդ նորմերի (կանոնաչափերու-Խմբ.) ներդաշնակումը Վրաստանի իրատեսութեանը: Ելոյթում հանգամանալից խօսւում էր այն դրական մօտեցումների մասին, որոնք իրականացւում են Վրաստանի իշխանութիւնների կողմից կրօնական փոքրամասնութիւնների նկատմամբ, թերեւս բարձրացուած էին նաեւ այն խնդիրները, որոնք դեռեւս առկայ են Վրաստանում: Դրանք խորհրդային տարիներին բռնագրաւուած տաճարները իրաւական սեփականատէրերին վերադարձնելու, հարկագանձումների, ԶԼՄների կողմից կրօնական փոքրամասնութիւնների գործունէութեան լուսաբանման հարցերն են:
Քննարկուող հարցին Վիրահայոց թեմի տեսակէտը եւ մօտեցումները բարձրաձայնեց Կիրակոս քահանայ Սիմոնեանը, որ կարեւորեց հանդուրժողականութիւնը եւ եկեղեցու դերը այդ նորմի պահպանութեանը: Անդրադարձ կատարելով մարդու իրաւունքների եւ ազատութիւնների պաշտպանութեանը, տէր Կիրակոսը ընդգծեց նաեւ հոգեւոր արժէքների պահպանումը, յարգելով ազատութեան եւ իրաւունքի ընդունուած նորմերը:
կոնֆերանսում լսուեցին վրաց ուղղափառ եկեղեցու եւ միւս կրօնական կազմակերպութիւնների գնահատականները եւ մօտեցումները:
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ
ՈՒՂՂԱՓԱՌ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ