Արցախի հերոս, Արցախի Հանրապետութեան նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկեանը իր «Ֆէսպուք»ի էջին վրայ կատարած է հետեւեալ գրառումը.
«Երէկ (Յուլիսի 13ին) տեղի է ունեցել անհիմն խուզարկութիւն
Երեւան քաղաքի ընդհանուր իրաւասութեան դատարանը 10 Յուլիս 2018թ. որոշմամբ բաւարարել է ՀՀ Յատուկ քննչական ծառայութեան խուզարկութիւն կատարելու միջնորդութիւնը, որի հիման վրայ երէկ՝ Յուլիսի 13ին, խուզարկութիւն է կատարուել Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների կողմից հիմնադրուած «Մետաքսկոմբինատ» ՓԲ ընկերութիւնում գործունէութիւն ծաւալող 11 իրաւաբանական ընկերութիւններում, Մեծ Թաղեր գիւղում գտնուող իմ հայրական առանձնատանը, նրա յարակից շինութիւններում եւ Տողի «Նոր Կեանք» ջրաշխարհում, նպատակ ունենալով յայտնաբերելու 2016 թուականի Ապրիլին Հայաստանից եւ արտերկրից ստացուած օգնութիւններ եւ օրէնքով արգելուած այլ իրեր:
Համաձայն դատարանի վերը նշուած որոշման, ես, իբր, իւրացրել եմ տրամադրուած օգնութիւնը, որի մի մասն էլ փոխանցել եմ Մանուէլ Գրիգորեանին:
Այս աստիճան խայտառակ եւ շինծու մեղադրանքները կարելի է սպասել միայն չկայացած դատաիրաւական համակարգից:
Գրաւոր դիմել եմ Արցախի Հանրապետութեան Գլխաւոր դատախազին եւ ԱԱԾին՝ նմանատիպ խայտառակ որոշման գործադրումը Արցախի Հանրապետութիւնում յանձն առնելը պարզաբանելու նպատակով:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ ԱԱԾի կողմից տրամադրուած օպերատիւ տուեալներին, դիմում եմ Հայաստանի Հանրապետութեան ԱԱԾ տնօրէնին՝ ուսումնասիրել ձեռք բերուած օպերատիւ տուեալները՝ հաշուի առնելով այն հանգամանքը, որ 2015 թուականի Մայիսից ընդհանրապէս չեմ շփուել Մանուէլ Գրիգորեանի հետ, Ապրիլեան պատերազմի ժամանակ հանդիպել եմ նրան 2 անգամ՝ ԱՀ նախագահի պաշտօնական ընդունելութիւնների ժամանակ:
Ամենակարեւորը, ՀՀից եւ արտերկրից ստացուած օգնութիւնների ստացման եւ բաշխման յանձնաժողովի համակարգող չեմ եղել, եղել եմ միայն օգնութիւն ուղարկող իրաւաբանական եւ ֆիզիկական անձանց խորհրդատուութիւն տրամադրող, եւ յանձնաժողովի քարոզչական մասով պատասխանատու:
Պարոնա՛յք, մի խայտառակէք «ռեսպուբլիկան»:
Ակնկալում եմ Արցախի Հանրապետութիւնում քաղաքական գնահատական տեղի ունեցածի մասով, եթէ օպերատիւ տուեալները Արցախի Հանրապետութեան կառավարութիւնը եւ պատկան մարմինները չեն տրամադրել:
Յ.Գ.- Ի դէպ, իմ առանձնատունը խուզարկուել է 3 անգամ. առաջին երկուսը խորհրդային զօրքերի եւ ադրբեջանական ՕՄՕՆի կողմից՝ համագիւղացիներիս բռնութեան գործադրմամբ, իսկ վերջինը, ինչպէս կ՛ասէր, «Շմայսը»՝ քաղաքավարի ներխուժել են օրէնքի տառին համապատասխան:
aparaj.am