Սոյն թուականի Յուլիսի 11ին Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան (ՄԱԿ) պաշտօնական կայքէջում հրապարակուել է Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան յուշագիրը՝ Արցախում եւ Ադրբեջանում պատմութեան եւ մշակոյթի յուշարձանների վիճակի վերաբերեալ: Աւելի վաղ Արցախի ԱԳՆ յուշագիրը՝ որպէս պաշտօնական փաստաթուղթ, տարածուել է ՄԱԿում, ինչպէս նաեւ ԵԱՀԿում եւ Եւրոպայի խորհրդում:
Փաստաթղթում ընդգծւում է, որ Արցախի Հանրապետութեան տարածքում բոլոր ճարտարապետական յուշարձաններն Արցախի սեփականութիւնն ու ժառանգութիւն են, ներառուած են Արցախի Հանրապետութեան պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձանների պետական ցանկում եւ գտնւում են պետութեան պահպանութեան տակ:
Լինելով միջազգային հանրութեան պատասխանատու անդամ եւ մեծ կարեւորութիւն տալով պատմութեան եւ մշակոյթի յուշարձանների պահպանութեանը՝ Արցախի Հանրապետութիւնը կամաւոր հիմունքներով պատասխանատուութիւն է ստանձնել, որը բխում է Եւրոպական մշակութային կոնվենցիայից (համագումարի), Հնագիտական ժառանգութեան պահպանութեան մասին Եւրոպական կոնվենցիայից եւ Եւրոպայի ճարտարապետական ժառանգութեան պաշտպանութեան մասին կոնվենցիայից: Համապատասխան վաւերագրերն ուղարկուել են Եւրոպայի խորհրդի Գլխաւոր քարտուղարին 2014թ. Դեկտեմբերի 22ին եւ 2015թ. Յունիսի 30ին: Ստանձնած պարտաւորութիւնների համաձայն՝ իւրաքանչիւր տարի Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների կողմից միջոցներ են յատկացւում պատմական յուշարձանների պահպանութեան նպատակով՝ անկախ դրանց ծագումից:
Փաստաթղթում փաստեր են ներկայացւում, որոնք հերքում են Ադրբեջանի մեղադրանքները՝ Արցախի տարածքում մահմեդական յուշարձանների իբրեւ ոչնչացման վերաբերեալ: Յուշագրում նշուած է, որ կեղծ մեղադրանքներից բացի Ադրբեջանը որեւէ ապացոյցներ չի ներկայացնում եւ փորձում է իր իսկ մօտեցումներն ու գործողութիւնները վերագրել հայկական կողմին: Այս համատեքստում ընդգծուած է, որ խորհրդային ժամանակահատուածում եւ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ոչնչացուել են Արցախի տարածքում գտնուող հայկական 167 եկեղեցիներ, 8 վանական համալիրներ եւ 123 գերեզմանատներ: Այսօր նոյնպէս Ադրբեջանը շարունակում է հայկական յուշարձանների ոչնչացման նպատակաուղղուած քաղաքականութիւնն իր վերահսկողութեան տակ գտնուող տարածքներում: Աւելին, խաղաղ ժամանակ ադրբեջանական իշխանութիւններն ամբողջութեամբ կամ մասնակի ոչնչացրել են բոլոր հայկական պատմական եւ մշակութային յուշարձանները Նախիջեւանում, որտեղ 20րդ դարի վերջին կային թուով 218 հայկական քրիստոնէական վանքեր, եկեղեցիներ, զանգակատներ, աւելի քան 4500 խաչքարեր եւ միայն 6 մզկիթներ:
Փաստաթղթում մտահոգութիւն է յայտնւում Ադրբեջանի իշխանութիւնների փորձերի կապակցութեամբ՝ Արցախում եկեղեցիների կառուցումը մեկնաբանել որպէս միջազգային մարդասիրական իրաւունքի խախտում եւ այն օգտագործել՝ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեանը կրօնական բնոյթ հաղորդելու համար:
Այս համատեքստում ընդգծուած է, որ Միջազգային մարդասիրական իրաւունքի մէջ չկայ որեւէ դրոյթ, որը սահմանափակի կրօնի ազատութեան իրաւունքի իրացումը, այդ թւում՝ եկեղեցիների կառուցումը: Հայերը սկսել են եկեղեցիներ կառուցել աւելի քան 1700 տարի առաջ՝ մինչ Ադրբեջանի յայտնուելը: Արցախի դիրքորոշմամբ՝ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութիւնը կրօնական չէ, բայց իրենից ներկայացնում է երկու արժեհամակարգերի բախում, որն արտայայտւում է Արցախի կողմից՝ ազատութեան եւ ժողովրդավարութեան ձգտման, իսկ Ադրբեջանի կողմից՝ Արցախի ժողովրդին իր ճակատագիրն ինքնուրոյն որոշելու անքակտելի իրաւունքից ուժի միջոցով զրկելու փորձի մէջ:
Յուշագիրը ներառում է նաեւ բազմաթիւ լուսանկարներ, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից հայկական յուշարձանների նպատակաուղղուած ոչնչացման եւ պղծման մասին:
Արցախի Հանրապետութեան ԱԳՆ յուշագիրը հասանելի է ՄԱԿի կայքէջում հետեւեալ յղումով՝ http://www.un.org/en/ga/search/view_doc.asp?symbol=A/72/876&referer=/english/&Lang=E: